Հայտարարություն` «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների հեռարձակման մասին

Հայտարարություն` «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների հեռարձակման մասին
Հայտարարություն` «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների հեռարձակման մասին

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների եւ սյուժեների կապակցությամբ, որոնցում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն եւ սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով: Նշված երեւույթն առավել ակնհայտ է դարձել Ուկրաինայի շուրջ վերջին ամիսների քաղաքական զարգացումների համատեքստում:

Այս կապակցությամբ հատկանշական է Ռուսաստանի Մամուլի դեմ բողոքների հարցերով hանրային կոլեգիայի կայացրած որոշումը՝ ի պատասխան «Россия-1» հեռուստաալիքի «Вести недели» («Շաբաթվա լուրեր») հաղորդաշարի (2013թ. դեկտեմբերի 8-ի թողարկում) եւ այն վարող Դմիտրի Կիսելյովի դեմ Ուկրաինայի Լրագրողական էթիկայի հարցերի հանձնաժողովի բողոքի։ Կոլեգիան բողոքարկվող սյուժեն բնորոշել է որպես «քարոզչական ոճով», «սարքովի» տեսաշարով» եւ «վիրավորական մակարդակի ցածրորակ հեռուստանյութ», որը «չի նպաստում ժողովուրդների վստահության ամրապնդմանը»։ Պատահական չէ, որ Դմիտրի Կիսելյովի անունն ընդգրկվել է Եվրամիության «անցանկալի անձանց» ցուցակում։ Ռուսաստանյան հեռուստաալիքների, մասնավորապես ագրեսիվ քարոզչություն իրականացնող եւ դրանով իսկ հասարակական կարծիքը գաղափարական «մշակման» ենթարկող տեղեկատվական եւ քաղաքական հաղորդումների կասեցման հարցը դրվում է Արեւելյան գործընկերության եւ Եվրամիության մի շարք երկրներում։

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը համարում է, որ ռուսաստանյան այսօրինակ քարոզչության տարածումը Հայաստանի Հանրապետության տարածքում ապօրինի է, քանի որ հակասում է ՀՀ Սահմադրությանը (հոդված 14.1), օրենքներին (մասնավորապես՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հոդված 24-ի բ, դ, ե, է կետերին), ինչպես նաեւ միջազգային մի շարք կոնվենցիաների, որոնց միացել է Հայաստանը, և որոնցով արգելվում է այլատյացության և ազգամիջյան թշնամության տարածումը: Այն մեծ վնաս է հասցնում մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը, այլ պետությունների հետ բարեկամական հարաբերություններին, ապակայունացնում է հասարակական կյանքը: Փաստորեն, զբաղեցնելով հանրային սահմանափակ ռեսուրս հանդիսացող ռադիոհաճախականությունները «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքները գործում են Հայաստանի ազգային շահերին հակառակ:

Նույնանման դրսեւորումներ կան նաեւ մալուխային եւ այլ հիմունքներով Հայաստանում վերահեռարձակվող այնպիսի հեռուստաալիքներում, ինչպիսիք են «Россия-24»-ը, НТВ-ն, ТВЦ-ն եւ այլն, ինչն է՛լ ավելի է խորացնում ՀՀ քաղաքացիներին հասցվող տեղեկատվական եւ բարոյական վնասը:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ՀՀ իշխանությունից պահանջում է.

  • դիտարկել ռուսաստանյան «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների գործունեության օրինականությունը՝ ելնելով միջպետական համապատասխան պայմանագրերից,
  • վերանայել այդ պայմանագրերը եւ, այլատյացության եւ ազգային հիմքով ատելության քարոզչությունը չդադարեցնելու դեպքում, կասեցնել ազգային հեռարձակման ցանցով նշված երկու հեռուստաալիքների տարածումը եւ ազատված հաճախականությունները հանել լիցենզավորման մրցույթի:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմ (ՀԱՊ)