Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 28-ին  հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:

Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն հայտնեց հայ ժողովրդին:

Զրուցակիցներն ընդգծեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվեց երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում։

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: