«Քոչարյանն փորձում է իմիտացիա անել, թե ինչ-որ բան է նախատեսվում աշնանը, որ իր ճամբարը դուխաթափ չլինի, բարոյալքված վիճակը հաղթահարվի». քաղաքագետ

01-08-2019
953 դիտում
«Քոչարյանն փորձում է իմիտացիա անել, թե ինչ-որ բան է նախատեսվում աշնանը, որ իր ճամբարը դուխաթափ չլինի, բարոյալքված վիճակը հաղթահարվի». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։

- Պարո՛ն Սաֆարյան, իր վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիրներին համախմբման կոչ է անում, ավելին, ասում ՝ աշնանը զարգացումներ են լինելու։ Արդյոք նա մտքի ծայրով կարո՞ղ է անցկացնել, որ կարող է հաջողել։ Որքանով լուրջ կարող են լինել նրա հայտարարությունները։ Որն է ձեր գնահատականն այս ամենին։ 

- Ես կարծում եմ, որ դա մի կողմից հուսահատության հարցազրույց է, որովհետև Քոչարյանը հասկանում է, որ շատ լուրջ փոփոխություններ եղան անցած ամիսների ընթացքում, և ինքը պարտություններ արձանագրեց։ Ըստ էության, ընդհանուր իրավասության դատարանի որոշումը չեղյալ ճանաչվեց, գործը հետ պահանջվեց ՍԴ-ից։ Սահմանադրական դատարանն էլ ստիպված եղավ վարույթը կասեցնել և ուղղակի ժամանակ շահելու համար Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը հարցնելու քայլ ձեռնարկեց։

Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին, Բարձրագույն դատական խորհուրդը փոխվեց։ Սրանք զարգացումներ են, որոնք ամենևին չպետք է Քոչարյանին ուրախացնեին։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի հետ Քոչարյանի փաստաբանները գոնե հույսեր էին կապում, ակնհայտորեն մի քանի գործերով որոշումներ կայացրեց, և նրանք հասկանում են, որ Քոչարյանի իրավիճակը բավականին բարդ է։

Այս կտրվածքով, թերևս, Քոչարյանը մյուս կողմից փորձում է հույս ներշնչել այն զանգվածներին, խմբերին, որոնք նախկինում կարող էին ինչ-որ հավանականությամբ հույսեր փայփայել Քոչարյանի վերադարձի ու ակտիվության հետ, բայց այժմ տեսնում են, որ Քոչարյանի խափանման միջոցը նորից փոխվեց, փոխում են «Մարտի 1»-ը քննող դատավորին, գործը կմակագրվի նոր դատավորի, և, բնականաբար, ոչ մի հեռանկար չկա նրա համար։

Սա հոգեբանական լուրջ ազդակ է, որովհետև Քոչարյանը փորձել էր ստեղծել հաղթող գործչի կերպար, հատկապես ազատության մեջ հայտնվելու փաստով, բայց այժմ ռեվերս է տեղի ունեցել շատ լուրջ, և հասարակությունն էլ տեսնում է, որ Ռոբերտ Քոչարյանը խաղի դաշտ չունի։ Քոչարյանն էլ հասկանում է, որ հասարակությունն այդպես է գնահատում, և փորձում է իմիտացիա անել, թե ինչ-որ բան է նախատեսվում աշնանը, որ դուխաթափ չլինեն, որպեսզի իր ճամբարի բարոյալքված վիճակը հաղթահարվի, որովհետև դրանք փակուղիներ են իր համար բոլոր առումներով։

Միաժամանակ պետք է հասկանալ, որ որքան էլ այս հարցազրույցն արտահայտում է Քոչարյանի վախերը և պարտության ընկալումները, այնուամենայնիվ, նա գրեթե հասկացնում է, որ այլևս իրավական դաշտում չի խաղալու, քաղաքական դաշտում է խաղալու։ Նա փորձում է խաղի մեջ մտցնել որոշ դերակատարների, որոնք, իր կարծիքով, պետք է խաղան իր հետ։

- Ովքե՞ր են այդ ընդդիմադիրները, որոնց նա ակնարկում է, երբ ասում է՝ «կոնսենսուս մինուս մեկ»։ 

- Եթե դա ռեալ լիներ, այդ «կոնսենսուս մինուս մեկը» մենք արդեն տեսած կլինեինք, որովհետև այդ բանաձևը նա հրապարակել է դեռ ամիսներ առաջ։ Այդ ուժերը, որոնց հետ նա հույսեր է փայփայում, մենք արդեն պետք է տեսած լինեինք։ Եթե մինչև այժմ այդ ուժերը չկան, նշանակում է՝ Քոչարյանը հերթական անգամ բլեֆի է դիմում։

Բայց դա չի նշանակում, որ չկան ուժեր, որոնք չէին ցանկանա խաղալ Քոչարյանի հետ։ Բայց նաև հասարակության ընդգծված բացասական վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ ցույց է տալիս, որ նրանք բացահայտ խաղալով Քոչարյանի հետ՝ ուղղակի ինքնասպանություն կգործեն։ Առանց այն էլ քաղաքական ուժերն արդեն այդ ինքնասպանությունը գործել էին, որի ցուցանիշները վավերացվեցին ԱԺ ընտրություններում։ Հետևաբար, այս կտրվածքով բոլոր քաղաքական ուժերը, որոնք տեսականորեն կարող էին Քոչարյանի հետ խաղընկեր լինել, իրենք էլ հասկանում են նրա հետ համագործակցված բաց խաղալու վտանգավորությունը և լռություն են պահպանում։

Դրանից սրտնեղում է Քոչարյանը։ Նրա մամուլի խոսնակի ակնարկները թերևս դրա մասին են խոսում, երբ ասում է, թե Քոչարյանը շատերին է փրկել, ազատել, և հիմա նրանք պետք է վարձահատույց լինեն։ Այս կտրվածքով, իհարկե, անուններ չեմ տա, բայց Քոչարյանն ակնարկում է առնվազն այն ուժերի աջակցությունը, որոնց հետո ինքը նախկինում իշխանության մեջ է եղել։ 

- Խոսքը նաև այդ արտախորհրդարանական 7 ուժերի մասի՞ն է, որոնք շատ կոշտ հայտարարությամբ էին հանդես եկել։ 

- Նաև այդ 7 ուժերը, բայց եկեք հասկանանք, որ անգամ այդ ուժերը հազիվ թե 7 մարդ կարողանան հանել փողոց Քոչարյանի համար։ Այստեղ մեկ այլ խաղ է թաքնված. պարզապես Քոչարյանը հույս ունի, որ այդ ուժերը այլ թեմաներով կակտիվանան, ինչպես ինքն է նշում՝ էլեկտորատ չկորցնելու համար։ Դրա համար էլ Ստամբուլի կոնվենցիա և այլ թեմաներ ուղղակի այդ պատրվակն են՝ դրա տակ քաղաքական պրոցես զարգացնելու և ժողովրդին կառավարության դեմ տրամադրելու։

Նախկինում, հիշում եք, որ Արցախի խնդրի հետ էին հույսեր կապում, որը չստացվեց։ Նրանք պլանավորել էին և հավատացել էին իրենց հորինած ստին, որ Նիկոլ Փաշինյանը հողեր է հանձնում, որ Նիկոլ Փաշինյանի առջև դիլեմա կդրվի՝ հանձնել հողերը կամ հեռանալ։ Հետո պարզվեց, որ այդ հաշվարկները սխալ են։ Սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ էֆեկտիվ կառավարություն կունենա, ոչինչ չի կարողանա անել, և ժողովրդի դժգոհությունները կավելանան։

Բայց տեսան, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է անգամ միջնաժամկետ և երկարաժամկետ հույսեր առաջացնող քայլեր ձեռնարկել։ Օրինակ՝ առողջապահության ոլորտում ինչ-որ բաներ արդեն տեսանելի են, բանակի ոլորտում և այլն։ Մարդիկ տեսնում են աշխատավարձերի, թոշակների բարձրացում և այլն։ Այսինքն՝ երկարաժամկետ առումով ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կմոտենա զրոյի, և իրենք իշխանությունը կվերցնեն, դա էլ տեղի չունեցավ։ Այս կտրվածքով այժմ նրանց հույսը մնացել է գենդերային խնդիրը, բայց սա էլ անհեռանկար է իրենց համար, որովհետև գենդերային քաղաքականության մշակման հիմնադիրներն իրենք են և դժվար թե կարողանան այդ խնդրում հաջողության հասնել։

- Այսինքն՝ նրանք հաջողելու որևէ շանս չունե՞ն։

- Կարծում եմ՝ շանս չունեն։ Ինձ մտահոգում է, որ իշխանությունն ինքը շատ ավելի էֆեկտիվ չի կառավարում հանրային տրամադրությունները, ինչը կարող է անել։ Ասենք, կարող են մերկացնել նախկինների ստերը, պատռել որոշ մարդկանց դիմակը և լիցքաթափել նրանց պայքարը։ Այ եթե դա էլ անեին, վստահաբար կարելի է ասել, որ անօգուտ են նախկինների քայլերը, հատկապես որ նախկին բոլոր փորձերն ավարտվել են տապալումով։ 

- Շատերը նշում են, որ եթե Հայաստանում իրական ընդդիմություն լիներ, Քոչարյանը չէր կարող հավակնել ընդդիմադիր դաշտում նման գործողությունների։ Համամի՞տ եք նման կարծիքի, իրո՞ք ընդդիմության դաշտը բաց է։

- Քոչարյանի հաշվարկներն էլ են դրա հետ կապված, որ ընդդիմություն չկա, և ինքն է ընդդիմություն։ Բայց եթե նույնիսկ ընդդիմություն չլինի էլ, հաստատ Քոչարյանը չէ ընդդիմությունը։ Նա չի կարող ընդդիմություն դառնալ, և, միևնույն է, էֆեկտիվ ընդդիմության բացակայության վիճակը կպահպանվի, որովհետև եթե նույնիսկ այլ ուժեր չեն կարողացել լցնել ընդդիմության տեղը, միևնույն է, Քոչարյանը չի կարողանալու դա լցնել։ Նախկինների մերժման աստիճանը ուղղակի անպատկերացնելի մեծ է նաև այսօր։

Երբ հարցը գալիս է նախկինների վերադարձին, մարդիկ ասում են՝ ոչ մի դեպքում, որովհետև որքան էլ գոհ չլինեն այս իշխանություններից, միևնույն է, նախկիններից հազիվ են պրծել։ Այս կտրվածքով նրանք միայն միայն մեկ ճանապարհ ունեն՝ գտնել միջնորդավորված գործիչներ, որոնց միջոցով կկարողանան խաղալ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նրանք անձնապես այնքան վարկաբեկված ու մերժելի են, որ չեն կարող ուղղակի ձեռնոց նետել Նիկոլ Փաշինյանին։ Նրանք շատ կցանկանան գտնել այդպիսի գործիչներ, որոնց միջոցով կփորձեն խաղալ, բայց այդ գործիչներն էլ չկան։

Մանե Հարությունյան

MediaLab.am