ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ԼՂ հարցում առարկայական բանակցությունների կոչ են անում

Հեղինակ MediaLab

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգընը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում ռազմական գործողությունների դադարեցումը` համաձայն Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

Դրանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում՝ հրադադարի վերաբերյալ իրենց նախկին ստանձնած պարտավորությունների ու նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Համանախագահ երկրները կարևորում են Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի և Հայաստանի հետ համաձայնեցված միջոցառումների իրականացումը՝ ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար: Նրանք նաև կոչ են անում լիարժեք ու արագ հեռացնել բոլոր օտարերկրյա վարձկաններին տարածաշրջանից և հորդորում բոլոր կողմերին նպաստել դրան:

Համանախագահ երկրները հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես՝  ռազմագերիների փոխանակման և դիերի վերադարձի հետ կապված: Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տեղահանված մարդկանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանների երաշխավորման կարևորությունը, այդ թվում`վերջին ռազմական գործողությունների ընթացքում: Շեշտվում է պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում: Համանախագահ երկրները կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին լիարժեք համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ՝ այդ ոլորտներում իրենց պարտավորությունները կատարելու և մարդասիրական հասանելիությունն ապահովելու համար:

Համանախագահ երկրները դիմում են միջազգային հանրությանը, այդ թվում `ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին երկրներին` համակարգված կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մարդասիրական իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Համանախագահները նաև վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  և նրա թիմի շարունակական աշխատանքին:

Համանախագահ երկրները հորդորում են Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից` համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարելու կայուն խաղաղության վերաբերյալ: Այդ համատեքստում համանախագահ երկրները հորդորում են կողմերին տարածաշրջանում հնարավորինս շուտ ընդունել համանախագահներին և պարտավորվել առարկայական բանակցություններ վարել բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար`ըստ համաձայնեցված ժամանակացույցի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հիշեցնում են իրենց վճռականությունը՝ վեճերը լուծելու ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման եղանակով: Նրանք կրկնում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը ՝ հօգուտ՝ հակամարտության մնացած բոլոր հիմնական առարկայական հիմնախնդիրները բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն կարգավորելու շուրջ՝ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին համահունչ: Համանախագահ երկրները շարունակում են լիովին հավատարիմ մնալ այդ նպատակին հետևելուն՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման իրենց երկարամյա ջանքերին համընթաց: