«Հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին». Նորածիններին լքելուն նպաստում են նաև բժիշկները

20-10-2015
2837 դիտում
«Հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին». Նորածիններին լքելուն նպաստում են նաև բժիշկները

Երբ հայաստանյան մամուլում ժամանակ առ ժամանակ  լուրեր են տարածվում այն ծնողների մասին, որոնք նախընտրում են մանկատուն հանձնել հաշմանդամություն ունեցող իրենց նորածիններին, սովորաբար սոցիալական ցանցերում մարդիկ սկսում են անխնա քննադատել նրանց՝ իրենց զավակներին կյանքի հենց առաջին օրերից լքելու համար։

Ու չնայած նման ծնողների նկատմամբ այս մերժողական, դատապարտող վերաբերմունքին, ոլորտի փորձագետները փաստում են, որ հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերը մեծամասամբ մնում են չկոտրված ու չհաղթահարված։

Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում մանկատուն են հանձնում հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Մասնավորապես, ըստ disabilityinfo.am-ի, 2014 թվականին Հայաստանի ութ մանկատներում ապրել է 927 երեխա։ Հաշմանդամությունեն ունեցել 521-ը: Նույն թվականին մանկատների խնամքին է հանձնվել մինչև 1 տարեկան 34 երեխա, որոնցից 29-ը՝ հաշմանդամություն ունեցող:

Ծանր, բազմակի հաշմանդամություն ու հատկապես մտավոր խնդիրներ ունեցող նորածիններին լքելը թեև զուտ հայաստանյան երևույթ չէ, բայց շատ ծնողներ խոստովանում են, որ որոշմանը երբեմն նպաստում են նաև բժիշկները, ովքեր խորհուրդ են տալիս երեխային մանկատուն հանձնել՝ նկարագրելով հաշմանդամություն ունեցող երեխային պահելու անասելի դժվարությունները։

Հայաստանյան և միջազգային մամուլը տարեսկզբին լայնորեն լուսաբանեց Դաունի համախտանիշով ծնված փոքրիկ Լեոյի դեպքը, երբ մայրը ծննդաբերությունից անմիջապես հետո որոշել էր հրաժարվել երեխայից, հետո, բարեբախտաբար, այդպես չվարվեց։

«Դեռևս շոկի մեջ էի, երբ եկավ բժիշկն ու խնդրեց որոշում կայացնել, եթե երեխային չեմ վերցնելու, ինձ ու փոքրիկին չտանջելուհամար Լեոյին չբերեն մոտս»,- իր նախնական որոշումը բացատրող հայտարարությունում գրել էր մայրը։

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զարուհի Բաթոյանն ասում է՝ կարծրատիպերը հատկապես ամուր են մտավոր խնդիրներ ունեցող երեխաների վերաբերյալ, հետևաբար ավելի մեծ է նրանց նկատմամբ խտրականությունը։

«Երբ ասում ենք՝ հաշմանդամություն ունեցող երեխան պիտի ապրի ընտանիքում, բոլորը շատ կողմ են, որևէ մեկը քննարկման չի դնում այդ հարցը, իսկ երբ խոսքը մտավոր խնդրի մասին է, ուրեմն իրեն միանշանակ պիտի հանձնել, այս մոտեցումը կա Հայաստանում, և ով ինչ ուզում է ասի, մենք չենք կարող դա ժխտել,- նշում է Բաթոյանը,- Լեոյի դեպքը ցույց տվեց, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր անձամբ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրամահավանքներ են իրականացնում, հենց իրենք կողմ են, որ նման երեխաներին հանձնեն մանկատուն»։

Բաթոյանի խոսքով՝ երեխաներին մանկատուն հանձնելու որոշմանը կարծրատիպերից, հոգեբանական աջակցության բացակայությունից բացի նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային ծառայությունների, ռեսուրսների բացակայությունը կամ ոչ մատչելիությունը։

«Եթե այդ ծառայությունները լինեն՝ հոգեբանական, կրթական, զարգացման, վերականգնողական, մարդը իր համայնքում իրեն ապահով կզգա, եթե այդ ծառայությունները չկան, մարդը իրեն զգում է առանց որևէ հենման կետի և բնականաբար, խուճապի է մատնվում, հատկապես նոր ձևավորված ընտանիքում, երբ երեխան նոր է ծնվել, կամ առաջին երեխան է, շատ դժվար է ծնողների և հատկապես մոր համար այդ սթերսային վիճակը հաղթահարել»,- «Մեդիալաբին» ասում է Բաթոյանը։

«Իսկ մենք նույնիսկ այսօր հիվանդանոցներում չունենք հոգեբաններ, սովորական հոգեբաններ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխա լույս աշխարհ բերած կնոջը, այլ բոլոր կանանց»,- նկատում է նա։

Մինչդեռ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծննդատներում հոգեբանի կարիք չի տեսնում՝ պնդելով, թե հայերը երեխայասեր ազգ են, հետևաբար նման մասնագետների հասարակական պահանջ չկա։

6-18 տարեկան երեխաների համար նախատեսված Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը հաշմանդամություն ունեցող երեխային մանկատուն հանձնելու հարցում նաև ծնողների անիրազեկություն է մատնանշում։

«Ծնողները շատ հաճախ կրթված չեն լինում երեխայի կարիքների մասին, նրանց իրավիճակի մասին, երբեմն շատ սխալ մոտեցում են դրսևորում,  երբեմն շատ կոպիտ սխալներ են անում, օրինակ, մտավոր խնդիրներ ունեցող ակտիվ երեխային կարող են կապել մահճակալին, շարժումները սահմանափակել, որ չջարդի, չփշրի, չծեծի։ Սա լինում է հատկապես սեռական հասունացման շրջանում, երբ մեծ մասամբ տղաների մոտ կոպիտ վարքային խախտումներ են արձանագրվում։ Իսկ նման սխալ մոտեցումը հանգեցնում է էլ ավելի խորը խնդիրների»,-«Մեդիալաբին» ասում է տնօրենը։

Հայաստանի ամենաաղքատ քաղաքներից մեկում՝ Գյումրիում այս ամիս պաշտոնապես բացվեց բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված «Էմիլի արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնը։ Այս կենտրոն են հաճախում ընտանիքներում ապրող հինգ տարեկանից բարձր երեխաները։ Կենտրոնի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին մանկատուն չհանձնած ծնողների համար ամենամեծ ու առաջնային խնդիրը մնում է համապատասխան ֆինանսների բացակայությունը։

«Երբ ծնողը զբաղված է իր հատուկ կարիքներ ունեցող երեխային խնամելով, բնականաբար, չունի աշխատելու հնարավորություն, չնայած որ մենք թեթևացնում ենք դա, երեխային կենտրոն ենք բերում, որոշ ժամանակ ծնողը ազատ է լինում, բայց երեխան ամեն օր չէ, որ հաճախում է կենտրոն։ Ինչպես բոլոր խոցելի խմբերի համար, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար էլ ֆինանսական դժվարություններ են շատ, նրանք, ովքեր պիտի դպրոց գնան, տաքսու գումար չունեն, չեն կարող քաղաքային տրանսպորտով գնալ, երեխայի բուժման ծախսերն են խնդիրը։ Այստեղ հաճախող երեխաներից ծնողներից շատերը առավել խոցելի են, քանի որ միայնակ մայրեր են»,- ասում է Հակոբյանը։

Կենտրոնի տնօրենը նաև նշում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներից շատերը նրանց տանից դուրս հանելու բարդույթներ ունեն:

«Շատ-շատ են այդ բարդույթները, ամաչում են դպրոց տանել-բերել, ամեն անգամ գալիս պատմում են, որ «մեր երեխաներին լրացուցիչ հայացքներ կան» և այլ։ Երեխա ունենք, որ պատրաստ է դպրոց գնալու, բայց տատիկը տարբեր պատճառներով երեխային դպրոց չի տանում»,-«Մեդիալաբին» ասում է նա։

2012 թվականին ՄԱԿ-ի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ  հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին համեմատաբար ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին: Ըստ նույն զեկույցի, հաշմանդամություն ունեցող աղջիկներնավելի շատ են հակված դուրս մնալ դպրոցից, քան տղաները. սեռերի միջև տարբերություններն ավելի ակնհայտ են մարզայինքաղաքներում:

Զարուհի Բաթոյանը նշում է, որ պատճառը շատ հաճախ ընտանիքի մենթալիտետի խնդիրն է:

«Հատկապես գյուղական վայրերում ընտանիքը ավելի շատ ամաչում է, կոմպլեքսավորվում է և իրեն ավելի խոցելի դարձնում, երբ երեխան աղջիկ է։ Մենք շատ ենք հանդիպել դեպքերի, երբ աղջիկ երեխաներին մեկուսացում են, փակում են հասարակությունից։ Հակառակը տեղի է ունենում տղաների դեպքում. որքանով որ խնդիրները նույնն են, ծնողները ավելի ակտիվ են, ավելի ուշադիր են, շահագրգռված են, որ երեխաները ավելի ակտիվ լինեն, համայնքում ընդգրկվեն, օրինակ, բակում խաղալը, հասակակիցների հետ շփում ավելի շատ են խրախուսում»,-«Մեդիալաբին» ասում է Բաթոյանը։

«Իսկ քանի որ աղջկա դեպքում ընդունված է, որ պիտի մայր լինի, ընտանիքի հոգսը ամբողջությամբ նրա վրա պիտի լինի, լավ կին պիտի լինի, բնականաբար, մարդիկ այս կարծրատիպերից ելնելով մտածում են, որ հաշմանդամություն ունեցող աղջիկը չի կարող այդ դերերը ստանձնել, հետևաբար նրա «օգտակարության գործակիցը» նվազում է, այլևս իմաստ չի լինում ներդրումներ կատարել նրա ապագայի կամ զարգացման վրա»,- հավելում է նա։

Բաթոյանը ցավով է արձանագրում, որ մանկատանը հայտնված հաշմանդամություն ունեցող անձը կրկնակի, եռակի խոցելի է դառնում:

«Նրանք ուղղակի ամբողջ կյանքի ընթացքում հաստատությունից հաստատություն են տեղափոխվում, եթե երեխան փոքր տարիքի է, Գյումրիում է, հետո գնում է Նոր Խարբերդ, 18-ից հետո գնում է Վարդաշեն, ինչը հոգեբուժարան է և վերջ, այդտեղ վերջանում է նրա կյանքը, կամ գնում են ծերանոց։ Այսինքն մարդու կյանքը այդպես է անցնում, էլ չեմ խոսում մարդու տարրական իրավունքների մասին, որոնք չեն ապահովում այդ փակ հաստատությունները, սովորական անձնական կյանքի իրավունքը, կարող է բռնության դեպք գրանցվել, և մենք ոչնչից տեղյակ չենք, որովհետև դրանք փակ հաստատություններ են, որովհետև այդ երեխաները ոչ մեկին չեն հետաքրքրում, փաստը սա է»,-ասում է նա։

Բաթոյանը՝ որպես խնդրի լուծման արդյունավետ տարբերակ մատնանշում է սոցիալական կենտրոնների հիմնումը, որտեղ կարող են ստեղծվել ընտանիքի մոդելի նման տներ:

«Որտեղ մարդը կարող է ինքնուրույն ապրել, այդ սոցիալական միջավայրում ստանալ համապատասխան ծառայություններ, աջակցություն, զրկված չլինի իր իրավունքներից, որպես քաղաքացի գործելու իր հնարավորություններից»,-նշում է Բաթոյանը։

Նաիրա Գեւորգյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

© Medialab.am