Մասաչուսեթսում 1 միլիոն դոլար վիճակախաղ շահած տղամարդը ձերբակալվել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների կողմից։
Շաբաթավերջին Մասաչուսեթսի վիճակախաղի կազմակերպիչները հրապարակել էին Արիել Վելասկես-Մորալեսի լուսանկարը՝ 1 միլիոն դոլարի շահումը խորհրդանշող մեծ չեկը ձեռքին։ Սոցցանցերի օգտատերերը շնորհավորել էին նրան՝ հույս հայտնելով, որ շահումը կօգնի իրականացնել նրա երազանքները։
Սակայն երեքշաբթի օրը Վելասկես-Մորալեսը ձերբակալվել է Բոստոնի Իսթ Բոստոն թաղամասում։ Հատկանշական է, որ հենց այդ թաղամասի խանութներից մեկում էր նա գնել 10 դոլարանոց շահող վիճակախաղի տոմսը։
Այժմ տղամարդուն արտաքսում է սպառնում։ ICE-ի տվյալներով՝ Սալվադորի քաղաքացին ավելի քան տասը տարի ապօրինի գտնվել է ԱՄՆ-ում։
«Կարծես թե նրա բախտն այլևս չի բերել»,- ձերբակալության մասին հաղորդագրությունում նշել է ICE-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Մայքա Բոքը։



















