«Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել կազմակերպությունից»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն շարունակում է Հայաստանին ուղարկել քննարկման և համաձայնեցման ենթակա բոլոր փաստաթղթերը, սակայն հայկական կողմը չի մասնակցում դրանց քննարկմանն ու որոշումների ընդունմանը։

«Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ստանում ենք պատասխան, որ հայկական կողմը չի մասնակցում տվյալ հարցի քննարկմանն ու որոշումների ընդունմանը, սակայն դեմ չէ սահմանափակ կազմով որոշումների ընդունմանը»,- ասել է Մասադիկովը։

«Ըստ էության, նրանք դե ֆակտո արդեն դուրս են եկել կազմակերպությունից»,- եզրափակել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։