«Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է ներողություն խնդրեն քաղաքացուց, իսկ Մարտի 1-ի բոլոր կազմակերպիչներն պետք է պատասխանատվության ենթարկվեն». «Սասնա Ծռեր»

01-03-2019
176 դիտում
«Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է ներողություն խնդրեն քաղաքացուց, իսկ Մարտի 1-ի բոլոր կազմակերպիչներն պետք է պատասխանատվության ենթարկվեն». «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը Մարտի 1-ի 11-րդ տարելիցի առթիվ ներկայացնում ենք ստորեւ։

«1 մարտի 2019 թ. Երևան

Ներկայիս իշխանություններն արձանագրել են, որ 2008 թ. Մարտի 1-ին ակնհայտ դարձավ, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, զավթել է պետությունը և այն վերածել է հայոց պետականության և ժողովրդի դեմ կիրառվող ահաբեկչական մեքենայի:

Ներկայիս իշխանություններն արդեն իսկ արձանագրել են, որ Մարտի 1-ին տապալվել է սահմանադրական կարգը և, ըստ էության, տեղի է ունեցել պետական ահաբեկչություն:

Մարտի 1-ը մեզ ընկղմեց բռնապետության խավարի մեջ: Քաղաքական առումով այդ խավարը ճեղքելը և Մարտի 2-ի լուսաբացին հասնելը դարձավ յուրաքանչյուր արժանապատիվ ու ազատասեր քաղաքացու պատվի գործը:

Տասը տարի շարունակ քաղաքացին պայքարեց, ծեծվեց, բանտարկվեց, հալածվեց, արտաքսվեց ու տառապեց հանուն այդ լուսաբացի:

2016 թ. Ապրիլյան քառօրյայից հետո պարզ դարձավ, որ դանակն արդեն ոսկորին է հասել, այն է՝ պետական ահաբեկչությանը գումարվել է նաև պետական դավաճանությունը, քանի որ ռեժիմը փորձում է պայմանավորված պատերազմի միջոցով կամ որևէ այլ ձևով ազատագրված տարածքները հանձնել հակառակորդին:

2016 թ. հուլիսի 17-31-ի Սասնա Ծռերի ապստամբությունը, չնայած մասնակի արդյունքին, վիժեցրեց այդ աղետալի ընթացքը, ինչպես նաև յուրօրինակ պատասխան եղավ Մարտի 1-ին: Դա հանգեցրեց կառավարման համակարգի խորը ճգնաժամի և, զուգահեռաբար՝ հիմնականում հաղթահարեց Մարտի 1-ից մնացած հոգեբանական պատնեշը: Բռնության մեքենան կաթվածահար եղավ:

Եվ, արդեն նոր իրավիճակում՝ 2018 թ. ապրիլի 23-ին, երբ ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին և մեզանից յուրաքանչյուրին փորձեց սպառնալ Մարտի 1-ի կրկնությամբ, հանդիպեց ժողովրդի դիմադրության անհաղթահարելի ալիքի և ստիպված եղավ հեռանալ:

Արժանապատիվ, ազատասեր ու անվեհեր քաղաքացու տասնամյա պայքարի շնորհիվ Մարտի 2-ի լուսաբացն արդեն իրողություն է դառնում:

Սակայն լուսաբացն օր կդառնա և քաղաքական ձմռանը վերջապես քաղաքական գարուն կհաջորդի միայն այն դեպքում, երբ հայոց պետականության հակառակորդի վերածված պետական կառավարման համակարգը՝ առավելապես իր ուժային, իրավապահ և դատական բաղադրիչներով, կանցնի պատասխանատվության և զղջման քավարանով:

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն որպես ինստիտուտներ պետք է ներողություն խնդրեն ժողովրդից, քաղաքացուց, իսկ Մարտի 1-ի բոլոր կազմակերպիչներն ու կատարողները պետք է բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն:

Այդ ուղղությամբ կատարվող այսօրվա աշխատանքը ողջունելի է որպես սկիզբ, սակայն խիստ անբավարար է վերը նշված բնական և բանական պահանջի համեմատությամբ:

Ընդամենը Ռոբերտ Քոչարյանին և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներին, այն էլ իրենց կատարածի ոչ ամբողջ ծավալով պատասխանատվության կանչելը չի կարող հագեցնել արդարության ծարավի այն ծովը, որ գոյացել է հատկապես Մարտի 1-ից հետո: Մասնավորապես՝ առնվազն անհասկանալի և անընդունելի է այն հանգամանքը, որ Մարտի 1-ի հիմնական շահառու և մեզ դրա կրկնությամբ սպառնացող Սերժ Սարգսյանը դեռևս ազատության մեջ է:

Այս կիսատության ֆոնին լուսաբացը ստվերելու և արդարության նոր ճգնաժամ առաջացնելու վտանգ է ստեղծում Սասնա Ծռերի ապստամբության մասնակիցների նկատմամբ Մարտի 1-ի ռեժիմի սարքած գործով քրեական հետապնդումը շարունակելը: Փաստորեն՝ սահմանադրական կարգը տապալած Մարտի 1-ի ահաբեկչական ռեժիմի գործիքի վերածված անձինք մեղադրում և դատում են նրանց, ովքեր սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով միանգամայն իրավաչափ կերպով ապստամբել են իրենց դեմ:

Ժողովրդի վստահությունը վայելող օրվա իշխանությունները կարող են և պարտավոր են լուծել արդարություն հաստատելու խնդիրը, եթե չխուսափեն Մարտի 1-ը ծնած պատճառներին, ընթացքին և հետագա տասը տարիներին համակարգային իրավաքաղաքական գնահատական տալու և դրա հիման վրա անցումային արդարադատության միջոցով արդարություն հաստատելու ծանր, սակայն պատվաբեր ու առողջացնող պատասխանատվությունից:

Օրվա առթիվ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին և մաղթում Մարտի 2-ի բարի լուսաբաց»: