Թե ինչպես են հայերը աղջիկ տալիս օտարերկրյա փեսային․ «Ալամեզոն» Բլոգ 

30-11-2016
1948 դիտում
Թե ինչպես են հայերը աղջիկ տալիս օտարերկրյա փեսային․ «Ալամեզոն» Բլոգ 
Սկեսրայրս մեքենա էր պատրաստվում գնել և ամուսնուս` Ժորդանի հետ միասին գնացել էին մեքենաների վաճառքի կետ Կրոնենբուրգ` գործարքը կնքելու։

Երբ վերադարձան, ասաց. 

-Աշխարհը իրոք փոքր է , հայերի հանդիպեցինք։
 
Ես էլ կաատակեցի․
 
֊Աշխարհը փոքր չի , մենք հայերս ենք շատ և ամենուր։
 
Պատմեց, որ հենց ներս է մտել առքուվաճարքի գրասենյակ եւ աչքին է զարնվել պատին փակցված հայկական եռագույն դրոշը, ասել է․ 
 
֊Վայ, հայկական դրոշն է, հետո էլ ավելացրել հայկական «բարեւ»֊ը։
 
Տեղի հայերն էլ ապշել են։ 
 
- Հայերին գիտե՞ք։ 
 
Ամուսինս էլ հպարտ֊հպարտ ասել է, թե կինս հայ է, իհարկե գիտեմ։ 
 
Ամուսինս պատմում է, որ իր ասածի վրա, հայերը միանգամից ոգեւորվել են ու սկսել գովել հայ աղջիկներին, թե ինչքան լավն են ու գեղեցիկ, հոգատար, բարի, ու թե ինչքան է Ժորդանի բախտը բերել, որ հանդիպել է հայ աղջկա։ Հետո էլ ասել էին, թե ուրախ կլինեն այցելելու մեր տուն, Ժորդանն էլ մեծ սիրով հրավիրել էր։ 
 
Ուղիղ երկու օր անց մեր տանը հայ հյուրեր ունեինք։ Մեկ էլ տեսա, երկու տղամարդ՝ հայկական կոնյակը ձեռքներին ներս մտան մեր տուն, կոնյակը տվեցին Ժորդանին, իսկ երբ բարեմաղթանքներով համեմված մի հայկական ավանդական կենաց ասեցին, սիրտս հալվեց։
 
Շատ հուզվեցի․․․
 
Հետո էլ ինձ դիմեցին, թե «մեր փեսուն լավ կպահես» ու գնացին։ 
 
Ինչքան տուն հրավիրեցինք՝ հրաժարվեցին։ Ասում էին «գործեր կան, շտապում ենք» ու էդ կարգի բաներ, երեւում էր, որ հատուկ հետաձգել էին ամեն ինչ, որ գոնե մի քանի րոպե մեզ այցելեն։ Շատ հուզիչ էր։ 
 
Մի հետաքրքիր բան եմ հասկացել․ Հայաստանից դուրս զգացմունքները շատ ավելի խիտ ու սուր են, շատ բաներ, որ չէիր էլ պատկերացնի, կարող են մինչեւ հոգուդ խորքը հուզել։
 
Երբ աչքդ չի տեսնում ծառերը, ոտքդ չի զգում հայրենի հողը, շունչդ չի զգում օդը, ականջդ չի լսում հայկական էն «արևահամ լեզուն» սկսում ես սրտով զգալ այս ամենը :)) 
 
Այն ինչ պատմեցի, նոր չի, երկու տարի առաջ էր տեղի ունեցել։ Կոնյակը մեծ հոգատարությամբ եւ սիրով երկու տարի պահել էինք, եւ մի քանի օր բացեցինք։ 
 
Ամեն անգամ նայում եմ հայկական կոնյակի շշին ու էլի ներսս ջերմությամբ ու մի քիչ էլ տխրությամբ է լցվում։ Ժպտում եմ էլի․․․
 
Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog