ՊԲ-ն Բերձորի ուղղությամբ երեք թևերով անցել է գրոհի. հակառակորդն ունի զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումը, Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել են գրոհի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի ազատամարտիկների միության Բերձորի բաժանմունքի ղեկավար Հարություն Ավանեսյանը՝ նշելով, որ հակառակորդն ունի զինտեխնիկայի ու մարդուժի մեծ կորուստներ:

««ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։ Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։ Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Սպասեք հաղթական լուրերի։ Թուրքը Բերձոր ոտք չի դնելու: Հաղթում ենք»,- գրել է Ավանեսյանը:

Արցախի ՊԲ հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ: