«Ոչ թե զոհ, այլ հաղթող»․ցուցահանդես՝ լրագրության և կոնցեպտուալ լուսանկարչության համադրությամբ. Factor

«Դժվարությունը հաղթահարել և ուժ գտնել կյանքը շարունակելու»․այս սկզբունքով է առաջնորդվում 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիից վերջինը դուրս եկած բժիշկ Տիտան Ասատրյանը։

Ասում  է՝ իրեն հրամայել է ապրել այն ժամանակ, երբ ապրելու շանս չի ունեցել։ Բժիշկ Տիտանի պատմությունը ներկայացված է «Դափնե» ծրագրի շրջանակում իրականացված  «Ոչ թե զոհ, այլ հաղթող» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությանը։ Ստեղծման օրվանից ի վեր` «Դափնե»-ի թիմը փորձել է համադրել  լրագրությունն ու կոնցեպտուալ լուսանկարչությունը:

Ծրագրի հիմնադիր Մարիաննա Գրիգորյանն ասում է, որ նյութերը մշակելը և դրանցով մարդկանց հետ կիսվելն ապրեցնող գործոն են եղել։

Ծրագրի ստեղծագործական մասի ղեկավար Էմմա Գրիգորյանի խոսքով՝  «Դափնե»-ն այն վայրն է, որի պատմությունները մտածելու, ապրելու և ցանկացած դժվարությունից դուրս գալու հնարավորություն են տալիս։ Երբ իրավապաշտպանները սկսում են խոցելի խմբերի օգնել, հասարակության մեջ բավականին մեծ կարծրատիպեր են կոտրվում․ կարծում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ մեծ խմբերի կողմից շատ մարդիկ թիրախավորվում և լքված են լինում,  և  հասարակությունը սկսում է չարությամբ և ատելությամբ լցվել իրենց դժվարությունների մասին պատմող մարդկանց նկատմամբ։

«Դափնե» ծրագրի «Ոչ թե զոհ, այլ հաղթող» խորագրով մուլտիմեդիա ցուցահանդեսի բացմանը ներկա էին լրագրության և լուսանկաչության ոլորտի տարբեր մասնագետներ։  ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին ողջունեց նախաձեռնությունը։

Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքում անցկացվող ցուցահանդեսի այցելուները  մինչև փետրվարի 10-ը կարող են ծանոթանալ ցավը հաջողության վերածած մարդկանց պատմություններին։ Մուտքն ազատ է։

Ավելին՝ Factor.am-ի տեսանյութում.