«Միջնեկիս ասեցի՝ զանգի՛ Վանին, ով էր, որ վերցրեց, ասեց՝ Վանն արդեն չկա». որդեկորույս մայրն ասում է․ «Մեր կյանքը գնաց անդունդ»

«Սեպտեմբերի 30-ին սիրտս անհանգիստ էր, միջնեկիս ասեցի՝ Գո՛ռ, զանգի՛ Վանին, տեսնենք՝ ի՛նչ կա, չի զանգել։ Ով էր, որ վերցրեց հեռախոսը՝ չգիտեմ, ասեց՝ Վանն արդեն չկա»,- կսկիծով պատմում է պատերազմում զոհված Վան Ասլանյանի մայրը՝ Մելանյա Խոսրովյանը։

19-ամյա Վանը ժամկետային զինծառայող էր, 6 ամիս ծառայելուց հետո սերժանտի կոչում էր ստացել, դարձել դիրքի ավագ։ Հադրութում է ծառայել, Ադրբեջանի սանձազերծած պատերազմն սկսվելուն պես տեղափոխվել է Ֆիզուլի, մինչդեռ ընտանիքի անդամներին ասել է՝ զորամասում է, ամեն ինչ հանգիստ է։

«Վերջին անգամ խոսեցինք սեպտեմբերի 30-ին, ասեց՝ ես չաստում եմ, ինձ ոչ մի տեղ չեն տարել, մենք ապահով տեղում ենք, բայց մեզ խաբեց… Իրան Ֆիզուլի էին տարել։ Հենց էդ օրն էլ դեպքը եղել է»,- հուզմունքով ասում է մայրը։

Որդու զինակից ընկերներից, որոնք փրկվել են, Ասլանյաններին պատմել են Վանի հերոսական մարտերից։

«Մյուս երեխեքը, որ թողել էին պոստերը, բոլորին գերի էին վերցրել, Վանենց ջոկատը 11 հոգով դիրքերը հետ են վերցրել։ Տղաները պատմում են, որ տեսել են՝ ոնց են երեխեքին սպանում, գերի վերցնում, Վանն ասել ա՝ տղե՛րք, հետևի՛ցս եկեք, փոքրիկ մատուռ էին սարքել, ասել ա՝ եկեք գնանք, երդվենք, որ ոչ մեկս գերի չպետք ա ընկնի։ 

4 տանկ են խփել իրանք, թուրքի 50-60 հոգանոց ջոկատներ էին գալիս, խփում էին, ու թուրքերից ոչ մեկը չէր փրկվում։

Տղաները պատմում են, որ Վանս թուրքին խփում ա, ասում ա՝ տղե՛րք, նկարե՛ք, հիշատակ ա, թող մնա, էդ նկարը կա»,- հուզմունքը զսպելով ասում է մայրը։

Վան Ասլանյանը պատերազմի դաշտում զոհվել է արկի հարվածից։ 

Մելանյան ասում է՝ որդու զոհվելու լուրն իմանալուց հետո այլևս չեն ապրում․ «Մեր կյանքը գնաց անդունդ, ապրում ենք՝ չապրելուն հավասար»։

Վանի մասին ընտանիքը լուր չի ստացել շուրջ 10 օր, փնտրել են ամեն տեղ՝ հույսով, որ որդին ողջ կլինի։ 

«Մեզ բոլորն ասում էին՝ ողջ ա, իր անուն, ազգանունով երեխա չի մտնել մորգ։ Ամսի 11-ին Մեծամորից ամուսինս գտավ»,- ասում է ու հուզվում մայրը։

Մելանյան ասում է՝ որդին սրտի խնդիր ուներ, բայց ամեն ինչ արեց, որ անպայման ծառայի։ Դեռ փոքր տարիքից զինվորական համազգեստը սիրում էր ու որոշել էր, որ պետք է անպայման բանակում ծառայի:

«Սրտի խնդիր ուներ, բայց ասեց՝ ինչ էլ անեք, գնալու եմ, եթե դիմում էլ գրեք՝ կամավոր կգնամ։ Ինքը պատանի երկրապահում էր գրանցված եղել, ճամբար էր գնում, էդ զինվորական շորերը սիրում էր, պապն էլ ֆիդային էր, Վազգեն Սարգսյանին էր շատ սիրում»,- պատմում է մայրը։

Վանը տան կրտսեր որդին էր, սիրում էր սպորտ, երգ, պար։

«Կարատեի էր գնում, բոքսի, ֆուտբոլի, շատ մեդալներ ու պատվոգրեր ունի»,- նշում է Մելանյան։

Մայրն ասում է՝ որդին ընկերուհի ուներ։ Մոր հետ կիսվել էր երազանքով, ասել, որ ուզում է այնքան երեխա ունենա, որ ֆուտբոլի թիմ հավաքի։ Վանի մեծ երազանքն էր նաև լինել Վանա լճում և Աղթամարի վանքում մոմ վառել։

Վանը սիրում էր կյանքը վայելել, մայրն ասում է՝ երգելով էր տուն մտնում, պարելով աստիճանները բարձրանում։

Սիրում էր օգնել ու կիսել իր ունեցածը չունեցողների հետ․

«Շոր էր առնում, բայց մի օր էր հագնում, ընկերներին էր տալիս, հաջորդ օրը ընկերների հագին էր: Որ խոսում էի, ասում էր՝ մամա՛, մի՛ խոսա, ուրեմն պետք ա, որ տվել եմ։ Օգնում էր թույլերին, ընկերական շրջապատում թույլ չէր տալիս, որ թույլերին նեղացնեն։ Ասում էր՝ իրենք մեզ հավասար տղաներ են»։

Մելանյան ասում է՝ երբ Վանը կար, տունը լցված էր ուրախությամբ ու խինդով։ Իսկ հիմա տխրություն է, հառաչանք․ «Խեղդվում ենք՝ ամբողջ օրը լացելով։ Առանձնանում ենք, թաքցնում մեր արցունքները, որ գոնե մյուս երկու երեխեքս շատ չտառապեն»։

Մոր ականջին անընդհատ որդու ձայնն են, որդու երգը, կանչը․ «Ինքը մինչև տուն մտնելը երգելով էր գալիս, կանչելով էր գալիս՝ Մելո՜ւշ, ինձ էր կանչում։ Հիմա էդ ձենը ականջիս ա»,- ասում է որդեկորույս մայրն ու հուզմունքից դադարեցնում խոսքը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am