ԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել իր խոշորագույն առևտրային գործընկերների նկատմամբ։ BBC-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է ԱՄՆ առևտրի մասին օրենքի 301-րդ բաժնի համաձայն անցկացված հետաքննության արդյունքներով, որն անդրադարձել է արտադրական հզորությունների կառուցվածքային ավելցուկին և արդյունաբերական գերարտադրությանը։
Հետաքննությունն ընդգրկել է Չինաստանը, Եվրամիությունը, Սինգապուրը, Շվեյցարիան, Ինդոնեզիան, Մալայզիան, Կամբոջան, Թաիլանդը, Հարավային Կորեան, Վիետնամը, Թայվանը, Բանգլադեշը, Ճապոնիան և Հնդկաստանը։
Մաքսատուրքերի դրույքաչափերը կտարբերվեն՝ կախված երկրից և ապրանքատեսակից։
Ամենաբարձր՝ մինչև 40 տոկոս մաքսատուրքերը նախատեսվում են Չինաստանի համար, իսկ Վիետնամի դեպքում դրանք կարող են հասնել 35 տոկոսի։ Առևտրային մյուս գործընկերների նկատմամբ նախատեսվում են 20 կամ 25 տոկոս դրույքաչափեր։
Միևնույն ժամանակ, որոշ երկրների համար մաքսատուրքերի փաստացի չափը կարող է ավելի ցածր լինել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախկինում ձեռք բերված առևտրային համաձայնություններով սահմանված առավելագույն դրույքաչափերի սահմանափակումների պատճառով, նշում է BBC-ն։



















