«Ես չեմ բացառում, որ ծեծ ու ջարդի մեթոդներ կիրառած լինեն, ինչն առաջացրել է կալանավորների դժգոհությունը». Ավետիք Իշխանյան

09-09-2019
«Ես չեմ բացառում, որ ծեծ ու ջարդի մեթոդներ կիրառած լինեն, ինչն առաջացրել է կալանավորների դժգոհությունը». Ավետիք Իշխանյան

Պարզելու համար, թե ի՛նչ է իրականում կատարվել քրեակատարողական հիմնարկներում, և ինչո՛ւ են դատապարտյալներն անհնազանդության գործողությունների դիմել, պետք է ուսումնասիրություններ կատարել։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Թող ինձ ներեն լրատվամիջոցները, բայց ես շատ վերապահումներով եմ մոտենում տարածվող լուրերին։ Առանց պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, ես չեմ կարող ենթադրություններ անել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» և այլ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են անհնազանդության դեպքեր։ Պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Լրատվամիջոցները շրջանառեցին վարկած, որ դատապարտյալների ընդվզումը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ, ըստ որոնց՝ օրենքով պայքար է տարվելու քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» դեմ, քրեականացվելու է քրեական ենթամշակույթը։

Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Ստեփանյանն ու Անի Սամսոնյանը այցելել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որից հետո Անի Սամսոնյանը ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, թե ինչ է տեղի ունեցել։

«Մեզ այստեղ տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, երրորդ և չորրորդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, այնուհետև այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետևանքով այրվել է ՔԿՀ խոտածածկ տարածք»,- ասել էր Անի Սամսոնյանը։ 

Ըստ նրա՝ դատապարտյալները որոշել են բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»: Նրանք ընդվզում են անցած շաբաթ Կառավարության ընդունած նախագծի դեմ, որով քրեականացվում է քրեական ենթամշակույթը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր վարկածներ է առաջ քաշում։

«Վարկածներից մեկը կարող է լինել այն, ինչ ներկայացվել է պաշտոնապես կամ կիսապաշտոնական։ Բայց կարող է նաև այլ վարկած լինել, որ իշխանությունները դեռևս օրենքի նախագիծը չընդունած՝ կացնային մեթոդներով գործած լինեն։ Քրեակատարողական վարչության հատուկ արձագանքման խումբը, ես հիշում եմ, թե 2008 թվականին և դրանից առաջ էլ, հետո էլ «Գորիսում», «Նուբարաշենում» ինչ վայրագություններ է գործել։ Ես չեմ բացառում, որ այդ խումբը մտել է խցերը»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը։

Նրա խոսքով՝ քրեական ենթամշակույթը ՔՀԿ-ներում վերահսկվում է ոչ միայն «զոն նայողի» կողմից, այլ նաև ենթազոնաներ նայողներ կան։

«Հավանաբար մտել են և առանց թացը չորից տարբերելու գործել են։ Ես հիշում եմ, որ 2008 թվականին մտել էին խուց և խցում եղած բոլոր 13 անձանց ծեծ ու ջարդի ենթարկել։ Ես չեմ բացառում, որ այդպիսի մեթոդներ կիրառած լինեն, ինչն առաջացրել է կալանավորների դժգոհությունը: Կարող է նաև միանգամայն այլ դեպք է եղել, այսինքն՝ այս ամենը պետք է պարզել։ Եվ ես հույս ունեմ, որ քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող խումբը կուսումնասիրի և կներկայացնի իրական վիճակը»,- ասում է Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա՝ նախկինում իրենք մշտապես բարձրաձայնել են քրեակատարողական հիմնարկներում հիերարխիկ հարաբերությունների մասին, ինչը բացասական է անդրադառնում մարդկանց արժանապատվության վրա։

«Այդ քրեական ենթամշակույթը պետք է արմատախիլ արվի, ինչի մասին բազմիցս ասվել է։ Եթե Հայաստանի իշխանությունները ցանկացած ժամանակահատվածում փորձեն այդ մշակույթը վերացնել, ապա դա միայն ողջունելի է։ Եվ այստեղից միանգամից հարց է առաջանում. արդյոք այդ օրենքի նախագի՞ծն է եղել ընդվզման պատճառը։ Երկրորդ՝ արդյոք մինչև օրենքն ուժի մեջ մտնելը իշխանություններն արդեն սկսե՞լ են օրենքը կիրառել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ես առայժմ չունեմ։ Երրորդ ամենակարևոր հարցը՝ արդյոք օրենքի բացակայությո՞ւնն էր խոչընդոտում քրեակատարողական հիմնարկներում իշխանությունների կողմից այդ հարցերը կարգավորելուն։ Ես կարծում եմ՝ ոչ։ Այդ հարցերը լուծելու համար, թեև ես այս բառը չեմ սիրում, բայց կասեմ՝ պետք էր իշխանությունների կամքը»,- ասում է Ավետիք Իշխանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ պետք է միջոցառումների մեծ ծրագիր կազմվեր։ Առաջինը՝ քրեակատարողական հիմնարկներում պետք էր բացառել բարաքային համակարգը և խցային համակարգի անցնել։ Իհարկե, դա ամենևին չի նշանակում, որ խցային համակարգում չեն կարող լինել կիսաբաց ու բաց համակարգեր։ Դա, ըստ իրավապաշտպանի, էականորեն կմեղմեր այդ հարաբերությունները։ Երկրորդ՝ քրեակատարողական մարմինը ինքը պետք է հսկողություն սահմաներ, ոչ թե իր համար «հեշտ ճանապարհով» գնար և վերահսկողությունը հանձնարարեր քրեական հեղինակություններին։

«Սա շատ կարևոր հարց է, ինչի համար պետք են հատուկ գործողություններ։ Որո՞նք են այդ գործողությունները։ Նախ՝ քրեակատարողական հիմնարկների աշխատողների հաստիքները պետք է ավելացվեն, որպեսզի պատշաճ վերահսկողություն իրականացվի։ Նրանց պետք է պատշաճ աշխատավարձ տալ, որպեսզի կոռուպցիայից զերծ լինեն։ Այս միջոցառումները կլուծեին խնդիրն առանց օրենքի ընդունման»,- նշում է Իշխանյանը։

Իրավապաշտպանն ասում է, որ ցանկացած բացասական երևույթի դեմ պայքար մղելու համար պատժիչ գործողությունները պետք է լինեն վերջին միջոցը։

«Միայն պատժի միջոցով հնարավոր չէ որևէ բացասական երևույթ վերացնել։ Իշխանությունների հիմնական խնդիրը պետք է լինի կանխարգելիչ աշխատանքների իրականացումը՝ որևէ բացասական երևույթի, այդ թվում՝ նաև այս երևույթի դեմ պայքարելու համար։ Պատժիչ գործողությունը ամենավերջին մեթոդն է»,- հավելում է Ավետիք Իշխանյանը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am