«Ինչ-որ «ադեկվատներ» և տարբեր տրամաչափերի սադրիչներ երկար ժամանակ լեզուն մի տեղ մտցրած ապրում էին, բայց հանկարծ այսօր բլբուլ կտրած լցվել են փողոց». Աշոտ Ադամյան

«Ինչ-որ «ադեկվատներ» և տարբեր տրամաչափերի սադրիչներ երկար ժամանակ լեզուն մի տեղ մտցրած ապրում էին, բայց հանկարծ այսօր բլբուլ կտրած լցվել են փողոց». Աշոտ Ադամյան
«Ինչ-որ «ադեկվատներ» և տարբեր տրամաչափերի սադրիչներ երկար ժամանակ լեզուն մի տեղ մտցրած ապրում էին, բայց հանկարծ այսօր բլբուլ կտրած լցվել են փողոց». Աշոտ Ադամյան

Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը։ 

– Պարո՛ն Ադամյան, հեղափոխությունից մեկ տարի անց ի՞նչ եք արձանագրում, ի՞նչ է փոխվել Հայաստանում։

– Իհարկե տեղաշարժերն ակնհայտ են։ Դեռ հեղափոխության օրերին ես հենց այնպես չէի ասել, որ դժվար օրերը սպասվում են հեղափոխությունից հետո, որովհետև հեղափոխության առաջին օրը չի նշանակում հեղափոխության հաղթանակ։ Մենք նաև ինքներս մեզանից ժամանակ ենք պահանջում, որպեսզի կարողանանք այդ ախոռները մաքրել։

Պատկերացրեք՝ ավերումները, որոնք մենք ստացել ենք այդ ավազակային իշխանությունից, սարսափելի մեծ են։ Եվ կարծում եմ՝ ժամանակ է պետք այդ խնդիրները լուծելու համար։ Այսինքն՝ հեղափոխությունն ընթացքի մեջ է, փոփոխություններն ակնհայտ են։

Նույնիսկ կան որոշակի բացասական երևույթներ, ինչ-որ «ադեկվատներ» կան և տարբեր տրամաչափերի սադրիչներ։ Սա էլ է խոսում այն մասին, որ լեզուները բացվել է։ Այն, որ լեզուն մի տեղ մտցրած ապրում էին երկար ժամանակ, բայց հանկարծ այսօր բլբուլ կտրած լցվել են փողոց, արձանագրում ենք, որ դա ևս փոփոխությունների, ժողովրդավարության արդյունք է, անձի ազատության սկզբունքն է գործում։ Բայց դա չի նշանակում, որ լկտիին չպետք է սաստել ու սանձել։

Կարծում եմ՝ ծեծի կարոտը աչքներին ման են գալիս, առիթ են փնտրում, որ իրենց մեկը հայհոյի, թքի երեսներին կամ արյունլվա անի։ Ես սա ցավով եմ ասում, իրենք այդ պահանջն ըստ երևույթին ունեն, բայց չեն հասնի դրան, քանի որ շատ էժանագին միջոցների են դիմում։

– Բարեփոխումները չե՞ն ուշանում։

– Չէին կարող չուշանալ, որովհետև բոլոր ոլորտները նույն հարվածն են ստացել, ինչպես մեր արդարադատությունը։ Այնպես որ, սիրելի ժողովուրդ, անելիք շատ ունենք, և դա միայն մեր վարչապետի անելիքը չէ։ Յուրաքանչյուրս պետք է օգնենք, որ այս երկիրը վերջապես երկիր դարձնենք մեր և մեր երեխաների համար։

– Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ ստեղծված իրավիճակը կարծես պատճառ դարձավ, որ իշխանությունները որոշեցին կտրուկ վիրահատական միջոցներ կիրառել դատական համակարգում։ Տեղյակ եք, որ դատավորների նկատմամբ վեթինգ պետք է իրականացվի, ի՞նչ կարծիք ունեք այդ գործընթացի վերաբերյալ։ Նաև արդարադատության նախարարը չի բացառում, որ վեթինգի հետևանքով որոշ դատավորներ կարող են ունեզրկվել։

– Ես կարծում եմ՝ նախարարը շատ ճիշտ է ասել՝ պետք է նաև ունեզրկումներ էլ լինեն։ Վերջապես ի՞նչ է նշանակում վեթինգ։ Ես հակված եմ հավատալու դատավորին, ով ասում է՝ ես ազնիվ եմ աշխատել։ Հարցնում ենք՝ որ թվից ես աշխատել, բացում ենք ենք գործերը, նայում ենք՝ ադեկվա՞տ են արդյոք իր կայացրած վճիռները։

Երկրորդ՝ չափ ու սահման կա, թե մարդ ինչքան կարող է վաստակել իր աշխատանքի միջոցով։ Եթե ունեցվածքն աննորմալ չափերի է հասնում, և զարմանալի ծագում ունեցող գումարներ կան, պետք է դա պարզաբանվի։ Զարմանալի է, չէ՞, որ որոշակի ոլորտների պաշտոնյաներն ու իրենց կանայք են նվիրատվություններ ստանում։

Խեղճ կոշկակարը երբևիցե մեկ կամ երկու միլիոն դրամ նվեր չստացավ։ Մենք երեխա չենք, շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում որևէ ոլորտում աշխատել և խախտումների, գռփումների, կամակատարության, ուղղորդման հետևանքով հարստանալ։ Սա պետք է սանձել, սաստել, իհարկե, նաև պետք է գնալ ունեզրկման ճանապարհով։ Հարկատուն մենք ենք, մեր գրպանն են մտել։

– Մեկ տարի անցավ, այդ ընթացքում դատական համակարգում կտրուկ փոփոխություններ չարվեցին, ինչո՞ւ։ Գուցե սպասում էին, որ ինքնամաքրման գործընթա՞ց կլիներ։

– Այդ համակարգը չի ինքնամաքրվի։ Ինձ էլ են շատ մոտենում ու հարցնում՝ ինչո՞ւ դա շուտ չարվեց։ Ինչ եք կարծում՝ արդյոք հնարավո՞ր էր այդպես բուխտ ու բրախտի անել։ Ես կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէր լինի հեղափոխությունից մեկ օր անց բոլորին մեկ սանրով սանրել, գերանդին գցած՝ կտրելով գնալ, թեև համաշխարհային պատմության մեջ մենք տեսնում ենք հեղափոխությունների հետևանքով նման կտրուկ փոփոխություններ։

Մեր վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, որ զանգով չի լինելու, վերջապես լինելու է օրենքի երկիր։ Ես հակված եմ ունենալու օրենքի երկիր՝ վարչապետը կլինի Պողոսը, Պետրոսը թե ես, ասաց, զանգով ուղղորդում չպետք է լինի։ Ես համաձայն եմ դրան, դա ամենադժվար ճանապարհն է, բայց միակ ճիշտն է։ Դուք ճիշտ նշեցիք՝ այո՛, Ռոբերտ Քոչարյանի գործը այս ամենն ընդգծեց։ Մենք գիտեինք, չէ՞, թե ում հետ գործ ունենք։

Եթե հիմա հանկարծ այս դատական համակարգը, սատանի ականջը խուլ, արդարացնի նրան, դա նշանակում է՝ նա արդա՞ր է։ Մենք նման օրինակներ շատ ունենք, աչքներիս առաջ դատական համակարգը արել է նման բաներ։ Իմ ասածը բոլոր դատավորներին չի վերաբերում, կեցցեն այն դատավորները, որոնք իրենց մեջ ունեցել են մարդկային, ազատության ու արժանապատվության ստեղներ։ Բայց մեծ մասը, ցավոք, եղել է կամակատարներ։ Սա բետոնացվեց, և այսօր մենք ավելի լավ ենք պատկերացնում այդ համակարգի մխտռվածությունը։

– Այլ ոլորտներում և՞ս պետք է վեթինգ իրականացվի։

– Այո՛, ես կարծում եմ՝ հերթով բոլոր ոլորտներում վեթինգի խնդիրը կա, որովհետև բոլոր ոլորտներում տեղի է ունեցել անօրինական հազար ու մի բան։ Երկնքից իջած ոլորտներ չկան, որոնք փրկվել են այդ զարհուրելի հարվածներից։ Մենք բոլորս տեսել ենք և տեսնում ենք, թե ինչպիսին են մեր համակարգերը, բուժման կարիք ունեն։

– Երկա՞ր ժամանակ կպահանջվի այդ բուժման համար։

– Չեմ կարող ժամկետ ասել, բայց եթե գործընթացն սկսվել է, իհարկե, մանրակրկիտ ուսումնասիրության կարիք կա։ Հարցնում են՝ մի՞թե 100 տոկոսին պետք է վերաբերի վեթինգը։ Ո՛չ, 100 տոկոսին չէ։ Այդ օրենքների ընդունման ժամանակ մեր Ազգային ժողովն ու դատական համակարգը պետք է կողմնորոշվեն, թե ժողովուրդը ինչ աստիճանից հետո թույլ կտա որոշակի թերացումների հանդեպ ներողամիտ լինել։ Ներողամիտ լինել, ոչ թե լրիվ ներել։ Ավազակը պետք է զգա, որ ինքն այլևս ավազակություն չի կարող անել։

– Մենք նաև տեսնում ենք, որ այս փուլում կեղծ տեղեկատվությունը, մանիպուլյացիան մեծ տեղ են զբաղեցնում, որոշ ուժեր հսկայական ռեսուրսներ են ծախսում հասարակությանն իշխանության դեմ տրամադրելու համար։ Մեկ տարի անց դուք մարդկանց տրամադրություններում փոփոխություններ նկատո՞ւմ եք։ Իշխանության դեմ գործող ուժերը հաջողվելու շանսեր ունե՞ն։

– Ո՛չ, նրանք հաջողության հասնելու շանսեր չունեն, որովհետև գնացքն իսկապես գնացել է։ Ես Հայաստան գալուց հետո նույնիսկ հասցրել եմ գնալ մարզեր, շփվել մարդկանց հետ։ Ընդհանուր տրամադրությունն այն է, որ նրանց գնացքը գնացել է։ Որոշ խառնափնթոր բաներ կան, փորձում են հանդարտ ջուրը պղտորել։

Այսպիսի բաներ կարող են տեղի ունենալ։ Իհարկե, այս դեպքում թիրախում այն մարդիկ են, ովքեր թերի կրթություն ունեն կամ թերինֆորմացված են, լսում են, բայց չեն հասկանում, որովհետև չեն տիրապետում, թե ինչ է կատարվում երկրում։ Իսկապես քաղաքականությունն ամեն մեկի հասկանալու բանը չէ, ինչպես և գիտությունը։ Հետևաբար, այս շարժերի մեջ վտանգված են այն մարդիկ, ովքեր ունեն թերի գիտելիքներ, թերինֆորմացիոն տարածքում են։ Ես էլ եմ անհամբեր, ես էլ եմ ուզում, որ ավազակին օր առաջ պատժած լինեին։ Բայց իմ սթափ մտածողությունն ասում է՝ այդպես չի կարելի, եղբայր։

Եթե գործն անում ես, պետք է անես հիմնովին, որպեսզի համակարգը մաքրվի։ Եթե անում ես ուժով, փրթելով, վաղն էլ մյուսը կփրթի։ Վեթինգն ավելի շատ ուղղված է նրան, որ, այո՛, անձերը պետք է պատասխան տան, բայց համակարգային մաքրման մասին է խոսքը։ Այսինքն՝ համակարգը պետք է ինքնակառավարվող սկզբունք ունենա, որ այդտեղ գողանալ չի կարելի, և սկզբունքը դրված է միայն ազնիվ, արժանապատիվ արդարադատության հիմունքների վրա։

Եթե այդպիսին չես, դատական համակարգը քեզ՝ որպես դատավորի, դուրս է հրավիրելու, որովհետև դու չես համապատասխանում անհրաժեշտ պահանջներին։ Մեզ այդպիսի համակարգ է պետք, ոչ թե մեկը գա հեքիաթներ պատմի, թե որքան լավն է ինքը։

Մարդուն գնահատում են՝ իր գործը տեսնելով, նրան ճանաչելով։ Հիմա թե ինչքան ժամանակ կպահանջվի այս ամենի համար, դժվար է ասել։ Կարծում եմ՝ նույնիսկ իշխանությունը չի կարող դա ասել։ Որքան էլ պահանջվի, պետք է գնալ այդ ճանապարհով՝ անվրեպ, առանց նահանջելու որոշել ու սկսել իրագործել դա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am