Ոստիկանությունը երեկ Սարդարապատում փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափատ հայրապետը «եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակադրմամբ», լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Պետք է արձանագրենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը, նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել», – պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր երեկ խոչընդոտվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և այլ հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք, նշեց վարչապետը։
Նա հավելեց, որ Վեհափառը հրավեր չի ունեցել, և իրենք էլ տեղեկություն չեն ունեցել, որ նա ակնկալում է այն։
«Երեկ երբ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջացառման վայր, ոստիկանությունը փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափատ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակադրմամբ, և երբ ստացել են հավաստիացումներ, որ այն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե եթե Բագրատ սրբազանի շարժմանը չէր մասնակցում կաթողիկոսը, այդ դեպքում թույլատրվեց նրա մուտքը, Փաշինյանը արձագանքեց. – «Խնդիրը որևէ շարժման մասնակցել-չմասնակցելու մեջ չէ, ՀՀ ցանկացած քաղաքացի ունի իրավունք և ազատություն՝ մասնակցելու կամ չմասնակցելու որևէ շարժման, խոսքը սրա մասին է՝ նպատակը պետական արարողակարգային միջոցառմանը խոչընդոտելն է, թե չէ»։
Նա հավաստիացրեց՝ ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա. – «Եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա պետք է տեսնեք ուրիշ տեղ, և այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության հետ»։