ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր խիղճը տանջում է «Եռաբլուրի» թեմայով, և նշել, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ծննդավայրի նշման հարցում պետք է առաջնորդվել նախաստորագրված խաղաղության համաձայնագրի սկզբունքներով։
Կառավարության՝ նոյեմբերի 26-ի ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է Փաշինյանին, թե որքանով է արդար կենսաչափական անձնագրերում ԼՂ-ից տեղահանվածների ծննդավայրի նշման վերաբերյալ որոշումը, ինչի դեմ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում տեղահանվածները՝ պնդելով, որ «գրչի մեկ հարվածով դարձել են Ադրբեջանի քաղաքացիներ»։
Լրագրողը նաև անդրադարձել է նախորդ ճեպազրույցի ժամանակ «Եռաբլուրի» թեմայով Փաշինյանի և մեկ այլ լրագրողի միջև տեղի ունեցած վիճաբանությանը՝ հարցնելով, թե արդյոք վարչապետի խիղճը տանջում է, երբ այդ թեմայով հարցեր տվողներին վիրավորում է։
«Իհարկե, տանջում է, իսկ ո՞նց եք պատկերացնում, որ չտանջեր։ Այսինքն՝ այնպիսի հարցեր եք տալիս, որ ասեի՝ չէ՞, չի՞ տանջում։ Տանջում է, շա՛տ, ահավո՛ր»,- պատասխանել է Փաշինյանը։
Նա նշել է, որ հենց այդ պատճառով է պնդում, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ծննդավայրը նշելիս պետք է առաջնորդվել նախաստորագրված խաղաղության համաձայնագրի դրույթներով։
«Որպեսզի «Եռաբլուրը» չընդլայնվի, որովհետև երկուսն անհամատեղելի են իրար հետ. կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք։ Շատ պարզ քաղաքական ընտրություն է»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև նշել է, որ իր կառավարման ընթացքում եղել է երկու տարի ութ ամիս տևող ժամանակահատված, երբ «Եռաբլուրի» ընդլայնում ընդհանրապես չի իրականացվել։ Նրա խոսքով՝ Հայաստանի նախկին ղեկավարների կառավարման շրջանում նման տևողությամբ ժամանակահատված չի եղել։



















