«Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում Հայաստանում սկսել ատոմակայանի նախագծի իրագործումը. Գալուզին

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան մտադիր է հնարավորինս շուտ իրականացնել ատոմակայանի կառուցման նախագիծը Հայաստանում։ Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

««Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում սկսել նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։ Հուսալի, ապացուցված տեխնոլոգիաների առկայության և ֆինանսական պարամետրերի գրավչության առումով այլընտրանքներ չկան, այդ թվում՝ հաշվի առնելով շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը», – նշել է Գալուզինը։

Փետրվարի 6-ին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ «Ռոսատոմ»-ի ղեկավարը ներկայացրել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցը։

2023 թվականին «Ռոսատոմ սերվիս»-ը և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են ստորագրել՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին։