«2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Արշավի մասին մանրամասն կարող եք կարդալ ստորև:
Արշավի իմ ուղերձը հետևյալն էր. «Մենք որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին և միջնորդ երկրներին՝ երբեք և երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանցի երիտասարդ զինվորների կյանքը։ Մենք կոչ ենք անում բոլոր կանանց, ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետությունների ղեկավարների տիկիններին՝ միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ և հզոր կլինի»:
Այս մասին գրել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր պաշտոնական կայքում:
«Արշավի վերջնանպատակն էր ոտքի հանել հարյուր հազարավոր հայ կանանց, ովքեր օրինակ կծառայեին, քաջություն կփոխանցեին բռնապետության մեջ ապրող ադրբեջանցի կանանց, և վերջիններիս ճնշման արդյունքում իսկապես հնարավոր կլիներ կանխել լայնածավալ պատերազմը, հակամարտության լուծման այլ ճանապարհ որդեգրել։
Եվ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռությանը (թող ինձ ներեն այն հատուկենտ կանայք, ովքեր աջակցություն էին հայտնում արշավին, և բոլոր նրանք, ովքեր դա անում էին ֆեյսբուքյան քոմենթի տեսքով): Արշավի պաշտոնական էջի «Ես աջակցում եմ» բաժնում գրանցվել են 790 անհատ և 17 կազմակերպություն։
Չէին կարող իհարկե հայ մայրերը համաձայն չլինել արշավի ուղերձի հետ և ասել՝ ո՛չ, մենք ուզում ենք, որ և՛ մեր, և՛ ադրբեջանցի երեխաները զոհվեն պատերազմում: Հնարավոր չէ նման բան:
Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը:
Խնդիրն այն էր, որ արշավի մեկնարկին զուգահեռ հրապարակ նետվեց հետևյալ թեզը. «Դու այդ ո՞վ եղար, որ հայ կանանց անունից խաղաղություն ես մուրում: Հայ կինը խաղաղություն մուրացող չէ, խաղաղություն պարտադրող է։ Հայ կինը ոչ միայն առյուծածին է, այլև առյուծ և հարկ եղած դեպքում զենք կվերցնի և ինքը իր որդու հետ կզոհվի մարտի դաշտում, բայց խաղաղություն չի մուրա»:
Ես ասում էի նաև, որ Ապրիլյան պատերազմը լուսաբանելիս բացարձակապես նույն վախն եմ տեսել և՛ հայ, և՛ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների հայացքներում, որ վստահ եմ՝ մեր տղաները կրկին հերոս կլինեն մարտի դաշտում, բայց եկեք չդրդենք նրանց այդ հերոսությանը: Սրան ի պատասխան հրապարակ նետվեց մեկ այլ թեզ. «Ի՞նչ վախ, ինչպե՞ս ես համարձակվում հավասարության նշան դնել մեր զինվորի և ադրբեջանցի զինվորի միջև, հայ մայրը միայն անվախ, քաջ զինվոր է ծնում»:
Ահա այս փուչ նախադասությունները բավարար եղան հայ կանանց կառավարելու և զսպելու համար: Վախը, որ կընկնեն «դավաճանների ցուցակ», կմեղադրվեն խաղաղություն մուրալու, հայ և ադրբեջանցի երեխաների միջև հավասարության նշան դնելու համար, այնքա՜ն զորավոր էր:
Իսկ որ նախադասությունները փուչ էին, երևաց պատերազմի ժամանակ: Հայաստանում ապրում է 18 տարին լրացած 1 միլիոն 231 հազար 584 կին: Սփյուռքում բնակվող մի քանի միլիոն առյուծ հայ կանանց մասին էլ չեմ խոսում: Երբ պատերազմի ընթացքում երկրի ղեկավարը կոչ արեց բոլորին, այդ թվում՝ կանանց և աղջիկներին ջոկատներ կազմել, կազմվեցին մեկ ջոկատ՝ «Էրատո»-ն (12 հոգի) և մեկ վաշտ՝ «Սոսե»-ն (100 հոգի)։
Եվ մեր զավակները միայնակ մնացին դավադիր և անհավասար պատերազմում թշնամուն դեմ հանդիման: Եվ իհարկե նրանք հաղթահարեցին իրենց վախերը, անմարդկային կռիվ տվեցին, հերոսացան, շատերն ընկան հերոսի մահով:
Երկու տարի է՝ մտածում եմ՝ արդյոք այդ ե՞ս բավարար ջանք չներդրեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեջ: Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, համառությունը բավարար պետք է լինեին ինքնակազմակերպվելու համար:
Մենք ունենք հարյուրավոր կանանց միություններ, խորհուրդներ, ասոցիացիաներ, կոլեկտիվներ, հասարակական կազմակերպություններ, հայտնի/հեղինակավոր կանայք՝ արվեստի, գիտության, քաղաքականության և բազմաթիվ այլ բնագավառներում։ Նրանց մի մասը, օրինակ՝ Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի առիթով մեծ ակտիվությամբ ինքնակազմակերպվում է բեմերի ու խնջույքների սեղանների շուրջ և խանդաղատանքով լսում առյուծներ ծնող, իր հայրենիքն ու օջախը պաշտող ու պահպանող հայ կնոջ տեսակին նվիրված ոտանավորներ: Մյուս մասը սեմինարներ ու ֆորումներ է կազմակերպում՝ նվիրված կնոջ դերի և նշանակության բարձրացմանը։ Մի տեղ ամպագոռգոռ ելույթներ են ունենում, մյուսում՝ ասում, խոսում, ուրախանում։ Տոնացուցային այս երկու օրերից առաջ և հետո սակայն իրական կյանքն է, որն իր օրենքներն ունի, և դրանք հիմնականում նրա մասին են, թե կինն ինչ իրավունք չունի անել, ինչպես պետք է իր չափերի մեջ ապրի և, որ ամենակարևորն է՝ ճի՛շտ սգա, համոզի՛չ, մաքսիմալ տեսանելի՛, բարձրաձա՛յն։
Փաստ չէ, իհարկե, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը կկանգնեցներ պատերազմը: Բայց մենք չգիտենք էլ, որովհետև չենք գործել: Եվ խնդիրը անգամ դա չէ, այլ պատասխանատվություն վերցնելն ու դիրքորոշում արտահայտելու քաջություն ունենալը, գոնե այն դեպքում, երբ սեփական զավակիդ կյանքի ու մահվան հարցն է որոշվում:
Չեմ ուզում հավատալ, որ առավելագույնը, ինչին ընդունակ է հայ կինը, աղոթելը կամ անիծելը և կամ՝ իր հերոսների հետևից հետմահու լացելն է։
Հ.Գ. Արդեն երկու տարի է՝ համահայկական քննարկում է գնում, թե ինչու ենք ջոկատի համար ընտրել Էրատո թագուհու անունը: Այն, որ նա Տիգրան Մեծի ժառանգը և Հայոց պատմության մեջ առաջին կառավարող թագուհին է, ուշադրության արժանի հանգամանքներ չեն երևի։ Պարտված թագուհի է՝ ասում են: Իսկ գուցե պարտվել է, որովհետև թագավորության մեջ վխտացել են օտար կայսրությունների շահերը սպասարկող, Հայոց պետականությանը մեջքից հարվածող թուլամորթ դավաճաննե՞րը։ Կարծում եմ՝ սա վարկած է, որ իրավունք ունի գոյություն ունենալ»,- գրել է վարչապետի տիկինը:
