«Պետք է կրթական մակարդակով պայքարել խտրականության դեմ, իսկ մինչ այդ պետք է կանխվի ոստիկանության ոչ օրինաչափ գործելակերպը». Անուշ Սեդրակյան

30-03-2018
3181 դիտում
«Պետք է կրթական մակարդակով պայքարել խտրականության դեմ, իսկ մինչ այդ պետք է կանխվի ոստիկանության ոչ օրինաչափ գործելակերպը». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

- Տիկի՛ն Սեդրակյան, մի քանի օր է՝ «Ֆեյսբուքում» քննարկվում է Արցախում ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ բռնություն է կիրառվել նրա նկատմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը։

- Ուզում եմ նախ ընդգծել, որ կա երկու վտանգավոր միտում, ընդ որում, երկու հակադիր բևեռներից։ Առաջինը, այսպես կոչված, փսևդոհայրենասիրական բևեռն է, երբ սկսում են խոսել այն մասին, որ հայ ավանդական, մաքուր գենը նման մարդիկ պղտորում են, որն անընդունելի է։ Մյուս կողմից՝ անընդունելի է այդ կոնֆլիկտը դիտարկել Հայաստան-Ղարաբաղ հակադրության պարադիգմայում։

Հայաստանում շատ կին լրագրողներ բախվել են հայկական տղամարդկային պատրիարխալիզմին, ընդհուպ ոստիկանապետի գնահատականը լրագրողի մեջ կին չտեսնելու։ Դա, այսպես կոչված, մաչիզմի երևույթն է, որն առավել ևս արտահայտվում է, ցավոք, իրավապահ մարմիններում։ Ներքին, ավանդական, հոգեբանական մաչիզմին գումարվում է նաև պաշտոնական մաչիզմը, երբ մարդիկ դա կարողանում են կիրառել ուժային բնագավառում։ Ինձ համար անընդունելի են նաև վերնագրերը՝ Ղարաբաղի ոստիկաններն ընդդեմ Հայաստանի քաղաքացու։

Դա կոնֆլիկտը լրիվ այլ հարթություն տեղափոխելու և, հետևաբար, այն չլուծելու ճանապարհ է։ Փոխանակ կոնֆլիկտը տեղափոխեն իրավական ոլորտ, փոխանակ միաժամանակ վեր հանեն բոլոր այն դեպքերը, երբ ոստիկանները Հայաստանի բոլոր մարզերում միտինգների ժամանակ անարդարացիորեն կալանավորել կամ ստորացրել են քաղաքացիներին, մամուլն ու որոշակի մարդիկ խոսակցությունը տանում են այն հարթություն, որտեղ այն վերածվել է սովորական մանր բամբասանքչի, կոնֆլիկտային հատվածի։

Միաժամանակ Ղարաբաղի որոշակի բլոգերներ գրում են անբարո երևույթների մասին, դրանով ընդգծելով, որ կարճամիտ վերաբերմունքը և հեռանկարի բացակայությունը առկա են երկու լուսանցքային խմբերում՝ գերլիբերալ և գերավանդական։ Երկուսն էլ գործում են նույն հարթությունում։ Իսկ այդ հարթությունը ապաիրավական և ապաօրենսդրական է։ Դրա համար պետք է արագ կանխվի երկուսի գործունեությունն էլ, և կոնֆլիկտը դիտարկվի իրավական հարթությունում։ Այսինքն՝ թե որքանո՛վ էր լիազորված ոստիկանությունը, որքանո՛վ պետք է պատժվեն այդ ոստիկանները, ի՛նչ է իրականում կատարվել և ընդհանրապես թափանցիկ տեղեկատվության տրամադրում հանրությանը, որպեսզի այդ թեման ընդհանրապես դուրս գա շրջանառությունից, հատկապես Ղարաբաղ-Հայաստան հակադրության համատեքստում։

- Մենք տեսնում ենք Գառնիկ Իսագուլյանի՝ աղջկան ուղղված քննադատական գնահատականը տեղի ունեցածի հետ կապված։

- Իսագուլյանը պատկանում է ավանդական հենց այդ խմբին, այդ նույն երկու անթույլատրելի, լուսանցքային, Հռոմի Պապից ավելի կաթոլիկ խմբերն են, որոնք կտրականապես անթույլատրելի ելույթներ են ունենում։ Այս դեպքում միայն իրավական խնդիր դնելու, իրականությունը պարզելու և մեղավորներին պատժելու խնդիր պետք է դրվի։

- Այս միջադեպը վեր հանեց նաև այն, որ մեր հասարակությունը խտրական վերաբերմունք ունի իրենից տարբերվողների հանդեպ։

- Հասարակությունն ամենուր խտրական վերաբերմունք ունի։ Հայաստանում էլ խտրական վերաբերմունք ունի, հետո՞ ինչ, որ Երևանում դա ավելի մեղմ է արտահայտված։ Գնացե՛ք Հայաստանի մարզեր և կտեսնեք, որ այդ նույն խտրական վերաբերմունքը կա նաև Հայաստանի մարզերում։ Դրանից ի՞նչ է փոխվում։ Դրանից այն է փոխվում, որ ոստիկանը, որտեղ էլ գտնվի, իրավունք չունի ավանդական խտրական վերաբերմունքի վրա հիմնվելով որևէ գործողություն ձեռնարկել։ Սա է խնդիրը, ոչ թե այն, որ մենք ունենք խտրական վերաբերմունք։

Մենք խտրական վերաբերմունք ունենք, միաժամանակ ունենք դպրոցաբուհական հատուկ ծրագրեր, որոնք այդ խտրականությունը խրախուսում են։ Դրա համար մենք պետք է կրթական մակարդակով պայքարենք այդ խտրականության դեմ, բայց մինչ այդ պետք է կանխվի ոստիկանության ոչ օրինաչափ գործելակերպը։ Թե չէ փիլիսոփայական հարցադրումներ են անում, թե արդյոք աղջիկն իրավունք ունի՞ մազերը կապույտ ներկել, թե՞ ոչ։ Իհարկե իրավունք ունի, դա յուրաքանչյուրի անձնական ընտրության հարցն է։ Ուղղակի խնդիրն այն է, որ միջմարզային կամ նույնիսկ միջսոցիումական մակարդակում կոնֆլիկտներ քննարկելն անթույլատրելի է։

- Այսինքն՝ նախ պետք է իրավական գործընթաց լինի, հետո՞ միայն կրթական հարթությունում հարցը քննարկվի։

- Ես կարծում եմ, որ միայն իրավական հարթությունում պետք է հարցը քննարկվի, որովհետև եթե այդ հարթությունում հարցը լուծվի, այն այլևս իմաստ չի ունենա։ Միաժամանակ պետք է կրթական դասընթացներ անցկացնել, օրինակ՝ ինչո՞ւ Արցախի ոստիկանների համար թրեյնինգներ չեն իրականացնում։ Հայաստանի ոստիկանությունը, քիչ թե շատ, այդ թրեյնինգներն իրականացնում է։

- Մենք հիշում ենք, որ մի քանի տարի առաջ կրոնական կազմակերպությունների նկատմամբ էր խտրական վերաբերմունք դրսևորվում։ Վերջին շրջանում, թվում է՝ հանդարտվել է իրավիճակը, բայց միաժամանակ կա հսկայական անհանդուրժողական մոտեցում սեռական փոքրամասնությունների նկատմամբ։

- Հանրության մեջ այդ գործընթացը շատ դանդաղ է ընթանում, մինչդեռ դա պետք է պլանաչափ ընթանա, բայց պետությանը ենթարկվող մարմիններում՝ ոստիկանություն, բանակ, պետք է դրվի հստակ արգելանք։ Դա պետության պարտականությունն է՝ սահմանել ստանդարտներ և պաշտպանել դրանք։ Հիմա, ցավոք, հարցը դրվում է այսպես՝ բարոյակա՞ն, թե՞ անբարոյական։ Եթե այսպես շարունակվի, հասարակությունը կկործանվի, պետք է դառնալ օրինական հասարակություն։ Պետք է հիմքում դրվի ոչ թե այն, թե այս կամ այն երևույթը որևէ մեկի քիմքին դուր գալիս է կամ չի գալիս, այլ պետք է դրվի հարցը՝ օրինակա՞ն է այս կամ այն երևույթը, թե՞ անօրինական։ Հակառակ դեպքում այս ամենը շատ հեռուն կարող է գնալ։

Մանե Հարությունյան

MediaLab.am