«Դատավորների հետ հարցեր լուծելու արենա է բացվել, և դատավորը ամեն անգամ պետք է ապացուցի, որ «ուղտ» չէ». Հովհաննես Քոչարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Հովհաննես Քոչարյանը

– Պարո՛ն Քոչարյան, Բարձրագույն դատական խորհուրդը օրերս դատավորնեից մեկին խիստ նկատողություն հայտարարեց: Դուք՝ որպես գործող փաստաբան, ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, և արդյոք այդ որոշումը կարո՞ղ է կիրառվել ճնշում դատավորի վրա՝ անկախ անձերից:

– Ինձ համար ակնհայտ է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների ակտիվացումը վեթինգի յուրօրինակ դրսևորման հերթական փուլն է: Եթե հիշում եք՝ վեթինգը Հայաստանում ապրեց դրսևորման զանազան ուղղություններ:

Սկզբում խոսում էին, որ բոլորը պետք է սահմանադրական փոփոխությունների միջոցով վեթինգի ենթարկվեն, ինչը չեղավ: Հետո հայտարարվեց, որ գույքային վեթինգ է կիրառվելու, հետո խոսվեց կրիմինալ դրսևորումների մասին, հիմա արդեն կիրառվում է վեթինգի չորրորդ դրսևորումը՝ կարգապահական վարույթների տեսքով:

Այս մեթոդը կիրառվում է այն դատավորների նկատմամբ, որոնք որոշ օղակների որոշմամբ, արժանի չեն դատավոր լինելու: Արդարադատության հարգարժան նախարարը չի թաքցրել և այդ մասին բարձրաձայնել է՝ հայտարարելով, որ որոշ դատավորներից համակարգը պետք է մաքրվի:

Այնպես որ, առաջիկայում դատավորների հետ կապված ամեն որոշման ականատես ենք լինելու:

Ինչ վերաբերում է ճնշման գործիք լինելուն, ապա իհարկե, այդ ո՞ր գործիքը չի կարող կիրառվել որպես ճնշում. որտեղ կա հարկադրանքի կիրառման իշխանական հնարավորություն, այնտեղ կարող է լինել և՛ ճնշման, և՛ չարաշահման հնարավորություն:

– Դուք ասում եք՝ որոշ օղակներում արդեն որոշվել է՝ որ դատավորը պետք է ազատվի պաշտոնից, մյուս կողմից՝ եթե նման որոշում կա, արդյոք տվյալ դատավորի լիազորությունները պարզապես չէի՞ն դադարեցնի, թե՞ չէին կարող:

– Կախված խախտման բնույթից, կախված դրա պարբերականությունից է որոշումը կայացվում: Այնպես չէ, որ ցանկացած դատավորի լիազորություն ցանկացած պահի կարող են դադարեցնել:

Խնդիրն այն է, որ որոշում է կայացվել կարգապահական վարույթի միջոցով շտկումներ մտցնել դատավորական կորպուսում, և իշխանությունները կարծում են, որ կան դատավորներ, որոնք չպետք է աշխատեն կամ իրենց գործունեության մեջ ռեալ փոփոխություններ պետք է մտցնեն: Իշխանությունը կարծում է նաև, որ նրանք արժանի չեն, կամ թերություններ շատ են թույլ տալիս, հետևաբար պետք է միջամտել, պետք է, կոպիտ ասած, բերել օրինական դաշտ: Սա իշխանական վարկածն է: Կա վարկած, որ կոնկրետ գործերով իրականացվում է կոնկրետ թիրախավորում:

Հիմա մենք որպեսզի ամեն անգամ հասկանանք, թե ՛որ վարկածն է ճիշտ, ո՛րը՝ սխալ, ապա պետք է սկսենք վերլուծել նրանց վարույթի գործերը:

– Պարո՛ն Քոչարյան, այս որոշումը կարո՞ղ է կանաչ լույս վառել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով ԲԴԽ-ին ուղղվող դիմումների համար: Այսօր էլ հայտնի դարձավ, որ պատգամավորներից մեկի փաստաբանը Վերաքննիչ դատարանի դատավորի դեմ բողոք է ներկայացրել ԲԴԽ:

– Այո՛, անպայման: Բոլորը հասկանալու են, որ դատավորների հետ հարցեր լուծելու լրացուցիչ մի արենա է բացվել: Նույնիսկ այն գործերով, որոնք չունեն քաղաքական ենթատեքստ, քաղաքական երանգավորում, շահագրգիռ բոլոր կողմերը կարող են հանգիստ միմյանց թիրախավորել:

Ամեն դեպքում դա կարող է ակտիվացնել վարույթները, կարող են դատավորների նկատմամբ սկսվել հաշվեհարդարի փորձեր: Միգուցե դրանք արդյունքի չհասնեն, բայց այն հանգամանքը, որ դատավորը ժամանակ ու ռեսուրս է ծախսելու ամեն անգամ ապացուցելու, որ ինքը «ուղտ» չէ, դա արդեն իր բացասական հետքն է թողելու նրանց աշխատանքի արդյունավետության վրա:

Դրա մեջ լավ բան ես չեմ տեսնում:

– Դա կարո՞ղ է կաշկանդել դատավորներին իրենց որոշումները կայացնելիս:

– Իհարկե, միանշանակ կարող է կաշկանդել: Կներեք, նրանք ստանում են բարձր աշխատավարձ, այդ աշխատավարձի այլընտրանքները մասնավոր շուկայում ոչ բոլորն ունեն, և, բնականաբար, աշխատանքը պահելու և անհարմար վիճակում չհայտնվելու համար փորձելու են զգույշ լինել, համակերպվել, զգուշանալ, մտնել ստանդարտացման դաշտ, ինչը, իհարկե, ազդելու է արդարադատության որակի վրա:

Վերջին հաշվով, սա նոր արենա է, որտեղ կարող են լուծվել իրավաբանական վեճեր. արդյունքի չես հասնում, դատավորից նեղանում ես և ի՞նչ պետք է անես, իհարկե բողոքես ԲԴԽ: Դե, դատավորն էլ թող նեղություն կրի: Ես կարծում եմ, որ նման իրավիճակը շատ վատ է:

Այո՛, սա վեթինգի դրսևորում է, որը, կարծում եմ՝ որոշակի տակտիկական հաջողությունների կբերի, բայց խոշոր հաշվով դատական իշխանության անկախության հիմքերը սասանվելու են: Սա ծայրահեղություն է, հասկանո՞ւմ եք: Նախկինում էլ կար ծայրահեղություն, երբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը փաստաբանի համար համարվում էր մեծ հաջողություն, միմյանց աչքալուսանք էին տալիս: Բայց հիմա էլ այլ ծայրահեղություն է՝ դատավորի նկատմամբ վարույթ հարուցելը դարձել է խնդիրներ կարգավորելու ձև:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am