Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ հանդիպել է սատանային. Telegraph

Հրապարակված հետմահու օրագրերում Հռոմի հանգուցյալ պապ Ֆրանցիսկոսը պատմել է սատանայի հետ երեք հանդիպումների մասին։ Նրա նկարագրությամբ՝ սատանան ունեցել է խռպոտ ձայն և կրակի նմանվող աչքեր։Այս մասին հայտնում է Telegraph-ը:

Արգենտինացի պապը, որը մահացել է անցյալ տարի՝ 88 տարեկանում, գրել է, որ այդ հանդիպումներից երկուսը տեղի են ունեցել Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած տարիներին, իսկ երրորդը՝ 2018 թվականին, երբ Չիլի կատարած այցից հետո վերադառնում էր Հռոմ։

Ըստ կաթոլիկ եկեղեցու ուսմունքի՝ սատանան ընկած հրեշտակ է։

Հրապարակված օրագրերում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մանրամասներ է ներկայացրել սատանայի հետ իր հանդիպումների, դժոխքի տեսիլքի և հոգևոր ճգնաժամի մասին։

The Private Diary of Pope Francis վերնագրով 160 էջանոց գիրքը լույս է տեսել երեքշաբթի։ Այն հիմնված է Ֆրանցիսկոսի՝ ավելի քան երեք տասնամյակ վարած անձնական օրագրերի վրա։

Օրագրերում Ֆրանցիսկոսը գրել է, որ հաճախակի ենթարկվել է «դիվային հարձակումների»։ Նա նկարագրել է սատանայի աչքերը՝ որպես «կրակի նմանվող», «գայթակղիչ» և «սպառնալից»։

2024 թվականի օգոստոսին արված գրառումներից մեկում նա նշել է, որ չի կարողանում մոռանալ սատանայի աչքերը, որոնց տեսել էր առաջին երկու հանդիպումների ժամանակ՝ մեկը մեքենայից տուն վերադառնալիս, մյուսը՝ պատարագի ընթացքում։

2021 թվականի հունվարի գրառման մեջ Ֆրանցիսկոսը պատմել է նաև Հռոմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ սատանայի հետ առերեսվելու մասին։

«Ես տեսա նրան և լսեցի նրա հաղթական ձայնը, որով նա կարծես տիրում էր ամեն ինչին. «Հիմա ես ստացել եմ այն ամենը, ինչ ուզում էի»»,- գրել է նա՝ հավելելով, որ այդ դեպքում չի կարողանում մոռանալ սատանայի խռպոտ ձայնը։

Ֆրանցիսկոսը նաև նշել է, որ 2018 թվականին տեսել է դժոխքի մուտքը։

«Անցած գիշեր տեսա դժոխքի մուտքը։ Մի փոքր ներս նայեցի, և դա սարսափեցրեց ինձ։ Դա քնելուց առաջ էր։ Որպես զենք՝ վերցրի տերողորմյան»,- գրել է նա։

Հռոմի պապը սատանային բազմիցս հիշատակել է նաև իր պապության տարիներին՝ պնդելով, որ այն ոչ թե չարիքի վերացական խորհրդանիշ է, այլ իրական էակ։

Վատիկանի հարցերով փորձագետ Ռոբերտ Միքենսի խոսքով՝ Ֆրանցիսկոսի համար սատանան չարի մարմնավորումն էր։ Պապի կենսագիր Օսթին Այվերայը նշել է, որ օրագրերում սատանայի ֆիզիկական ներկայության այդքան մանրամասն նկարագրություններն անսպասելի բացահայտում են։

Օրագրերը նաև բացահայտում են, որ 2021-2022 թվականներին Ֆրանցիսկոսն անցել է երկամյա հոգևոր ճգնաժամի միջով։ Նա պայքարել է իրեն հասանելի իշխանությունը չարաշահելու գայթակղության դեմ՝ գրելով, որ չի ցանկանում դառնալ մարդ, որը մյուսներին օգտագործում է որպես խամաճիկներ։

Օրագրերի գրառումները սկսվում են 1992 թվականից, երբ ապագա պապը՝ Խորխե Մարիո Բերգոլիոն, Բուենոս Այրեսի օժանդակ եպիսկոպոսն էր, և ավարտվում 2024 թվականի օգոստոսին՝ նրա մահից մոտ ութ ամիս առաջ։

Գրառումներում անդրադարձ կա նաև Ֆրանցիսկոսի՝ պապ ընտրվելուն և նրա հաջորդին՝ Լևոն XIV-ին։ Վերջինիս մասին նա արտահայտվել է դրականորեն՝ նրան անվանելով «մեծ հովիվ, առատաձեռն միսիոներ և անբասիր մարդ»։