«Քննությունը շատ երկար չի տևի` 2-3 ամիս, իսկ մինչ այդ դատարանում այս գործով նիստեր չեն կայանա». Հայկ Ալումյան

20-05-2019
1507 դիտում
«Քննությունը շատ երկար չի տևի` 2-3 ամիս, իսկ մինչ այդ դատարանում այս գործով նիստեր չեն կայանա». Հայկ Ալումյան

Մարտի մեկի գործով չորս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու և գործը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին Դավիթ Գրիգորյանի որոշման հիմքը այն է, որ պետք է քննության առնվի Քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը։ Այս մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ հենց 301.1-րդ հոդվածով են (սահմանադրական կարգը տապալելը) մեղադրվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը։ Այսպիսվ, ՍԴ-ն պետք է որոշի՝ այս անձինք սահմանադրական կարգը տապալել են, թե ոչ։

«Դատավորի դիմումի հիմքն այն է, որ 301.1-րդ հոդվածի սահմանադրականությունը պետք է որոշել։ Մենք դիմել էինք դատարան, ասում էինք՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի հետ միաժամանակ պետք է նաև այս հարցը քննարկվի, դատարանն ասում էր՝ ո՛չ, այս փուլում չէ, հետո առանձին փուլում կքննարկենք»,- «Մեդիալաբին» ասում է Հայկ Ալումյանը։ Նրա խոսքով՝ գլխավոր դատախազությունը ևս մերժում էր այդ հարցի քննությունը։ Եվ ահա, դատավորն իր նախաձեռնությամբ դիմել է Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան: Իսկ մայիսի 18-ին նույն դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ նիստում դատարանը որոշել էր կալանքից ազատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ որպես խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը, որը Քոչարյանի համար դատարան էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահները։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նախկինում բազմիցս հայտարարել են, որ այս հոդվածը չի կարող տարածվել մեղադրյալների վրա։ Նրանք որպես փաստարկ են բերում այն, որ 2008 թվականի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ այս հոդվածը չի եղել: 2009 թվականին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում է միայն 300.1-րդ հոդված ներառվել դրանում։

«Մարտի մեկի» գործով փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ դատարանի այս որոշումը կբողոքարկի։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Գրիգորյանը գրել է.

«Քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։

Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որևէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռ․ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, և, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որևէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ։

Ինձնից մեկնաբանություն մի խնդրեք, ես չունեմ որևէ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարության վերաբերյալ։

Այս որոշումը վստահորդներիս անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվելու նաև գլխավոր դատախազության կողմից»։

Թե որքան կտևի հարցի՝ Սահմանադրական դատարանում գործի քննությունը, փաստաբան Հայկ Ալումյանը դժվարանում է պատասխանել։ Նրա խոսքով՝ դա ենթադրում է, որ դատարանը պետք է քննարկի այս գործով ենթակա օրենքի կիրառման սահմանադրականությունը, իսկ դա ամիսներ կարող է տևել։

«Ամեն դեպքում քննությունը շատ երկար չի տևի, ենթադրում եմ՝ 2-3 ամիս։ Գործը ավարտված չէ, ընդամենը ընթացքն է կասեցված, մինչև Սահմանադրական դատարանն իր որոշումը կկայացնի։ Իսկ մինչ այդ դատարանում այս գործով նիստեր չեն կայանա»,- ասում է Ալումյանը։

Ըստ փաստաբանի՝ ավելի վաղ գլխավոր դատախազությունը նույնպես ասել էր, որ այդ օրենքի 301.1-րդ հոդվածի մասով ոչ մի վիճելի խնդիր չկա։ Բայց փաստաբանները մշտապես հակառակն են պնդել։

Նշենք, որ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածել է դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման պատճառաբանական մասը։ Ըստ այդմ՝ դատավորը նաև նշում է, որ Ռոբերտ Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնմխելիության երաշխիքից։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am