«Ո´չ ճակատին է գրված, ո´չ էլ աչքերում, որ վարակ ունի». արտագնա աշխատանքը և անտեղյակությունը խթանում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը

15-02-2013
160 դիտում
«Ո´չ ճակատին է գրված, ո´չ էլ աչքերում, որ վարակ ունի». արտագնա աշխատանքը և անտեղյակությունը խթանում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը

Առաջնեկի անհամբեր սպասումները, հույսերն ու սրտի թրթիռները 28-ամյա Անի Վարդանյանի մոտ միանգամից փոխվեցին անպաշտպան հուսահատության, երբ հղիության առաջին ամիսներին բժիշկները կնոջը տեղեկացրին նրա` ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին:

«Ես էլ, ամուսինս էլ չէինք պատկերացնում, որ մեզ հետ նման բան կարող է լինել: Ես շատ էի հուզվել… Մտածում էի` հրաժարվեմ երեխայից, աբորտ անեմ: Ամեն ինչ խառնվել էր իրար»,-«Մեդիալաբին» պատմում է Անի Վարդանյանը:

Սակայն, ինչպես նա է պատմում, բժիշկների խորհրդատվության, ապա նաև` վերահսկողությամբ և հակառետրովիրուսային բուժման շնորհիվ Անին կարողանում է հաղթահարել հղիության ամիսները և առողջ աղջիկ ծննդաբերել, որն այսօր արդեն 3 տարեկան է:

Վարդանյանների պատմությունը Հայաստանում եզակի չէ: Այս դեպքում, ինչպես բազում պատմությունների մեջ, Անիի ամուսինը ապագա կնոջն ու երեխաներին ինչ-որ կերպ ապահովելու համար նախքան ամուսնությունը որոշ ժամանակով մեկնել էր Ռուսաստան` արտագնա աշխատանքի, ուր և վարակվել էր:

Ըստ առողջապահության ոլորտի մասնագետների` արտագնա աշխատանքի մեկնողների իրազեկվածության ցածր մակարդակը շեշտակի է դարձնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը Հայաստանում:

1988 թ. մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: 2012-ի 11 ամիսների ընթացքում, ինչը առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ, գրանցվել է ՄԻԱՎ-ի 206 դեպք (2011-ին՝ 182), իսկ ՁԻԱՀ-ի՝ 124 դեպք (2011-ին՝ 87):

«Այս տարի ՄԻԱՎ-ի արձանագրված դեպքերի 61,5 տոկոսը ՀՀ տարածքից դուրս վարակակիրներն են՝ մեծ մասը Ռուսաստանից եկած: 2009-ից հետո տարեցտարի աճում է այն արձանագրված դեպքերի թիվը, որոնք դրսում են եղել, օրինակ՝ 2009-ին 55 տոկոս էր, իսկ 2012-ին արդեն հասել է 61,5-ի»,- ասում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական բաժնի վարիչ Արշակ Պապոյանը:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ տվյալների՝ 2012-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,2 հազարով կամ 8,0%-ով և կազմել -97,1 հազար մարդ:

Հիմնական ուղղություններից մեկը, ինչպես միշտ, մնում է Ռուսաստանը, քանի որ ի տարբերություն, օրինակ` եվրոպական երկրների, վիզային ռեժիմի խոչընդոտ գոյություն չունի, և մարդիկ կարողանում են երկրում ոչ լեգալ գտնվելով` աշխատել և ապահովել Հայաստանում մնացած իրենց ընտանիքների գոյությունը:

Ու թեև Հայաստանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագիրը մի շարք ծրագրեր է իրականացնում իրազեկման և հնարավորինս շուտ ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն անցնելուն ուղղված, միևնույն է, իրազեկման մակարդակը չի բարձրանում, և ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը արտագնա աշխատանքի մեկնողներն են կամ ՀՀ տարածքից դուրս եկողները:

«Մենք 40 վայրկյան տևողությամբ մի տեսահոլովակ ենք նկարահանել, որը օդակայանում էկրաններին տեղադրված է և 5 րոպեն մեկ, ամեն օր 24 ժամ պտտվում է: Այն քարոզում է արտագնա աշխատանքի մեկնողներին կամ պարզապես ՀՀ տարածքից դուրս եկողներին, որպեսզի անպայման ՄԻԱՎ-ի հետազոտություն անցնեն»,- ասում է Հայաստանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի սոցիալական մոբիլիզացիայի և համագործակցության հարցերով խորհրդական Նաիրա Սարգսյանը:

38-ամյա Գևորգ Ղազարյանն ասում է, որ շատ կուզեր նախապես իմանար` ի´նչ էր ՄԻԱՎ-ը, և ինչպե´ս աներ, որ «դեմ առ դեմ» չհանդիպեր: 2005-ին Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելով, ուր պետք է աշխատեր շինարարության վրա, Գևորգ Ղազարյանը որոշ ժամանակ անց սկսում է հանդիպել մի աղջկա հետ: 2006-ին հերթական գրանցման համար հետազոտություն անցնելիս պարզվում է, որ ՄԻԱՎ վարակակիր է:

«Հետագայում պարզվեց, որ այդ աղջիկը թմրամիջոցներ է օգտագործել: Ես միշտ խուսափել եմ պատահական սեռական կապերից, բայց սխալմամբ մտածում էի, որ նման խնդիրներ կարող են ունենալ շվայտ կյանք վարող աղջիկները: ՄԻԱՎ-ի մասին քիչ տեղեկացված մարդու համար դժվար է պատկերացնել, թե ինչպե´ս պետք է պաշտպանվել վարակից»,-ասում է ընտանիքը Երևանում թողած և Ռուսաստանում գոյության միջոցների հետևից մեկնած Գևորգ Ղազարյանը:

Գևորգը պատմում է, որ երբ վերադառնում է Հայաստան և պատմում կնոջը իր մոտ հայտնաբերված վարակի մասին, կինը բաժանվում է նրանից, երեխաների հետ մեկնում է Ռուսաստան և այլևս չի վերադառնում:

«Սկզբում չափազանց ծանր հոգեվիճակում էի, բայց մասնագետների օգնությամբ կարողացա հաղթահարել սթրեսը: Անցան տարիներ, ես լավ աշխատանք ունեի, նորմալ հարաբերությունների մեջ էի բարեկամներիս հետ, ովքեր գիտեին իմ հիվանդության մասին: Միայն ընտանիքիս, երեխաներիս էի կարոտում, որոնց հետ 5 տարի շփում չունեի»,-պատմում է Գևորգը:

Որոշ ժամանակ անց Գևորգը ծանոթանում է ՄԻԱՎ-ով հիվանդ մի աղջկա հետ ու որոշում ամուսնանալ նրա հետ: Այժմ նույն խնդրով ապրող զույգը փորձում է հաղթահարել բարդությունները և դաստիարակում է երկամյա դստերը:

«Աղջկա ո´չ ճակատին է գրված, ո´չ էլ աչքերում, որ ՄԻԱՎ կամ սեռավարակ ունի: Ելնելով իմ փորձից՝ արտերկիր մեկնող աշխատանքային միգրանտներին խորհուրդ կտայի հնարավորության դեպքում ընտանիքն իրենց հետ տանեն կամ զուգընկեր ընտրելու հարցում շատ զգույշ լինեն և սեռական հարաբերության ժամանակ միշտ պահպանակ օգտագործեն: ՄԻԱՎ-ն արտերկրում շատ է տարածված, և այնտեղ մեկնողները դա պետք է գիտակցեն»,-ասում է Գևորգը:

Մյուս տարածված միտումը, ըստ ոլորտի մասնագետների, այն է, որ կանանց շրջանում վարակակիրները հիմնականում ամուսնացած կանայք են, ովքեր վարակվում են իրենց ամուսիններից:

ՄԻԱՎ-ով վարակվելու պատճառը, ըստ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հիմնադիր Հովհաննես Մադոյանի` մարդկանց տեղեկատվության պակասն է, իսկ մյուս կողմից` ռիսկային վարքագիծ դրսևորելը, երբ մարդիկ անգամ գիտեն վարակի փոխանցման ուղիների մասին, սակայն կարծում են, թե իրենց հետ դա չի պատահի, և բավական երկար ժամանակ անպաշտպան սեռական հարաբերություն են ունենում արտասահմանում գտնվող իրենց զուգընկերոջ հետ:

«Շատերն իրենց ՄԻԱՎ ախտորոշման մասին իմանում են պատահաբար, երբ Ռուսաստանում քաղաքացիություն ձեռք բերելու կամ աշխատելու համար փաստաթղթեր ձևակերպելիս պարտադիր ՄԻԱՎ թեստ են հանձնում»,- «Մեդիալաբին» ասում է Մադոյանը:

Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների համար խորհրդատվություն և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշ¬մանն ուղղված լաբորատոր հետազոտություններ իրականացնելուց բացի, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, վարակի բուժման համար կիրառվում են հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղամիջոցներ: Բժշկական օգնությունն իրականացվում է անվճար բոլոր ՄԻԱՎ վարակակիրների համար, ովքեր տալիս են իրենց համաձայնությունը բուժում ստանալու համար:

«Այսօր ՄԻԱՎ-ի արմատական բուժում գոյություն չունի ամբողջ աշխարհում: Այդ իսկ պատճառով հիվանդը բուժում պետք է ստանա իր ողջ կյանքի ընթացքում, իսկ ՀՌՎ բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ-ի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը, զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը և հիվանդների շրջանում մահացությունը»,- ասում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը:

Նա հավելում է, որ ՀՌՎ բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակն անբուժելիի փոխարեն համարվում է քրոնիկական ընթացքով հիվանդություն, և բուժումն սկսելուց հետո կյանքի տևողությունը կարող է կազմել 35-40 տարի, իսկ բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանակությունը, այսինքն` բուժումն ունի նաև կանխարգելիչ նշանակություն:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am