«Այս 28 տարվա ընթացքում, եթե մժեղներն էլ վերցնեին այդ գործն իրենց վրա, կանեին այն, ինչ արեցին իշխանությունները». Վահան Թումասյան

07-12-2016
15764 դիտում
«Այս 28 տարվա ընթացքում, եթե մժեղներն էլ վերցնեին այդ գործն իրենց վրա, կանեին այն, ինչ արեցին իշխանությունները». Վահան Թումասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

-Պարոն Թումասյան, երկրաշարժից 28 տարի անց ի՞նչ իրավիճակ ունենք աղետի գոտում, մասնավորապես, Գյումրիում:

-Մենք ունենք վագոն-տնակներում, կիսախարխուլ շենք-շինություններում, նախկին գործարանային հանրակացարաններում մի կերպ պատսպարված մոտ 3000 ընտանիք: Նրանք անօթևան են, բայց նրանց մի մասին պետությունը չի ճանաչում որպես երկրաշաժի հետևանքով անօթևաններ: Բայց դա վիճելի է, որովհետև եթե երկրաշարժը չլիներ, այդ տնակները չէին լինի, հետևաբար այս վիճակը չէր լինի: Մենք ունենք արտագաղթ, և որպես այդպիսին վերականգված քաղաք չունենք: Այսօր ունենք ընդամենը փլատակներով պատված Գյումրի, որտեղ երկրաշարժի հետևանքները դեռևս թարմ են: Այսինքն՝ քաղաքն ընդամենը բնակատեղի է, և պատահական չէր, որ վերջին ֆիլմը նկարելիս կադրերի ու դեկորացիայի խնդիր չեղավ, որովհետև, ինչպես 28 տարի առաջ, այսօր էլ շատ աղետալի տեսարաններ կան քաղաքում: Այսօր Գյուրիում ունենք մասսայական գործազրկություն, ծայրահեղ աղքատություն ու թշվառություն:

-Եթե անդրադառնանք այս տարիների ընթացքում իշխանությունների կատարած աշխատանքին, ապա ի՞նչ գնահատական կարող ենք տալ դրան, որքանո՞վ է լուծվել աղետի գոտու խնդիրը:

-Այս 28 տարվա ընթացքում, եթե մժեղներն էլ վերցնեին այդ գործն իրենց վրա, կանեին այն, ինչ արեցին իշխանությունները: Բնական է, 28 տարվա ընթացքում ինչ-որ աշխատանք արվել է, 100 տարվա ընթացքում էլ ինչ-որ բան կարվի, բայց աղետի հետևանքներն ամբողջովին վերացնելու, քաղաքի վերականգնման առումով շատ քիչ բան է արվել: Գյումրիում աղքատությունը հաղթահարելու, անօթևանությունը վերացնելու համար կոնկրետ որոշումներ ու գործողություններ են պետք: Միայն խոսքերով, լոզունգներով ու խոստումներով այդ խնդիրը չես լուծի: Հիմա էլ, երբ Շիրակի մարզպետարանում քննարկումներ են անում, կարող են ժամերով խոսել, բայց այդ ընթացքում միայնակ տարեցն ու բազմազավակ ընտանիքը տնակում սառչում են: Այդ ընտանիքների ջերմությունն ինչպե՞ս պետք է ապահովես, ելույթներով ու լոզունգենրով չես անի այդ գործը, կոնկրետ գործողություններով պետք է մարդու համար ջերմություն ապահովես: Ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելով պետք է լուծել աղքատության խնդիրը: Մոտ 2000 գյումրեցի ընտանիքի պետությունն այսօր չի ուզում շահառու ճանաչել ու բնակարանով ապահովել և հույսը դրել է բարեգործական հիմնադրամների ու անհատ հովանավորների վրա: Բայց «Շիրակ կենտրոն» 7 մլն դրամով տուգանեցին բնակարաններ նվիրելու համար, էլ ո՞վ բնակարան կնվիրի, ո՞ր հովանավորը նորից այդ գործը կանի: Միայն բարի ցանկություններով չես կարող կառավարել երկիրը:

-Եթե անդրադառնանք ձեր ղեկավարած կենտրոնի աշխատանքներին, քանի՞ բնակարան եք այս տարիներին նվիրել անօթևան ընտանիքներին:

-Մենք մի քանի բարեգործական ուղղություններով ենք աշխատում: Առաջինը ձմռան ամիսներին ջերմության ապահովման հարցն է, այս առումով սոսկալի վիճակ է: Կառավարությունն ասում է՝ գազի սակագին ենք նվազեցրել, բայց հաշվի չի առնում, որ Գյուրմիում 5000 ընտանիքի համար գազը երազանք է: Անգամ ընտանիքներ կան, որ նպաստ էլ չեն ստանում, ո՞նց են իրենց տնակների ջերմությունն ապահովելու: Մենք ուզենք-չուզենք վառելափայտի բարեգործական ծրագիրը պետք է իրականացնենք: Այս տարիների ընթացքում մոտ 60 ընտանիքի ենք բնակարան հատկացրել: Չեմ հաշվարկել այն դեպքերը, երբ անհատները մեզանից հասցե են ուզել, մեր տեսանյութերն են տեսել ու ցանկացել օգնել այդ ընտանիքներին: Այս տարի արդեն 19 բնակարան ենք հատկացրել անօթևաններին, ևս երկու բնակարան հատկացման գործընթացում են հովանավորների կողմից: Այս տարվա ընթացքում միայն կես հեկտար տարածք ենք տնակներից մաքրել, տնակները քանդել ենք, աղբը՝ թափել:

-Ի՞նչ ակնկալիքներ կան, որ պետությունը կարող է առաջիկա տարիներին լուծել Գյումրիի անօթևանության խնդիրը: Անընդհատ խոստումներ են հնչում, բայց մարդիկ վերջնական արդյունք են սպասում:

-Այս անգամ ներկայացուցչական կազմով են եկել Գյումրի՝ հարգելու երկրաշարժի զոհերի հիշատակը: Հասկանում ենք, որ դա հանրայնացման ու հրապարակումների համար է, երևի առջևում խորհրդարանական ընտրություններ են, նաև դա դեր ունի: Մեկ ժամ է, խոսում էինք, լսում էի, բայց լոզունգներից բացի կոնկրետ որոշման ու գործողության մասին ոչինչ չեն ասում: Չեն ասում, թե, օրինակ, գործազրկության խնդիրն ինչպես են լուծելու: Չեն ասում, օրինակ, որպեսզի Գյումրիում անօթևանության խնդիրն այլընտրանքային ճանապարհով լուծվի, որոշում ենք կայացնում, որ անօթևան ընտանիքին բնակարան նվիրողներին չենք հարկում կամ տույժ-տուգանքի տակ չենք գցում: Այսինքն՝ նման որոշումներ պետք է կայացվեն, բյուջեից պետք է հատկացումներ արվեն, որպեսզի մարզը վերականգնվի: Մենք տասնյակ առաջարկությունների փաթեթ ենք պատրաստել, ամեն տեղ գրավոր ներկայացրել ենք, իշխանություններին էլ ենք ներկայացրել: Կարծում եմ՝ այսօր առիթ կլին իշխանությունների հետ հանդիպում ունենալ, ես էլի կներկայացնեմ: Կան մասնագտական խնդիրներ, որոնք մենք 10 տարիների ընթացքում մշակել ենք, առաջարկությունների փաթեթ ենք ներկայացրել, թող նստեն ու քննարկեն: Իրենք ավելի հեռու են տնակային ավաններից, քան մենք: Մենք ամեն օր առնչվում ենք էդ մարդկանց հետ, ամեն օր տնակային ավաններում ենք, ամեն օր մարդկանցից փողեր ենք մուրում, որ վառելափայտ տանք կարիքավորներին, միջոցառումներ կազմակերպենք, սննդամթերք տանք մարդկանց:

-Այնինչ դա իշխանությունների՞ գործն է:

-Իհարկե: Հիմա իշխանության տարբեր մարմիններից իրենց դիմող աղքատ ու կարիքավոր ընտանիքներին բոլորին ուղարկում են «Շիրակ կենտրոն»: Այնինչ, ճիշտ հակառակը պետք է լիներ, մենք պետք է գնայինք ու բացահայտեինք աղքատությունը, իրենց խորհուրդներ տայինք, ուղղորդեինք այս կամ այն իշխանության մարմնի մոտ: Այսօր ճիշտ հակառակն է:

Լուսանկարը՝ Aravot.am

Էմմա Մանուկյան

MediaLab.am