Վեղարավորների հարձակումը. սա աշխարհիկ պետություն է

28-01-2019
Վեղարավորների հարձակումը. սա աշխարհիկ պետություն է

Երբեք չէի մտածի, որ մի օր կպաշտպանեմ իմ կողմից ամենաշատ քննադատության արժանացած նախարար Արայիկ Հարությունյանին: Բայց դե կյանք է, ինչ իմանաս…

Պաշտպանելուս առիթը վերջին երկու օրերին նրա անձի դեմ սանձազերծված արշավն է որոշ սքեմավորների կողմից: Ավելի շուտ, Արայիկ Հարությունյանի անձն այստեղ մղվում է երկրորդ պլան: Առաջին պլան է գալիս պետության մարդ հասկացությունը: Կապ չունի, թե ով է ԿԳ նախարարը: Կարևոր է, թե ինչ վերաբերմունք կարող է թույլ տալ իրեն այդ անձի հանդեպ վեղարավորը:

Ի սկզբանե փաստենք, որ եզրակացություններն անելու ենք միայն սևահանդերձների պատմածով: Ըստ այդ պատմության՝ դպրոցներից մեկում հանդիպելով հոգևորականի, նախարարը տրամաբանական հարց է տվել նրան, թե ի՞նչ է անում դպրոցում: Ես կարող եմ պատասխանել նախարարին:

Եկեղեցին երբեք չի համակերպվել մեր անկախ պետականությունների հետ:

Եկեղեցին երբեք չի հանդուրժել ուժեղ թագավոր կամ կառավարիչ:

Եկեղեցին երբեք չի գոհացել, երբ իրենից բացի, որևէ այլ կառույց կարող է հարկ հավաքել: Նայե՛ք պետականությունների պատմությունը և ավելի ագահ ու աչքածակ կառույց չեք գտնի:

Հիմա, մեր պատմության այս բարդ հանգրվանում, երբ մի քանի կողմից շրջապատված ենք հակառակորդներով ու հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, եկեղեցին էլի չի հանդուրժում այդ պետականությունը:

Եկեղեցին չի գիտակցում, որ վաղուց Մեծ Դատավարության գործակալություն չէ: Եկեղեցին տենչում է հետ բերել, իր ձեռքերում պահել ուղեղներ լվալու «սուրբ» առաքելությունը:

Իմ մոտեցումները նոր չեն: Դրանք հայտնի են ու հիմնավոր: Տվե՛ք նրանց հնարավորություն, և կքանդեն Հայաստանի երրորդ հանրապետությունը: Ցավոք, նախորդ կամազուրկ իշխանությունները շատ արտոնություններ տվեցին եկեղեցուն: Այդ նույն իշխանությունները և որոշ եկեղեցականներ ստեղծեցին այն բուրգը, որը երկիրը տանում էր կործանման: Այդ նույն իշխանությունների թուլակամ քաղաքականության շնորհիվ էր, որ հոգևոր հովիվ կոչվածներից ոմանք, իրենց ոչ պատշաճ ժուժկալությամբ, իսկ քրիստոնեական վարդապետությունը կարծեմ ժուժկալության ջատագով է, մեծ քթերը սկսեցին մտցնել պետության գործերի մեջ:

Մոտ էր այն, ինչի պատճառով արդեն կորցրել էինք Արշակունյաց, Բագրատունյաց թագավորությունները: Ինչի հետևանքով նաև կործանվել էր Կիլիկիան:

Եկեղեցին ու պետությունը միախառնվեցին: Հոգևորական դասը պետք է մի հստակ իրողություն գիտակցի: Պետականության առկայության պարագայում նրանք պետք է զբաղվեն միայն իրենց գործով: Որևէ իրավունք չունեն խառնվելու պետականության գործերին: Որևէ իրավունք չունեն վերադաս հանդիսանալու օրվա իշխանությանը: Որևէ իրավունք չունեն արմատավորվելու պետական համակարգերում:

Հասկանալի է, որ իշխանությունը քաղցր զենք է, բայց զսպե՛ք ձեզ, պարոնա՛յք:

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ դուք, քրիստոնեական մեծ սիրով ու գորովանքով, ջլատում ու քառատում էիք պավլիկյաններին, թոնդրակյաններին ու այլոց: Չնայած ի՞նչ իմանամ, միգուցե այդ վատ սովորույթից չեք հրաժարվել:

Այժմ գանք հոխորտացող քահանայի մի քանի փաստարկների կեղծիքին:

Հայոց դպրության և դպրոցի հիմնադիրը հայոց քահանան է: Ո՞վ է թույլ տվել նման ազգադավ հայտարարությամբ հանդես գալ: Հայոց գիր, խոսք, դպրություն ու դպրոց կային դեռ այն ժամանակ, երբ ձեր ուսմունքն ընդհանրապես չէր ստեղծվել:

Հայոց ամենատաղանդավոր ու ամենանշանավոր բանաստեղծը Ս. Գրիգոր Նարեկացի քահանան է: Դրա համա՞ր էր եկեղեցին քրիստոնեական սիրով Ս. Գրիգորին տանջում ու հերձվածության մեջ մեղադրում: Արդյունքում՝ հայոց ամենանշանավոր բանաստեղծը մահացավ 53 տարեկանում, խիստ կասկածելի հանգամանքներում:

Հայոց պատմահայրը՝ Ս. Մովսես Խորենացին, քահանա էր: Դրա համա՞ր էիք պատմահորը հետապնդում իր հայացքների համար: Քանի՞ անգամ եք արտագրելիս վերախմբագրել նրա պատմությունը:

Հայոց դպրությունը աշխարհին ներկայացնող Մխիթարյան հայրերը բոլորը քահանաներ են: Երեսպաշտությունը չափ ու սահման ունի: Հնարավոր է՝ անգետ մարդկանց մոտ ձեր կեղծիքն ամրապնդեք: Մխիթարյանները կաթոլիկներ են: Հիմա ասացեք խնդրեմ՝ քանի՞ տարի եք պայքարել կաթոլիկության ու Մխիթարյան հայրերի դեմ:

Համաձա՞յն եք արդյոք, որ Մխիթարյան հայրերը մտնեն մեր 1400 դպրոցներ: Ի դեպ, ընթերցողիս լուսավորելով ասեմ, որ ՀԱՍԵ-ն իր անուրանալի ներդրումն ունի Մխիթարյան միաբանության ստեղծման գործում: Գիտե՞ք ինչպես: Եթե մեր ազգասեր հոգևորականները Սևանի վանական դպրոցում դաժան ծեծի չենթարկեին Մխիթար Սեբաստացուն, նա կիսամեռ չէր փախչի Հայաստանից, չէր ընդունի կաթոլիկություն և չէր հիմնադրի Մխիթարյան միաբանությունը:

Ահա այսպիսի ազգասեր գործեր:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am