Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին

Վեց երկրի, այդ թվում՝ Հայաստանի շուրջ 800 զինծառայող կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին Կազանում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Վերջինիս համաձայն՝ Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների ներկայացուցիչների շտաբային վերջին բանակցությունները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությանը նախապատրաստման շրջանակներում, որը կանցկացվի նոյեմբերին ռազմական բուհի ուսումնական զորավարժարանում:

«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմական պատվիրակությունները նախօրեին պրակտիկ գործողությունների վայրի հետախուզություն անցկացրեցին, որոշեցին զորավարժություններին մասնակցող ուժերի եւ միջոցների կազմը: Այսպիսով, համատեղ պրակտիկ  գործողություններին կմասնակցի ընդհանուր մոտ 800 զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զորավարժություններին կներգրավվի նաև Ռուսաստանի զինված ուժերի 90 միավոր տեխնիկա, այդ թվում՝ երկու «Մի-24» և «Մի-8» ուղղաթիռ, «Սու-24ՄՌ» և «Սու-34» ինքնաթիռներ: Զորավարժություններին կմասնակցեն նաև ՀԱՊԿ անդամ երկրների այլ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Բանակցությունների արդյունքում հաստատվել է նաև զորքերի պրակտիկ գործողությունների պլանը. մշակվել են որոշումներ համապարփակ աջակցության և կորոնավիրուսի տարածումը կանխելու պահանջներին համապատասխանության վերաբերյալ: