Հունաստանում հայերը բողոքի ցույց է կազմակերպել

Իսրայելի դեսպանատան դիմ

Չորեքշաբթի, հոկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ից, Հունաստանի հայությունը՝ «Դադարեցրե՛ք Ադրբեջանին սպառազաինություն մատակարարելը, դադարեցրե՛ք մարդասպանությունը» կարգախոսով, հավաքվել էր Աթենքում Իսրայելի դեսպանության դիմաց, բողոքելով Իսրայելի կողմից Էրդողանի և Ալիևի ղեկավարած տեռորիստական իշխանություններին գերզարգացած սպառինություններ մատակարարելու, և Արցախի հայությանը ցեղասպանպության վտանգի ենթարկելու դեմ:

«Իսրայելը թեև պաշտոնապես պատերազմ չի հայտարարել Արցախին և հայ ժողովրդին, բայց նրա քաղաքականությունը ակնհայտորեն թշնամական է հայության նկատմամբ: Քանի որ Իսրայելը զինում է մեր ժողովրդի ջարդարարին: Մեր զոհվածների և վիրավորների մի մեծ մասը հարվածվել է այն ռազմաթերքով, որով Իսրայելը նախկինում և ԴԵՌ ԱՅՍՕՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԻՆԵԼ ԱԴՐԲԵԱՆԻՆ», կազմակերպիչ հանձնախմբի կողմից հունարենով հայտարարել է Մարիետա Աբրահամյանը:

«Կարելի էր ակնկալել, որ Իսրայելը կլինի այն առաջին պետությունը, որը պիտի ճանաչեր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, քանի որ հրեա ժողովուրդը նույնպես ցեղասպանության զոհ էր դարձել: Այնուամենայնիվ, նրա կառավարությունը դաշնակցեց անուղղակիորեն, բայց իրականում արդյունավետորեն՝ ցեղասպան թուրքերի հետ, որոնք այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, փորձում են ոչնչացնել Արցախի հայ ժողովրդին», կազմակերպիչ հանձնախմբի անունից հայտարարել է Հայկ Գասարճյանը:

Ցույցի ավարտին մասնակիցները բանաձև քվեարկեցին, որը ներկայացվելու Հունաստանի Ազգային ժողովին, Եվրամիության, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին:

Բանաձևում նշված է. 

«Մենք ովքեր, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ., երեկոյան հավաքվել ենք Աթենքում, Իսրայելի դեսպանատան առջև 

– Մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի հերոս ժողովրդին և համոզված լինելով, որ նրա ազատագրական պայքարը հասնելու է իր վախճանական նպատակին: 

-Խոնարհվում ենք այն հերոս մարտիկների հիշատակի առջև, բոլոր նրանց՝ երիտասարդների, պատանիների, տղամարդկանց և կանանց հերոսության առջև ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին արդար պայքարում, ովքեր դեռ բարձր են պահում պայքարի դրոշը: 

-Երախտագիտություն ենք հայտնում հույն ժողովրդին, Արցախի պայքարին իր ցուցաբերած բազմազան աջակցության համար:

– Պահանջում ենք միջազգային կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ արյունահեղությունը Արցախում դադարեցնելու համար: 

– Մենք պահանջում ենք ճանաչել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Արցախի անկախ հանրապետությունը:»:

«Հայաստան» լրատվական ցանց, 

Աթենք, 22 հոկտեմբերի 2020 թ. 

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ