Հայկական կողմը ունի 49 զոհ. վարչապետը խորհրդարանում ներկայացնում է Հայաստանի սահմանին ստեղծված իրավիճակը. ուղիղ

Այս պահի դրությամբ Պաշտպանության նախարարության կողմից հաստատված տվյալների համաձայն, հայկական կողմը ունի 49 զոհ: Այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի սահմանին ադրբեջանական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

«Զոհերի այս թիվը, ցավոք, վերջնական չէ: Պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի նոր հրապարակվի: Այս է պատճառը, որ մինչև վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ որևէ տվյալ չի հրապարակվում:

Մեր զինվորները, մեր սպաները մեր բանակը կռվել են անձնուրաբար, հերոսաբար և պետք է նաև հարգանքի տուրք մատուցելով մեր զոհված սպաներին, զինվորներին, ասել, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխպանությունը: Քանի դեռ կան նման մարդիկ, ովքեր վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել, նշանակում է, որ ՀՀ-ն ունի և կունենա ինքնիշխանություն, հայկական պետականությունը կլինի հարատև և ՀՀ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար», -հայտարարել է Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց երկու ուղղությամբ դեռ կա լարվածություն: