Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ևս մեկ փոխանակում են իրականացրել՝ յուրաքանչյուր կողմից 160 մարդ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ՝ հունիսի 26-ին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է փոխանակումը։
«Բանակցային գործընթացի արդյունքում այսօր ազատ է արձակվել 2022 թվականից ի վեր գերության մեջ գտնվող 160 ուկրաինացի զինծառայող: Նրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի, պետական հատուկ տրանսպորտային ծառայության, ազգային գվարդիայի զինծառայողներ և սահմանապահներ։ Նրանք պաշտպանել են Ուկրաինան Մարիուպոլում և Ազովստալում, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Զապորոժիեի, Կիևի, Չեռնիգովի և Սումիի ուղղություններում»,- գրել է Զելենսկին սոցկայքերում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։ Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց հետ աշխատում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։



















