Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Հայաստանին հավելյալ 3 մլն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է հավելյալ 3 մլն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին, որը թույլ կտա ապահովել կարևոր աջակցություն Լեռնային Ղարաբաղի տարածքում և նրա շուրջ հակամարտության հետևանքով առավել տուժած քաղաքացիական բնակչությանը։ Այդ մասին տեղեկացնում են Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան գրասենյակից։

Ըստ աղբյուրի, ֆինանսավորումն իրականացվում է ի լրումն 900 հազար եվրո հատկացվելիք աջակցության, որը հայտարարվել էր հոկտեմբերի առաջին օրերին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները։

Արտակարգ իրավիճակներին ուղղված աջակցությունը կօգնի մարդասիրական օգնության ոլորտի ԵՄ գործընկերներին մարտական գործողությունների հետևանքով տուժած անձանց էական օգնություն, այդ թվում՝ սնունդ, ձմեռային պարագաներ, առողջապահական աջակցություն, բուժսարքավորումներ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրելու գործում։