Հայտարարություն 2008 թվականի Մարտի 1-ին կատարված հանցագործության վերաբերյալ

01-03-2014
333 դիտում
Հայտարարություն 2008 թվականի Մարտի 1-ին կատարված հանցագործության վերաբերյալ

2008 թվականի մարտի 1-ին ՀՀ իշխանությունները բիրտ ուժ կիրառեցին սեփական ժողովրդի նկատմամբ` ճնշելու փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ դուրս եկած քաղաքացիների խաղաղ հավաքները:

Ստանալով Ռուսաստանի ղեկավարության քաղաքական աջակցությունը, ներգրավելով ուժային բոլոր կառույցները, այդ թվում` քրեական պատժիչ ջոկատներ, պաշտոնավարող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով․

  • կիրառվեցին բռնություններ Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ, որոնք այնուհետև շարունակվեցին Երևան քաղաքի ողջ տարածքում,  այլ քաղաքացիների նկատմամբ,
  • գործի դրվեցին  ոչ միայն  ոստիկանությունն ու ներքին զորքերը, այլեւ Սահմանադրության կոպիտ խախտումներով օգտագործվեցին ՀՀ կանոնավոր բանակի ստորաբաժանումները,
  • ապօրինի հրամանով Երևան քաղաքում հայտարարվեց  արտակարգ դրության ռեժիմ, որը փաստացի կիրառվեց ՀՀ ամբողջ տարածքում,
  • ապօրինի խուզարկություններ իրականացվեցին քաղաքացիների բնակարաններում, բերման ենթարկվեցին եւ հարցաքննվեցին հարյուրավոր քաղաքացիներ,
  • ոստիկանության բաժանմունքներում բռնությունների, խոշտանգումների ենթարկվեցին ապօրինի բերման ենթարկվածներն ու  ձերբակալվածները,
  • շինծու և անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին, դատապարտվեցին և ազատազրկվեցին հարյուրից ավելի քաղաքական գործիչներ և ակտիվիստներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ,
  • ապօրինի գրադննության կիրառմամբ խոչընդոտվեց  ոչ իշխանական լրատվական միջոցների գործունեությունը , որի արդյունքում կոպտորեն խախտվեց ՀՀ քաղաքացիների  տեղեկատվություն ստանալու իրավունքը: :
  • խաղաղ ու անզեն քաղաքացիների դեմ կիրառվեց հրազեն, որի արդյունքում ըստ պաշտոնական տվյայների սպանվեցին 10 քաղաքացիներ:

Այսպիսով, անօրինական ուժի գործադրմամբ և արյունով իրականացվեց իշխանության զավթում և ՀՀ քաղաքացիներին պարտադրվեց Սերժ Սարգսյանի նախագահությունը, ինչը հետագայում վերահաստատվեց 2013 թվականին` վարչական ռեսուրսի չարաշահմամբ կեղծված նախագահական ընտրություններով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մինչ այժմ չի հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, 2008 թվականի Մարտի 1-ի ժամանակ ուժային և իրավապահ մարմինների և նրանց ստորաբաժանումների ղեկավարներին: Որևէ քննություն չի իրականացվել միջազգային կառույցների պահանջով և Սերժ Սարգսյանի հրամանով ստեղծված Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի հրապարակած զեկույցներում բացահայտված և արձանագրված փաստերի ուղղությամբ: Բացատրություններ չեն վերցրվել  և չեն հարցաքննվել օլիգարխները, որոնց թիկնապահներին հատկացվել էր զինվորական համազգեստ և որոնք ներգրավվել էին քաղաքացիների դեմ սանձազերծված բռնի գործողություններում:

Վեց տարիների ընթացքում, չնայած բազմաթիվ պաշտոնական հավաստիացումներին և հայտարարություններին, Սերժ Սարգսյանի վարչակազմը  ոչ մի իրական գործողություն չի իրականացրել Մարտի 1-ի մարդկության դեմ հանցագործության քննության ուղղությամբ՝ ակնհայտորեն հովանավորելով հանցագործության կատարման մեջ պատասխանատու անձանց: Մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության:

Մարտի 1-ի հանցագործությունների կոծկումը հանգեցրեց Հայաստանում քաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամի առավել խորացմանը, արտագաղթի ծավալների մեծացմանը, կոռուպցիայի աճին և արտաքին քաղաքականության ձախողմանը: Վերջինիս գագաթնակետը հանդիսացավ Սերժ Սարգսյանի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը` միանալու Մարտի 1-ի հանցագործությունը հովանավորած և աջակցած Վլադիմիր Պուտինի կողմից կառավարվող Մաքսային Միությանը:

Առանց Մարտի 1-ի իրավական գնահատականի Հայաստանի Հանրապետությունում  չի կարող ապահովվել իրավունքի գերակայության սկզբունքը, ժողովրդավարական ինստիտուտների բնականոն գործունեությունը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի վերականգնումը:

Սույն հայտարարությամբ, դատապարտելով 2008 թվականի Մարտի 1-ի մարդկության դեմ իրականացված հանցագործությունը,

  • կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին վճռական և պահանջատեր լինել հանցագործությունը կատարողներին, աջակցողներին և կոծկողներին պատասխանատվության ենթարկելու հարցում
  • պահանջում ենք միջազգային կառույցներից հետևողականություն դրա արդյունավետ քննությունը խթանելու և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների դեմ կազմակերպված հանցագործություններին իրավական գնահատական տալու համար:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն ՀԿ

Քաղաքացիական գիտակցություն հասարակական կազմակերպություն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե