«Ալեն Սիմոնյանի այցելությունը Բալի ռոմանտիկ դրսևորումներով ունեցել է զբոսաշրջային բնույթ». ինչու ընդդիմադիր պատգամավորները չեն մեկնել Բալի

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած իշխանական պատգամավորներից կազմված 11 հոգանոց պատվիրակության այդքան քննարկված այցը Բալի ՀՀ պետբյուջեի վրա կարող էր 18 միլիոն 348 հազար դրամից ավելի արժենալ, եթե այդ պատվիրակության կազմում լինեին նաև ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։

«Մենք չենք մասնակցում տուրիստական բնույթ ունեցող բոլոր գործուղումներին, մենք այդ ճոխությունը չունենք, որ մեր բյուջեի հաշվին զբոսաշրջությամբ զբաղվենք»,- «Մեդիալաբին» ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա ընդգծում է՝ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակության այցելությունը Բալի «իր բոլոր ռոմանտիկ դրսևորումներով ունեցել է զբոսաշրջային բնույթ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սույն թվականի մարտի 25-ին, «Մեդիալաբը» գրավոր հարցումով դիմել էր Ազգային ժողով՝ Բալի կատարած այցի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչի համար խորհրդարանը 30 օր ժամանակ էր խնդրել։

Բացի ուղևորության ընդհանուր արժեքից, որ պաշտոնական պարզաբանման համաձայն կազմել է 18 միլիոն 348 հազար դրամ, «Մեդիալաբը» Ազգային ժողովից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար կազմված պատվիրակությունը բաղկացած եղել բացառապես իշխանական պատգամավորներից։ «Ընդդիմադիր պատգամավորները, ովքեր Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ են, հրաժարվել են մասնակցել վեհաժողովի աշխատանքին»,- նշված էր մեր հարցման պատասխանում։

«Մեր խմբակցությունից առաջարկն արվել է Արամ Վարդևանյանին, որը մերժել է, արդեն ասացի՝ ինչից ելնելով, որովհետև այդ այցը մեր պետության համար որևէ կարևոր հարց չէր լուծում»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Եթե «Հայաստան» խմբակցությունն ստացել է առաջարկն ու մերժել, ապա «Պատիվ ունեմ» խմբակցությանն ընդհանրապես Բալի մեկնելու առաջարկ չի արվել։

«Ես IPU-ի (Միջխորհրդարանական միության) անդամ եմ, ինձ առաջարկ չի եղել»,- «Մեդիալաբին» ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Մեդիալաբի» հետ զրույցում Հայկ Մամիջանյանի ասածը հերքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Առաջարկը եղել է IPU-ի անդամ պատգամավորներին, որոնք այն մերժել են իրենց հերթական պատճառաբանությամբ, որ դաշինքի անդամները բոյկոտում են միջազգային կառույցներում աշխատանքը, քանի դեռ իրենց մի քանի գործընկերների վրա կա երկրից բացակայելու արգելք»,- ասում է Ծովինար Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Մամիջանյանը, սակայն, վերահաստատեց ու պնդեց իր ասածը, որ իրեն ու իր խմբակցությանը նման առաջարկ չի արվել։ Կմեկնե՞ր Բալի, եթե առաջարկ լիներ մեր հարցին պատգամավորը կարճ պատասխան տվեց.

«Կներեք, բայց «եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում»:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am