Ռուսաստանում առաջարկում են մինչև 5 տարվա ազատազրկում սահմանել ռազմական հարվածների հետևանքների մասին տեղեկություններ տարածելու համար

Ռուսաստանի Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել հարվածների, ահաբեկչությունների և դիվերսիաների հետևանքների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի տեղակայման, զենքի և զինամթերքի արտադրության ու պահպանման մասին տեղեկությունների ապօրինի տարածման համար։ Նախաձեռնության հեղինակները մի խումբ սենատորներ են, այդ թվում՝ Անդրեյ Կլիշասը, Վլադիմիր Ջաբարովը և Արտյոմ Շեյկինը։

Ինչպես տեղեկացնում է ռուսական РБК-ն,առաջարկվում է Ռուսաստանի քրեական օրենսգիրքը լրացնել 280.5 հոդվածով, որը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Մասնավորապես, վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո նույն արարքը կրկնելու կամ նոր հոդվածով նախատեսված հանցանքի համար դատվածություն ունենալու դեպքում առաջարկվում է սահմանել մինչև երեք տարվա ազատազրկում։

Եթե տեղեկությունների ապօրինի տարածումը հանգեցնի անզգուշությամբ մարդու մահվան, առողջությանը կամ գույքին վնաս պատճառի, առաջացնի հասարակական կարգի զանգվածային խախտումներ կամ խոչընդոտի ենթակառուցվածքների աշխատանքը, պատիժը կարող է հասնել հինգ տարվա ազատազրկման։

Առաջին մասով նախատեսվում է նաև 100 հազարից 300 հազար ռուբլու տուգանք, մինչև երեք տարվա հարկադիր աշխատանք կամ չորսից վեց ամսվա կալանք։ Երկրորդ մասով ազատազրկման փոխարեն կարող է սահմանվել մինչև հինգ տարվա հարկադիր աշխատանք։

Ավելի խիստ պատիժ նախատեսող դրույթը տարածվելու է նաև այն դեպքերի վրա, երբ հրապարակված տեղեկությունները խաթարում են տրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների, վարկային կազմակերպությունների, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների, էներգետիկայի, արդյունաբերության և կապի ոլորտների աշխատանքը։

Օրինագծի հեղինակների հիմնավորմամբ՝ նախաձեռնության նպատակն է պաշտպանել այն տեղեկությունները, որոնց չարտոնված տարածումը կարող է վտանգել երկրի պաշտպանունակությունը, բնակչության անվտանգությունը և ռազմավարական նշանակության օբյեկտների գործունեությունը։

Նոր հոդվածով նախատեսված գործերով քննություն իրականացնելու լիազորությունը սենատորներն առաջարկում են վերապահել Ռուսաստանի քննչական կոմիտեին։ Օրինագիծն ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից։

Նախաձեռնության հեղինակներից Անդրեյ Կլիշասը նշել է, որ զինված հակամարտության պայմաններում լրատվամիջոցներում և համացանցում հրապարակվող լուսանկարներն ու տեսանյութերը հակառակորդը կարող է օգտագործել ռազմական տեխնիկայի, զենքի, զինամթերքի և ենթակառուցվածքների տեղակայման վայրերը պարզելու համար։

Նմանատիպ սահմանափակումներ նախկինում արդեն սահմանվել են Ռուսաստանի մի շարք շրջաններում։ 2026 թվականի մայիսին Մոսկվայում արգելվել է մինչև պաշտոնական աղբյուրներում հրապարակվելը տարածել ահաբեկչությունների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքների մասին տեղեկությունները։

Օգոստոսին Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ տուգանք է նշանակվել անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքները պատկերող տեսանյութ հրապարակելու համար։ Տեղի բնակիչը տուգանվել է 4 հազար ռուբլով։ Նման կադրերի տարածման արգելքը քաղաքում գործում է 2025 թվականի հունվարից և երկարաձգվել է մինչև 2026 թվականի ավարտը։