«ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են». Պարզաբանում

24-01-2019
757 դիտում
«ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են». Պարզաբանում

ՀՀ ՊԵԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Երեկ երեկոյան Yerevan.Today կայքը տեղեկություններ է հրապարակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի և պարգևատրումների վերաբերյալ: ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են:

Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նման պարգևատրումների չափեր ՊԵԿ-ում չկան:

Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ ստացված աշխատավարձերի վերաբերյալ  մանրամասն թափանցիկ տեղեկատվություն ներկայացնելու իրավական սահմանափակում գոյություն ունի, քանի որ  անձնական տեղեկատվության պահպանման և գաղտնիության իրավական նորմեր կան, որոնք չեն կարող հրապարակվել: Այնուամենայնիվ, նմանօրինակ տեղեկատվությունը  համապատասխան տեղեկատվական խողովակներով մշտապես հրապարակվում է «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով, որտեղ համապատասխան բացվածքներում կարելի է տեսնել պարգևատրումների ընդահանուր թվային պատկերը և այս ամենը թափանցիկ է:

Միաժամանակ նշենք, որ ՊԵԿ-ն ի տարբերություն մյուս պետական մարմինների  ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ և պարգևատրումներ տրամադրելու, որովհետև, օրինակ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով և դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների և պարգևատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը:

Մյուս կողմից, հարկ  է ընգծել, որ, օրինակ 2019-ին այդքան մեծ պարգևատրման չափեր սահմանված չեն: Թեև, այժմ 2019-ի թվականի բյուջեի մասին օրենքով և հարակից օրենսդրությամբ ներմուծված նոր գործիքակազմով և իրավակարգավորումներով ՊԵկ-ը փորձում է նորից պարգևատրման համապատասխան ու համարժեք չափ հայթայթել:

Հետևաբար 2018թ.-ին ՊԵԿ-ը` ունենալով հնարավորություն վճարել է պարգևատրումներ, որոնք էականորեն բարձր են պետական մյուս մարմինների պարգևատրումներից: Ընդ որում, պարգևատրումների համակարգից օգտվել են ոչ միայն ղեկավար անձինք, այլ հարակային և մաքսային բոլոր ծառայողները:

ՊԵԿ-ը կարծում է,  որ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է:

Հետևապես, ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգևատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում»: 

Լուսանկարը`«Ֆոտոլուր»