Հայաստանում 94-ամյա հիվանդին բարեհաջող ստենտավորում է կատարվել

Աննախադեպ միջամտություն Հայաստանյան անգիոպլաստիկայի պատմության մեջ: Այդ մասին տեղեկացնում է Նորք Մարաշ բժշկական կենտրոնը:

«Պացիենտ՝ 94 տարեկան տղամարդ, ընդունվել է ՆՄԲԿ սրտամկանի սուր ինֆարկտով (STEMI): Շտապ կատարվել է կորոնարոգրաֆիա և փակված ձախ առաջային վայրէջ զարկերակի բարեհաջող ստենտավորում:

Միջամտությունը անցել է բարեհաջող, հիվանդի վիճակը ներկա պահին գնահատվում է բավարար (ինչպես երևում է նկարից՝ ունի լավ տրամադրություն, կատակում է և փոխանցում է բուժանձնակազմին իր դրական լիցքերը:

Բժշկների խոսքերով, նման բարձր տարիքային խմբում, արդեն իսկ կորոնարոգրաֆիան համարվում է ռիսկային միջամտություն, հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունները:

Աշխարհում նման տարիքային խմբի միջամտած եզակի հիվանդներ կան (ինչպես պարզ է դառնում գրականությունը ուսումնասիրելիս):

Սակայն հաշվի առնելով հիվանդի անկայուն վիճակը և սիրտը սնուցող կարևոր խոշոր զարկերակի խցանումը, կյանքի ցուցումով (հիվանդի հարազատների ճիշտ ընկալումի հնարավոր բարդությունների և ելքի մասին համատեղ որոշմամբ) հնարավոր դարձավ, շտապ կատարել վերոնշյալ գործողությունը և հիվանդը կայուն հեմոդինամիկայով տեղափոխվեց ինտեսիվ թերապիայի բաժանմունք:

Մեր բարի և շատ պոզիտիվ, ժպտադեմ պապիկը իր երախտագիտության խոսքն է հայտնում ՆՄԲԿ ողջ անձնակազմից, մաղթելով բոլորին քաջառողջություն և բարձր տրամադրություն:
Ինվազիվ սրտաբան՝ Բաղդասարյան Դավիթ
Ինտենսիվ սրտաբան՝ Վարդանյան Կատարինե», -նշվում է ԲԿ-ի հաղորդագրության մեջ: