Լիտվայում ՀՀ դեսպանը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Արցախյան երրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 17֊ին տեսահանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդարանի անդամ, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Լիտվայի նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Անդրիուս Կուբիլիուսի և Լիտվայի պաշտպանության նախկին նախարար, Եվրոպայի խորհրդարանի անդամ Ռասա Յուկնյավիչիենեի հետ։ 

Այս մասին տեղեկացնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է Արցախյան երրորդ պատերազմից հետո ՀՀ֊ում և Արցախում ստեղծված իրավիճակն ու վերջին շրջանի զարգացումները։ Հատուկ շեշտվել է գերիների խնդրի լուծման հրատապությունը՝ որպես հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված կարևորագույն հարց:

Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները, Արևելյան գործընկերության համատեքստում համագործակցության խորացման հնարավորությունները։Լիտվացի պատգամավորները ողջունել են առաջիկա օրերին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը: