ԱՄՆ-ն մինչև 500 մլն դոլար կներդնի Գրենլանդիայում ռազմական բազայի ընդլայնման համար

ԱՄՆ-ն մշակել է Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման ծրագիր, որի արժեքը կարող է կազմել մինչև 500 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Newsweek ամսագիրը՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերը։

Պարբերականի ձեռք բերած պետական գնումների վերաբերյալ տվյալները ներառում են Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ԱՄՆ տիեզերական ուժերի Պիտուֆիկ բազայի զարգացման լայնածավալ ծրագրեր։

Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսից պարբերականին հաստատել են, որ «կառավարությունն արդեն առանձին պայմանագիր է կնքել նախագծային ծառայությունների մատուցման համար»։

Նախագծերը նախատեսում են ավիատեխնիկայի համար երեք անգարի, ինքնաթիռների տեխնիկական սպասարկման առանձին շենքի, ավիատեխնիկան կոռոզիայից պաշտպանելու համար նախատեսված կառույցների կառուցում, ինչպես նաև ավիացիոն գործողությունների ապահովման ենթակառուցվածքների արդիականացում։

Նշվում է, որ նախագծերը մշակելիս հաշվի են առնվել Արկտիկայի խիստ կլիմայական պայմանները։ Նախատեսվում են նաև լրացուցիչ ներդրումներ էլեկտրամատակարարման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերում։

ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքների արժեքը գնահատվում է 250-500 մլն դոլար։