Ֆրանսուհին բաժանվել է միլիոնատեր ամուսնուց՝ կեղծ Բրեդ Փիթի պատճառով և կորցրել 830 000 եվրո

53-ամյա Աննը, ֆրանսուհի, ընտանիքի մայր, դարձել է աներևակայելի մեծ սիրային խաբեության զոհ։ TF1-ի «Sept à Huit» հաղորդման ընթացքում նա պատմել է, թե ինչպես մի տղամարդ, ձևանալով Բրեդ Փիթ, իրենից կորզել է 830,000 եվրո՝ օգտագործելով արհեստական բանականության տեխնոլոգիաներ։

Ամեն ինչ սկսվել է 2023 թվականի փետրվարին, երբ Աննը հանգստանում էր Տինյի լեռնադահուկային հանգստավայրում։ Նոր գրանցվելով Instagram-ում՝ նա ստացել է հաղորդագրություն «Jane Etta Pitt» անունով օգտատիրոջից, որը ներկայացել է որպես դերասանի մայր։ Հաջորդ օրը նրա հետ կապ է հաստատել «Բրեդ Փիթը»՝ գրելով. «Մայրս շատ է պատմել ձեր մասին»։

«Ես ապշած էի։ Սկզբում մտածում էի, որ դա կեղծիք է, բայց չէի հասկանում՝ ինչ է կատարվում», – պատմում է Աննը։ Շուտով նրանց միջև սկսվել է նամակագրական շփում, որը վերածվել է ինտենսիվ և, ինչպես նա է ասում, «հարազատ» կապի։ «Նա գիտեր՝ ինչպես խոսել կանանց հետ։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր շարադրված։ Ես սիրահարվեցի այն մարդուն, ում հետ շփվում էի»։

Խաբեբաները օգտագործել են արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված լուսանկարներ, ձայնային հաղորդագրություններ և տեսանյութեր, որոնք համոզել են Աննին, որ նա իսկապես խոսում է Բրեդ Փիթի հետ։ Նրանք պատրաստել են կեղծ տեսանյութեր, որոնցում դերասանի կերպարը պատճենված էր, իսկ ձայնը՝ սինթեզված։ Մի քանի օր անց կեղծ Բրեդ Փիթը նույնիսկ առաջարկել է Աննին ամուսնանալ իր հետ։

Ավելի ուշ սկսվել է ֆինանսական շորթումը։ Սկզբում «Բրեդ Փիթը» խնդրել է 9,000 եվրո՝ իբր մաքսատուրքերի համար, որպեսզի կարողանա ուղարկել Աննին թանկարժեք նվերներ։ Աննը, հավատալով, որ մեծ սիրո մեջ է, տվել է գումարը։

Շուտով նա նույնիսկ բաժանվել է ամուսնուց և որպես փոխհատուցում ստացել 775,000 եվրո։ Խաբեբան համոզել է նրան, որ երիկամի քաղցկեղ ունի, իսկ իր հաշիվները արգելափակված են Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծության պատճառով։

«Սա անելն ինձ համար շատ դժվար էր, բայց մտածեցի, որ գուցե մեկի կյանքն եմ փրկում», – անկեղծորեն խոստովանում է նա։

Միայն 2024 թվականի ամռանը, երբ Աննը տեսել է իրական Բրեդ Փիթին թաբլոիդներում այլ կնոջ հետ, հասկացել է, որ խաբեության զոհ է դարձել։ Նա դիմել է ոստիկանություն, սակայն վնասը անդառնալի էր։ Այսօր Աննը գտնվում է հիվանդանոցում՝ ծանր դեպրեսիայի պատճառով։

«Այս մարդիկ արժանի են դժոխքի։ Նրանք պետք է գտնվեն ու պատժվեն», – ասում է նա, դեռևս ցնցված կատարվածից։ Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է գործը՝ փորձելով բացահայտել խաբեության կազմակերպիչներին։