ԱՄՆ-ի հետաքրքրությունը տարածաշրջանում ունի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահեր. Բենիամին Պողոսյանը՝ Վենսի այցի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան ավարտվեց, ի՞նչ էական արդյունք տվեց այդ այցը Հայաստանին, ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք ընդհանուր այցից:

– Այցը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն շարունակում է հետաքրքրված լինել Հարավային Կովկասով, շեշտում եմ՝ Հարավային Կովկաս, որովհետև այցը միայն Հայաստան չէր, լինելու է նաև Ադրբեջանում: Սա կարևոր է, որովհետև առայժմ, գոնե 2025-ի օգոստոսի 8-ից հետո, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կամ ներկայացվածության շահագրգռվածությունը տարածաշրջանում կայունության գլխավոր գրավականներից մեկն է: 

Բոլորս գիտենք, որ 2025-ի առաջին ամիսներին Ադրբեջանի կողմից կար նոր լայնածավալ հարձակման էական սպառնալիք: Ավարտվել են բանակցությունները այդ երկու-երեք պայմանագրի շուրջ, որը հնարավորություն է տալիս Հայաստանին ձեռք բերել ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներ, որքան ես եմ հասկանում, վերջնական որոշում դեռ չկա, ու տարբեր պետություններ այդ տեխնոլոգիաներին տիրապետում են, ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաև Ռուսաստանը, Չինաստանը, կարծես Հարավային Կորեան ու Ֆրանսիան ևս քայլեր են ձեռնարկում այդ փոքր մոդուլային ռեակտորների ստեղծման ուղղությամբ: Ամեն դեպքում այս բանակցությունների ավարտը հնարավորություն է տալիս, որ եթե Հայաստանը որոշի, որ ընտրելու է փոքր մոդուլային ռեակտորների կառուցման ամերիկյան տեխնոլոգիաները, ապա արդեն դրա պայմանագրային հիմքը կա: Գիտենք նաև, որ այս ուղղությամբ Ռուսաստանը ևս իր առաջարկները ներկայացրել է ու սպասում է պատասխանի: 

Երրորդ՝ մենք տեսանք հետախուզական որոշ դրոնների վաճառքի համաձայնագիր, որը, կարծում եմ, ունի ոչ այնքան զուտ ռազմական նշանակություն, որքան քաղաքական, որովհետև ամեն դեպքում ցույց է տրվում, որ հիմա Հայաստանն ունի ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու հնարավորություններ: Բոլորս ենք հասկանում, որ ամերիկյան զենքերը իհարկե շատ բարձր որակի են, բայց նաև բավականաչափ թանկ, հետևաբար որքանով Հայաստանը կկարողանա խոշոր ծավալով գնումներ կատարել հենց ԱՄՆ-ից, այլ հարց է, բայց ամեն դեպքում սա ցույց տվեց, որ այդ պատուհանն արդեն բաց է: 

Չորրորդը այդ բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության հետ կապված համագործակցությունն է, մենք տեսանք, որ ԱՄՆ-ն համաձայնել է սկսել այդ արհեստական բանականության համագործակցության տվյալների կենտրոնի կառուցման երկրորդ փուլը ու շատ ավելի մեծ քանակությամբ պրոցեսորներ վաճառել Հայաստանին: Ես այս չորս հիմնական ձեռքբերումը կառանձնացնեմ, որը մենք ունենք փոխնախագահի այցից հետո: 

– Քննարկման թեմա է դարձել 9 միլիարդ դոլարի «ներդրում» անելու թեման Հայաստանում, մի մասը պնդում է, թե ԱՄՆ փոխնախագահը նման բան չի հայտարարել, ուղղակի Հայաստանի իշխանություններն են մանիպուլացնում նրա խոսքը, մյուս մասը՝ ընդհակառակը: Ձեր դիտարկումը խնդրեմ:

– Ես կարդացել եմ անգլերեն տեքստը. փոխնախագահը նշել է, որ միջուկային տեխնոլոգիաների համաձայնագիրը հնարավորություն կտա ԱՄՆ-ի համար ունենալ մինչև 5 միլիարդ դոլարի արտահանում, հենց «արտահանում» բառն է օգտագործված, որից հետո ևս 4 միլիարդ՝ արդեն վառելիքի մատակարարման ու, այսպես ասենք՝ ատոմակայանի փոքր մոդուլային ռեակտորների սպասարկման հետ կապված: 

Ինքս միջուկային էներգետիկայի մասնագետ չեմ, բայց որքան ես եմ հասկանում, խնդիրն այն է, որ եթե Հայաստանը որոշում է, որ ԱՄՆ-ն պետք է կառուցի այդ փոքր մոդուլային ռեակտորը Հայաստանում, ապա ատոմակայանի կառուցման բուն արժեքը կարող է լինել 5 միլիարդ դոլար, որից հետո ևս 4 միլիարդ դոլար էլ կարժենա ատոմակայանը միջուկային վառելիքով ապահովելն ու ատոմակայանի սպասարկումն իրականացնելը: Այսինքն՝ ընդհանուր առմամբ այդ նախագծի գինը, եթե Հայաստանը որոշի, որ ամերիկյան ընկերությունը պետք է դա կառուցի, կարող է կազմել մինչև 9 միլիարդ դոլար: Հիմա, թե ո՛վ է տրամադրելու այդ գումարը, գոնե փոխնախագահի հայտարարություններից հստակ չէ: 

– Ուղիղ ներդրման մասին խոսք փաստորեն չի՞ եղել:

– Ո՛չ, համենայնդեպս ոչ փոխնախագահի կողմից: 

– Ասացիք, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասով, ինչո՞վ եք պայմանավորում այդ հետաքրքրվածությունը այս փուլում: 

– Երկու բաղադրիչ կա՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ աշխարհատնտեսական, թեև դրանք ինչ-որ չափով փոխկապակցված են: Աշխարհաքաղաքական տեսանկյունից դա բնականաբար Հարավային Կովկասի՝ Իրանին սահմանակից լինելն է ու ԱՄՆ-ի ներկայությունը այստեղ, այն էլ երկարաժամկետ, եթե խոսում ենք ԹՐԻՓՓ-ի մասին, խոսքը շուրջ մեկդարյա ներկայության մասին է, երկրորդ՝ Հարավային Կովկասը մինչև 1991 թվականը Խորհրդային Միության մաս էր, ու մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստանը նախկին Խորհրդային Միության հանրապետությունները համարում է իր օրինական կամ հատուկ շահերի գոտի: Այստեղ ամերիկյան ներկայությունը ինչ-որ տեղ տեղավորվում է նաև Ռուսաստանի հետ ընթացող մրցակցության տրամաբանության մեջ, իհարկե նախագահ Թրամփի օրոք այդ տրամաբանությունը որոշակիորեն փոխվել է, Բայդենի օրոք ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև շատ ավելի կոշտ հակամարտություն կար, բայց ամեն դեպքում այդ մրցակցության տրամաբանությունը ինչ-որ չափով դեռևս պահպանվում է: 

Իհարկե կա աշխարհատնտեսական բաղադրիչ, դա բոլորիս հայտնի միջին միջանցքն է, այլ ոչ թե Չինաստանը Եվրամիությանը կապող ինչ-որ ճանապարհների ստեղծման, որովհետև ես բացառում եմ, որ ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Չինաստանը ԵՄ-ի հետ ավելի շատ առևտուր անի: Խոսքն այստեղ վերաբերում է Կենտրոնական Ասիան Թուրքիային ու Եվրոպային կապող հավելյալ միջանցքին: Մեկ միջանցք արդեն մոտ 20 տարի է՝ ինչ գործում է, նկատի ունեմ Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Վրաստան, Սև ծով, Եվրոպա կամ Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Եվրոպա: Ու հիմա կարծես ամերիկացիները շահագրգռված են ունենալ երկրորդ հավելյալ միջանցքը, այսինքն՝ Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա: 

Այստեղ արդեն աշխարհատնտեսական շահերի մեջ մտնում է այդ թվում նաև ենթադրաբար Կենտրոնական Ասիայի ռեսուրսների օգտագործումը։ Գիտեք, որ բոլորը խոսում են հազվագյուտ մետաղների ու այլնի մասին, որոնք շատ կարևոր են ժամանակակից տնտեսության, համակարգչային տեխնոլոգիաների, միկրոպրոցեսորների արտադրության մեջ: Իհարկե դեռևս շատ հստակ պատասխան չունեցող հարցեր կան, թե ինչքանո՞վ այդ ռեսուրսները կան Կենտրոնական Ասիայում, ինչքանո՞վ է շահավետ դրանք արդյունահանելը ու Ադրբեջանով կամ Հայաստանով Թուրքիա կամ ԵՄ տեղափոխելը, բայց ամեն դեպքում այստեղ նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ կա: 

Որոշ փորձագետներ խոսում են նաև, որ Սյունիքի մարզում կան ուրանի հանքավայրեր, գուցե ԱՄՆ-ն որոշակի հետաքրքրություններ ունի նաև հենց Հայաստանի հանքահումքային հանածոներում ինչ-որ ներգրավվածություն ունենալու համար՝ սկսած պոտենցիալ ուրանից, վերջացրած արդեն իրատեսական պղնձի ու մոլիբդենի շատ խոշոր հանքավայրեր կան: Ամեն դեպքում այս երկու բաղադրիչը կա, որը ԱՄՆ-ին բերում է Հարավային Կովկաս՝ կոնկրետ դեպի Հայաստանի հարավային հատված:

– Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցում փոխնախագահի այս այցն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

– Գուշակություններով զբաղվել չեմ ցանկանում, բայց որքան ես եմ հասկանում Բաքվի ընկալումներից, կա գերիների երկու խումբ՝ ռազմաքաղաքական ղեկավարություն, որտեղ կա առանձնացված Ռուբեն Վարդանյան ու մնացած 7-ը, ու մնացյալ գերիները, Ադրբեջանի կողմից հաստատված 19 գերի, որից հանում ենք 8-ը, մնում է 11: Որքան ես եմ պատկերացնում, Ադրբեջանը դիտարկում է ինչ-որ բանի կամ ինչ-որ կողմի խնդրանքի դիմաց այդ 11 անձին ազատ արձակելու հնարավորությունը, կարող եմ ասել՝ մինչև այս տարվա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններ: Բայց ռազմաքաղաքական ղեկավարության խմբի մասով Ադրբեջանն ունի այդ մարդկանց ազատ արձակելու զրո ցանկություն, ու տրամադրվածությունը այնպիսին է, որ այդ մարդիկ դեռ շատ երկար պետք է մնան Բաքվի բանտերում: 

Հնարավո՞ր է փոխել Ադրբեջանի դիրքորոշումը այս մասով, մի փոքր բարդ է ասել, բայց ամեն բան կախված է նրանից, թե ո՛վ է պահանջողն ու ի՛նչ է առաջարկում դրա դիմաց, հետևաբար չենք կարող ասել, թե այստեղ կան դժվարություններ, բայց, իմ պատկերացմամբ, Ադրբեջանը դժվար թե հակված է այդ մարդկանց խնդիրը մոտ ապագայում լուծելու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am