«Լինելով իշխող ուժ՝ թույլ չենք տա, որ պատգամավորներն անձնական շահին մղված օրենքներ անցկացնեն խորհրդարանում». Արսեն Ջուլֆալակյան

15-02-2019
1444 դիտում
«Լինելով իշխող ուժ՝ թույլ չենք տա, որ պատգամավորներն անձնական շահին մղված օրենքներ անցկացնեն խորհրդարանում». Արսեն Ջուլֆալակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

- Պարո՛ն Ջուլֆալակյան, ինչո՞վ է տարբերվում 7-րդ գումարման խորհրդարանը նախորդներից: Արդյոք խորհրդարանի դերը բարձրացե՞լ է:

- Ազգային ժողովի հիմնական գործառույթը, բոլորս գիտեք, օրենսդիր գործունեությունն է: Այս կառույցի նպատակը պետք է լինի, որ այն բոլոր օրենքները որոնք այստեղ մշակվում ու ընդունվում են, ի շահ հայ ժողովրդի լինեն: Այսինքն՝ պետք է վերականգնենք, կարգավորենք ամենատարբեր բնագավառներ, որտեղ կան խնդիրներ, որտեղ առհասարակ կարգավորումներ չեն եղել:

Միգուցե նախկինում պատգամավորները կամ կառավարության անդամները կտրված էին հասարակությունից, ոչ թե հասարակությունն էր կտրված իրենցից: Այսինքն՝ նրանք չէին բարձրացնում այն խնդիրները, որոնք արդիական էին հասարակության տարբեր շրջանակների համար: Ենթադրվում է, որ նախկին իշխանությունների օրոք ամենալուրջ խնդիրը հենց այդ կտրվածության խնդիրն էր, նրանք չէին տիրապետում երկրում տեղի ունեցող դժգոհությունների ալիքի չափին: Եվ իրոք այդ դժգոհությունները կային, ոչ ոք չի թաքցնում դա: Մենք ամեն ինչ փաստացի տեսանք:

- Այսինքն՝ այս իշխանությունների օրոք նույն իրավիճակի կրկնությունը պե՞տք է բացառվի: Դա հնարավո՞ր է:

- Բնականաբար պետք է բացառվի: Դա այն է, ինչը նորից կբերի դժգոհության ալիքի բարձրացմանը, ինչից ոչ մի իշխանություն ապահովագրված չէ: Այս դեպքում մի բան էլ ավելի ուժեղ կլինի դժգոհությունը, չէ՞ որ շատ մեծ հույսեր են կապված այս իշխանության հետ: Մաքուր իշխանություն է, թաթախված չէ ոչ մի լուրջ կոռուպցիոն կամ այլ սկանդալների մեջ: Այս իշխանությունից՝ և՛ ԱԺ-ից, և՛ Կառավարությունից, մարդիկ սպասում են լուրջ բարեփոխումներ: Ենթադրում եմ, որ նույնիսկ եթե միջին կարգի լինեն այդ բարեփոխումները, հասարակությունը դժգոհ կլինի: Դրա համար պետք է լավագույնս կատարել պարտավորությունները:

- Իրական բարեփոխումներ իրականացնելու ներուժն այսօր կա՞: Այս հարցը տալիս եմ, որովհետև վերջին ամիսներին մշտապես քննադատվել է կադրային քաղաքականությունը, այսօր էլ կան տեսակետներ, որ խորհրդարանի մեծ մասը երիտասարդ ու անփորձ պատգամավորներով է համալրվել: Ընդհանրապես, այս հարցը ինչո՞ւ է շահարկվում:

- Ես գրեթե չեմ կասկածում, ավելին, վստահ եմ, որ այդ փոփոխություններն անելու և՛ ներուժը, և՛ ցանկությունը կան: Ես կարծում եմ, որ այսօր բոլոր հնարավոր պայմանները կան երկրում դրական փոփոխություններ իրականացնելու համար: Ես ինքս տեսնում եմ, որ ինձ համար հիասքանչ հնարավորություններ են ստեղծվել, որպեսզի ԱԺ հանձնաժողովում, որի կազմում լինելու եմ, բոլոր խնդիրները բարձրացնեմ և, լինելով մեծամասնություն կազմող խմբակցության անդամ՝ կյանքի կոչեմ այդ օրենքները:

Վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր այն ծրագրերը, որոնք ունեմ, եթե կարողանամ իրականացնել, ինքս իմ աշխատանքը կարող եմ գերազանց գնահատել: Անփորձ լինելն այստեղ բացարձակ դեր չունի, մենք պետք է տեսնենք, թե յուրաքանչյուրն այստեղ ինչպես է աշխատում: Կարող է լինել անփորձ, բայց շատ նպատակասլաց, աշխատասեր, մոտիվացված աշխատող, և կարող է լինել հակառակը՝ երբ մարդը փորձառու է, տիրապետում է խնդիրներին, բայց ոչինչ չի անում: Դա մենք տեսել ենք նախկին իշխանությունների ժամանակ, ինչքան փորձառուներ կային և ինչպես էին աշխատում: Եթե փորձառու էր, բայց արդյունավետ չէր աշխատում, նշանակում է այդ մարդը չէր ուզում աշխատել:

- Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գործարարներ չպետք է լինեն Ազգային ժողովում, թեպետ օլիգարխիան դուրս մղվեց խորհրդարանից, բայց մի քանի գործարարներ դեռ կան, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը: Ընդհանրապես, ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ:

- Լրացուցիչ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին, բացի նրանից, ինչ ասել են թե՛ պարոն Փաշինյանը, թե՛ պարոն Ծառուկյանը հենց իր թեկնածության վերաբերյալ: Կան տարբեր կառույցներ, որոնք չպետք է թույլ տան, որ պատգամավորը կամ խմբակցության ղեկավարը ի շահ իրենց սեփական բիզնեսի օրենքներ մշակի կամ ընդունի: Եվ վստահ եմ, որ այդ մարմիններն իրենց աշխատանքը լավագույնս կկատարեն: Եվ, լինելով իշխող ուժ, մենք ինքներս թույլ չենք տա, որ անձնական շահին մղված օրենքներ անցկացվեն խորհրդարանում:

- Հայրենադարձությունը հեղափոխության հիմնական գաղափարներից էր, կհաջողվի՞ իրագործել այն, և ի՞նչ քայլեր պետք է արվեն:

- Այս հարցին պետք է շատ զգայուն ու նուրբ մոտենալ: Շատ կարևոր հարց է սա: Նախ՝ ես գտնում եմ, որ այն հզոր հնարավորությունը, որը ունենք սփյուռքում, չպետք է փոշիացնել: Այսինքն՝ արհեստական բոլորին բերել Հայաստան՝ չկարողանալով այստեղ նրանց համար ապահովել բարեկեցիկ կյանք, զուգահեռ կորցնել հզոր սփյուռքը, ուղղակի նոնսենս է: Որոշ չափով, բնականաբար, պետք է հայրենադարձություն կազմակերպել: Հատկապես պետք է երկիր բերել նրանց, ովքեր արտերկրում չեն գտել իրենց տեղը և դեռևս որոնումների մեջ են:

Ճիշտ կլինի, որ նրանց համար կարողանանք պայմաններ ստեղծել, որպեսզի վերադառնան Հայաստան: Եվ որպեսզի դա լինի, պետք է նրանց համար նվազագույն պայմաններն ապահովենք: Հարցը առաջին հերթին վերաբերում է սոցիալական խնդիրների լուծմանը, իսկ դա ենթադրում է աշխատանքով ապահովում: Այն, ինչին մղված է մեր կառավարության գործունեությունը՝ աշխատատեղերի ստեղծում, նպաստավոր բիզնես պայմանների ապահովում, կոռուպցիայի վերացում, հենց հայրենադարձության ապահովման համար է: Ես վստահ եմ, որ շատ մոտ ապագայում արդյունքներ կլինեն, և այն մարդիկ, ովքեր արտերկրում իրենց տեղը չեն գտնում, հույսով ու վստահ կարող են վերադառնալ Հայաստան:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am