«Եթե անգամ հաջողվի այս պահի դրությամբ դադարեցնել կրակը, դա լինելու է ժամանակավոր դադար, պետք է դա գիտակցենք». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

Տիկի՛ն Հայրապետյան, սեպտեմբերի 7-ին մեր զրույցում ասացիք, որ «Ադրբեջանը հստակ հենք է նախապատրաստում հնարավոր էսկալացիաների համար», ու այս կեսգիշերից Ադրբեջանը սկսեց էսկալացիան ՀՀ սահմանի միանգամից մի քանի ուղղությամբ: Այս պահին ադրբեջանական պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներն ինչի՞ մասին են խոսում, ադրբեջանական հարձակման նպատակը ո՞րն է:

– Երեկ ադրբեջանական ապատեղեկատվական հոսքերն ու քարոզչական գրոհներն է՛լ ավելի ուժգնացան, Ադրբեջանի իշխանություններին հարող կայքերն էլ ավելի պարզ տեքստով գրում էին, որ Ադրբեջանը պետք է գնա գործողությունների, ու արդեն կեսգիշերից սկսած ունենք այս բարդ իրավիճակը սահմանի գրեթե ողջ երկայնքով:

Ադրբեջանական կողմը հստակ նախապատրաստվել էր. երեկ՝ մինչև հարձակումները, նրանք արդեն սկսեցին տեղեկատվական տարբեր աղբյուրներով տեղեկություններ տալ: Նրանց հաղորդած նախնական տեղեկությունն այն էր, թե իբր Բերձորի ու Քարվաճառի շրջանում խախտվել է հրադադարը, ու իրենք անցնում են պատասխան գործողությունների: Դրանից անմիջապես հետո իրենց պաշտպանության նախարարությունը արագ հաղորդագրությամբ հանդես եկավ, գիշերվա ժամը 3-ին իրենք արդեն ճեպազրույց անցկացրեցին, այսինքն՝ նրանք արդեն պատրաստված էին, տեքստերը նախապես գրված էին, ու գործողությունները՝ նախապատրաստված:

Այս պահին հիմնականում տելեգրամյան ալիքներին հետևելով՝ կարող եմ ասել, որ նրանք սա համարում են «համարժեք պատասխան Հայաստանին», ու տարբեր վերլուծական շրջանակներ ակնարկներ են անում, որ «Փաշինյանը ճիշտ կանի, որ զանգահարի ոչ թե Պուտինին, այլ՝ Բաքվին, ու խնդրի խաղաղություն»:

Իմ տպավորությամբ՝ այսօր ՀՀ վարչապետը հաստատեց այն, ինչի մասին բազմիցս խոսել ենք. Ադրբեջանի նպատակն է ճնշել Հայաստանին ստորագրել խաղաղության պայմանագիր բացառապես իր պայմաններով: Եթե Ադրբեջանի հաշվարկն այն է, որ պատերազմ սանձազերծելով Հայաստանի դեմ՝ Փաշինյանը հարկադրված կլինի գնալ դրան, ապա, կարծում եմ՝ դա սխալ հաշվարկ է այն առումով, որ եթե մինչ դա Փաշինյանը կարող էր գալ ու արդարացնել որևէ թղթի ստորագրություն՝ ասելով, թե պատերազմ է կանխել, այժմ պետությունը պատերազմի մեջ է, ու որևէ թղթի ստորագրություն ոչինչ չի փրկելու, ընդհակառակը՝ ծանրացնելու է մեր վիճակը:

Փաշինյանն էլ այսօր խոստովանեց, որ որևէ թուղթ ոչինչ չի կարող երաշխավորել, ուստի, իմ տպավորությամբ, Ալիևի հաշվարկն այս տեսանկյունից սխալ էր, ու նա Փաշինյանին երեսը փրկելու տեղ չի թողել՝ այս պահին որևէ բան ստորագրելու և դա հանրության շրջանում արդարացնելու համար: Հավաստիացումները, թե Արցախի հարցում նշաձող իջեցնելով, զիջումների գնալով՝ կփրկենք Հայաստանը, ամբողջությամբ սին էին, որովհետև Ադրբեջանի վարած քաղաքականությունը լրիվ հակառակի մասին էր:

Փաշինյանը նույն այդ ելույթում կրկին վերահաստատեց, որ պատրաստ են խաղաղության պայմանագիրը կնքելուն:

– Նա խոսեց այն մասին, որ դրան պատրաստ են, բայց ոչ բացառապես Ադրբեջանի պայմաններով, դա պետք է բանակցվի, կողմերի դիրքորոշումները հաշվի առնվեն, ու այն, ինչ Ադրբեջանն է փաստացի առաջարկում, խաղաղության պայմանագիր չէ:

Տիկի՛ն Հայրապետյան, թեև ռուսական կողմի ջանքերով հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն ադրբեջանական կողմն այն լիարժեք չի պահպանում: Ադրբեջանին ի՞նչը կստիպի դադարեցնել կրակը:

– Բնականաբար, մեր բանակը՝ առաջնահերթ, թեև արդեն հասկանալի է, թե ինչ մասշտաբի հարձակում է եղել, որովհետև այս պահին հաստատված 49 զոհ ունենք: Այդ թիվը, ցավոք, աճելու է, ու հասկանալի է, որ իրավիճակը բարդ է: Ադրբեջանին կարող է զսպել նաև միջազգային հանրության հասցեական արձագանքը:

Օրինակ՝ երեկ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հենց գիշերը թվիթերյան գրառմամբ նշել էր, որ Ադրբեջանը հարձակում է գործել, ու հետո կողմերին զսպվածության կոչ արել: Մի կողմից բոլորը հստակ ընդունում են, որ Ադրբեջանն է հարձակում գործել, մյուս կողմից՝ կոչ են անում երկու կողմերին:

Կոչը պետք է հասցեական լինի, սա արդեն այն դեպքը չէ, որ իրենք կարող են իրենց արդարացնել, ասել՝ Լեռնային Ղարաբաղը չճանաչված է կամ վիճելի է և այլն, խոսքն արդեն Հայաստանի ճանաչված սահմանների ու սուվերեն տարածքի մասին է: Մեզ հասցեական կոչեր ու գործողություններ են պետք թե՛ Արևմուտքից, թե՛ մեր ռուս գործընկերներից, որպեսզի այս ամենը կանգնեցվի:

Առնվազն մեկ շաբաթ, եթե ոչ ավելի, փորձագիտական, քաղաքագիտական դաշտն ահազանգում էր, որ Ադրբեջանը հերթական էսկալացիային է պատրաստվում: Հայաստանը որքանո՞վ էր պատրաստվել այս էսկալացիային, ի՞նչ պետք է աներ, որ չի արել, թե՞ արել է հնարավորը:

– Չեմ կարող ռազմական առումով որևէ գնահատական տալ, որովհետև գործողությունները դեռ ընթանում են, բայց կարող եմ ասել, որ տեղեկատվական առումով մենք իրապես, ինչպես միշտ, անպատրաստ ենք, որովհետև եթե այդ ամբողջ տեղեկատվական գրոհն իրականացվում էր ադրբեջանական կողմից, մեր ՊՆ-ն չպետք է միայն ժխտեր ապատեղեկատվությունը: Պետք է ներկայացներ, թե ի՛նչ գործողություններ է անում Ադրբեջանը, ի վերջո, կուտակումներ են եղել սահմանին, չէ՞, նման ծավալի գրոհ կազմակերպելու համար, պետք է զգուշացներ այդ մասին, հանդիպեր ռազմական կցորդների հետ, այսինքն՝ կանխարգելիչ գործողություններ արվեին, ու ոչ միայն պաշտպանության նախարարությունը, այլ նաև արտաքին գործերի նախարարությունը: Այդ աշխատանքները պետք է տարվեին առնվազն սեպտեմբերի 2-ից սկսած, որ կարողանայինք կանխել դա կամ ասել միջազգային գործընկերներին, որ մենք ձեզ նախազգուշացրել էինք, իսկ դուք ոչինչ չարեցիք:

Ըստ էության, իշխանությունն ասում է, որ իրենց համար այս էսկալացիան սպասելի էր, այդ դեպքում ինչո՞ւ ձեր նշած առումով չեն պատրաստվել:

– Այդ հարցի պատասխանը չունեմ ու չեմ կարծում, թե խնդիրը կադրային է: Խնդիրները փոքր-ինչ այլ տեղում են, որովհետև մենք ունենք շատ լավ մասնագետներ, նույն ադրբեջաներենին տիրապետող լավ մասնագետներ, որոնց կարելի է նախապատրաստել, ճիշտ օգտագործել ու տեղեկատվական գրոհներ ապահովել հակառակորդի ուղղությամբ:

Այս պահին առկա դեպքերը նկատի ունենալով՝ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

– Դժվարանում եմ ասել, որովհետև չգիտենք՝ ինչ իրավիճակ է սահմանի երկայնքով: Եթե հաջողվել է Բաքվին զսպել, ապա հնարավոր է ադրբեջանական գործողությունները փոքր-ինչ դանդաղեն, միևնույն ժամանակ, եթե ճիշտ կոմունիկացիա տարվի միջազգային գործընկերների հետ, մի շարք պետությունների ու կառույցների ղեկավարներ ուղղակիորեն զանգեն Իլհամ Ալիևին, ապա դա ևս լրացուցիչ կանխարգելիչ գործոն կարող է լինել, բայց խնդիրն այն է, որ եթե անգամ հաջողվի այս պահի դրությամբ կրակը դադարեցնել, դա լինելու է ժամանակավոր դադար: Պետք է դա գիտակցենք ու փորձենք այնքան ուժեղ ու ամուր լինել, որ Ադրբեջանն ուղղակի ռիսկ չանի նման գործողությունների գնալ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am