Միջազգային արձագանքը Տավուշում հայ-ադրբեջանական սահմանային բախումներին

Army
Հեղինակ MediaLab

Հայ-ադրբեջանական պետական սահմանի՝ Տավուշի մարզի հատվածում վերջին օրերին արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտումները ոչ միայն բացասական ազդեցություն են ունենում բանակցային գործընթացի վրա, այլ նաև հերթական անգամ ի ցույց են դնում դիվանագիտական և անվտանգության կառույցներում Հայաստանի համար անբարենպաստ միտումները։  

Թուրքիան խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր պարտավորությունները

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացով, ինչպես հայտնի է, զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը (ՄԽ), որի առաջնահերթություններից է հակամարտության գոտում ռազմական գործողություններ թույլ չտալը։ 

Չնայած վերոնշյալ հանգամանքին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ անդամ Թուրքիայի արձագանքը հեռու է չեզոք լինելուց։ Ընդ որում՝ Թուրքիան իրավիճակին արձագանքել է թե՛ արտգործնախարարության և թե՛ նախագահի մակարդակով, և այդ երկու հայտարարություններն էլ ուղղված էին Հայաստանի դեմ։ 

Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունում դատապարտվել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կատարած հարձակումը», իսկ արտգործնախարարության հայտարարությունում հայկական կողմի գործողությունները որակվել են որպես «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսևորում»։ 

«Մենք մտահոգված ենք, որ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից ի վեր այս տարածաշրջանում առկա լարվածությունը Հայաստանի հանդուգն և պարբերական հարձակումների հետևանքով բախման է վերածվել: Ավելին, այս վերջին հարձակումը իրականացվել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի սահմանագծում, այլ ուղիղ երկու երկրների սահմանին ծանր ռազմատեխնիկայի կիրառմամբ»,- հայտարարել է Էրդողանը: Նա նաև նշել է, որ իր երկիրը չի հապաղի պաշտպանել Ադրբեջանին: 

Փաստորեն, Թուրքիան սպառնացել է ռազմական գործողություններ սկսել մի երկրի դեմ, որի հակամարտության կարգավորման միջնորդ է հանդիսանում։ 

ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն

Մեր տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկու ռազմաքաղաքական կառույցները՝ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որի անդամ է նաև Հայաստանը, գրեթե միանման չեզոք հայտարարություններով են հանդես եկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մասնավորապես, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է․ «Մենք մտահոգությամբ հետևում ենք զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ»:

ՀԱՊԿ-ն, իր հերթին, հայտարարել է․ «Ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների խնդրի կարգավորմանը, այդ պետություններից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ է։ Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության ձեռք բերած պայմանավորվածությունները՝ հրադադարի մասին, խախտվում են»։ 

Ընդհանուր առմամբ՝ երկու կազմակերպությունները գրեթե միանման հայտարարություն են արել, այն է՝ մտահոգություն են հայտնել և կոչ արել կողմերին լուծել իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով։ ՀԱՊԿ-ն նաև կոչ է արել կողմերին «զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը կանխելու համար»։

Եթե ՆԱՏՕ-ի դեպքում նման որակի հայտարարությունն ակնկալելի և հասկանալի էր, քանի որ հակամարտող կողմերից որևէ մեկը ՆԱՏՕ անդամ չէ, ապա ՀԱՊԿ դեպքում նմանատիպ բալանսավորված հայտարարությունն իր անդամ երկրի՝ Հայաստանի հանդեպ անտարբերության տպավորություն է ստեղծում՝ հերթական անգամ հիշեցնելով, որ այս միջազգային կազմակերպության գոյությունը ձևական բնույթ է կրում։

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 15-ին, ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՀԱՊԿ խնդրահարույց հայտարարությանը, նշել էր, որ «հակամարտության աստիճանն ու մասշտաբներն այնպիսին չեն, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ ինչ-որ գործողությունների, միջամտության և օգնության համար»։ Այդուհանդերձ, ՀԱՊԿ-ից առնվազն վերբալ օժանդակություն Հայաստանը չպետք է խնդրեր, այլ ստանար նման աջակցություն կազմակերպության անդամի իրավունքով։

Այլ արձագանքներ

ԵԱՀԿ Մինսկի խումբը և համանախագահ երկրները (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա), ԵՄ-ն և ՄԱԿ-ը չեզոք դիրքորոշում են հայտնել էսկալացիայի վերաբերյալ։ Համացանցում տարածվել է նաև ԳՈՒԱՄ (Վրաստան (Georgia), Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության հայտարարությունը, որը աջակցություն էր հայտնում Ադրբեջանին։ Այս կազմակերպություն չունի որևէ միջազգային տեսանելիություն և ազդեցություն։ Ավելին՝ ԳՈՒԱՄ-ի 2020 թվականի նախագահությունը Ադրբեջանինն է, և կազմակերպության կայքը պարզապես վերահրապարակել էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը։

Թեև կասկածելի է թվում, որ ԳՈՒԱՄ-ի բոլոր անդամ երկրները ԱԳՆ մակարդակով հաստատել են այդ հայտարարության տարածումը, անդամ երկրներից մեկը՝ Ուկրաինան, իր զորակցությունն է հայտնել Ադրբեջանին։ «Ուկրաինական կողմը պաշտպանում է իրավիճակի քաղաքական կարգավորումը` հիմնվելով Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- գրված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունում։

Ի պատասխան, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան հրավիրվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը դեսպանին փոխանցել էր հայկական կողմի գնահատականն Ուկրաինայի դիրքորոշման վերաբերյալ։  

Պակիստանը Ադրբեջանական կողմին աջակցող հայտարարություն էր կատարել՝ պնդելով, որ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա։ Ուշագրավ է, որ Պակիստանը աշխարհի միակ պետությունն է, որը պաշտոնապես չի ճանաչել Հայաստանը։ 

Խորհրդարանի պատգամավորի մակարդակով Հայաստանին աջակցություն է հայտնել Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության հույն պատգամավոր Դիմիտրիս Մարկոպուլոսը։ «Խաղաղությունն ու առաջընթացը կարող են հանդիսանալ միայն նպատակ և ձգտում ոչ միայն Հունաստանի, այլ նաև եղբայր երկիր Հայաստանի համար: Մեզ խորապես անհանգստացնում է սահմանում լարվածության բռնկումը ողջ տարածաշրջանի համար այս ճգնաժամային պահին», հայտարարել է նա:

Հուլիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի՝ Կիպրոսի ԱԳ նախարարը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:

Հայաստանին աջակցող համատեղ հայտարարություն են տարածել նաև Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունները։ Այս հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը»։ Բացի սա, հայտարարությամբ ֆրանսիացի խորհրդարանականները դատապարտում են նաև Թուրքիայի աջակցությունն ադրբեջանական ագրեսիային։

Հարկ է նշել, որ բացի վերոնշյալ հայտարարությունները, հայ-ադրբեջանական սահմանային բախումներին անդրադարձել են ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, սենատորներ, եվրոպական երկրների խորհրդարանականներ և այլն։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»