«Քո երգերու բառերն հասկանալու համար հայրեն սովրիլ կուզինք». Պոլսահայ երգչուհի Սիբիլի հուզիչ երգը շարունակում է սրտեր գրավել

13-03-2014
638 դիտում
«Քո երգերու բառերն հասկանալու համար հայրեն սովրիլ կուզինք». Պոլսահայ երգչուհի Սիբիլի հուզիչ երգը շարունակում է սրտեր գրավել

Շուրջ երեք տարի առաջ Թուրքիայում, իսկ հետո արդեն Հայաստանում և ողջ Սփյուռքում իր թովիչ ձայնի եւ երգերի շնորհիվ մեծ ճանաչման արժանացած պոլսահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն լույս է ընծայել իր նոր` «Սեր» ձայնասկավառակ-ալբոմը:

««Սերը» իմ երկրորդ ալբոմս է: Արդեն երեք տարի անցած է առաջին ալբոմիս վրա: Մարդիկ կը սպասեին իմ նոր երգերուս, նոր անակնկալներուս,-«Մեդիալաբին» ասում է Սիբիլը,-Ես ալ շատ ուրախ եմ: Նոր ալբոմիս «Սեր»-ով կը հուսամ շատ ավելի մարդկանց սրտեր գրավեմ»:

Ալբոմում ընգրկված  12 երգերից 11 հայերեն են, 1-ը` արամերեն: Ձայնասկավառակի ստեղծման ժամանակ Սիբիլը  համագործակցել է  հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի, երգահան Արա Գեւորգյանի, Արմեն Դիվանյանի «Արևներ» խմբի, երգիչ Անդրեի եւ հայաստանյան 15 հայտնի երաժիշտների հետ:

Թեեւ Սիբիլի ձայնասկավառակը  դեռ նոր է հայտնվել Թուրքիայի խանութների ցուցափեղկերին, սակայն երգչուհու հայերեն մեղրածոր երգերը շարունակում են սրտեր գրավել: Թուրքական  հեռուսաալիքները` ի դեմս CNN TURK-ի արդեն իսկ սկսել են ցուցադրել «Սեր» ալբոմի առաջին տեսահոլովակը` «Այս գիշերը» (Bu Gece – Tonight):

«Համացանցին միջոցով մարդիկ կը գրին եւ իրենց գնահատականը կը հայտնին,-«Մեդիալաբին» ասում է Սիբիլ Փեքթորոսօղլուն,- Կը գրեն, որ հայկական երգի հետ շնորհիվ քեզի ծանոթացանք, եւ շատ հավնեցանք: Առաջին եւ երկրորդ ալբոմներս ալ ամենամեծ մարկետներու մեջ կը վաճառվին, երգերս կը հնչեն: Եղան մարդիկ, ովքեր երգերուս լատինատառը խնդրեցան: Մարդիկ ալ եղան, որ ասացին, թե «քո երգերու բառերն հասկանալու համար հայրեն սովրիլ կուզինք»: Անշուշտ, շատ կուրախանամ»:

«Երազիս մեջ այրում էիր

Նամակներս քեզ գրած,

Ա՜խ, նրանց մեջ թե բանայիր,

Իմ սիրտը կար, իմ սիրած»

Հովհաննես Շիրազի այս տողերով «Նամակ» երգի հոլովակը երեք տարի առաջ հայտնվելով թուրքական տարբեր ալիքների եթերում, հայազգի երգչուհուն ճանաչում եւ հաջողություն բերեցին:

«Երբ տեսահալովակս առաջին անգամ հեռուստաեթերով ցույց տվեցին շատ երջանկացա: Աշխարհի զգացմուներն ունեցա: Ես չեմ վախնար հայերեն երգելուց, որովհետև երաժշտությունը համազգային է»,-«Մեդիալաբին» ասել էր  Սիբիլ Փեքթորոսօղլուն:

http://www.youtube.com/watch?v=HM8KVV0Z-1s

Երգչուհին ծնվել է Պոլսում: Ավարտել է Մխիթարյան վարժարանի նախակրթարանը: Նրա պատմելով ընտանիքի անդամները տանը միայն հայերեն էին խոսում: Հայրը շատ խիստ էր, ասում էր`«Այս տունի մեջ միայն հայերեն պիտի խոսվի»:

Սիբիլը սկսել է երգել 1991 թվականից ` Պոլսո «Սուրբ Վարդանանց» երգչախմբում:  Երաժշտական որևէ կրթություն չունի, մասնագիտությամբ տնտեսագետ է: Մինչ «Նամակի» եթեր բարձրանալը, հաջողոթյամբ աշխատում էր բանկում: Սակայն ասում է, որ միշտ երգել է և առանց երգի իրեն չի պատկերացնում:

«Անցած երեք տարին ինձ համար շատ մեծ անակնկալներով եւ երջանկությամբ լեցուն էր: Թուրքիա ծնած եւ հոս ապրող մեկն ըլլալով, այս առաջադիմությունն ալ ինձի համար անակնկալ էր: Իմ մանկությունս «ինչուներով» լեցուն էր, թե ինչու բոլոր օտար լեզուներով երաժշտություն կա եւ ինչու հայերեն չկա` կասեի... Իսկ հիմա մեծ ուրախությունով ականատես կըլլամ, որ թուրքերը հայկական երաժշտություն կլսեն, եւ իրենց գովասանքները կհայտնեն»,-«Մեդիալաբին» ասում է Սիբիլը:

«Սեր» ալբոմը դեռեւս Հայաստանում հասանելի չէ, սակայն երգչուհին նշում է, որ շուտով այստեղ եւս շնորհանդես կկազմակերպվի, որից հետո հնարավոր կլինի ձեռք բերել ձայնսկավառակը:

«Շատ շուտով կուզեմ այցելել հայրենիք: Վերջին այցելությունիցս 8 ամիս եղավ, արդեն շատ կարոտցա»,-նշում է նա:

© Medialab.am