«Ընդդիմությունը պարզապես բարեբախտություն է». իշխանությունն ու ընդդիմությունը ամանորյա կենացնե՞ր են խմում

«Ընդդիմությունը պարզապես բարեբախտություն է». իշխանությունն ու ընդդիմությունը ամանորյա կենացնե՞ր են խմում
«Ընդդիմությունը պարզապես բարեբախտություն է». իշխանությունն ու ընդդիմությունը ամանորյա կենացնե՞ր են խմում

Ներքաղաքական դաշտում իշխանություն-ընդդիմություն կենացները քաղցրանում են, թեև վերլուծաբանները պնդում են, թե երկուստեք արձագանքները «բնական են ստեղծված իրավիճակում»:
Դեկտեմբերի 18-ին` ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ իր ելույթի ժամանակ, խոսելով երկրում առկա կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների մասին, նախագահ Սերժ Սարգսյանը դրական որակումներ տվեց ընդդիմությանը` այն գնահատելով որպես «բարեբախտություն»: Ընդդիմությունն իր հերթին չմոռացավ պատասխան «բաժակաճառը»:
«Առաջին խմբում մեր երկրի ու ժողովրդի բախտով անկեղծորեն մտահոգ անհատներ են, որոնք բարձրացնում են հարցեր, երբեմն՝ շատ սուր, վեր են հանում խնդիրներ, ահազանգ են հնչեցնում այնտեղ, որտեղ իշխանություններն ուշացել են»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն ասաց, որ միշտ պետք է հիշել, որ ընդդիմությունը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստությունն է, մեր զարգացման կարևորագույն խթաններից մեկը, իսկ «հանուն» գաղափարների շուրջ միավորված և լավ կազմակերպված ընդդիմությունը պարզապես բարեբախտություն է:

Ասվածին դեկտեմբերի 21-ին շտապեց արձագանքել իրեն հանրապետության միակ ընդդիմադիր ուժը համարող Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը ավելի շատ ընդդիմադիր գործչի ելույթի էր նման, քան երկրի ղեկավարի:

«Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀԱԿ-ի պայքարին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով` իշխանությունները հասկացել են, որ կանգնած են կոլապսի առաջ, և առանց որևէ փոփոխության հետևանքները շատ ավելի աղետալի կլինեն:

«Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ նման խնդիրներ կան միայն նախագահության երրորդ տարում»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Մինչդեռ փորձագետների կարծիքով` Սերժ Սարգսյանն ամենևին էլ չի պատրաստվում անցնել ընդդիմության կողմը: Նա պարզապես փորձում է լուծել իր առջև ծառացած խնդիրները:

«Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն քաղաքագետ, Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` իշխանական կուսակցության 20-ամյակին բնական է, որ պետք է փորձեին նախագծել հետագա անելիքները: Նա հավանական է համարում այն կարծիքը, թե Սերժ Սարգսյանի ելույթը նաև կապված է սպասվող ընտրությունների հետ:

«Այն մեղադրանքները, թե երկու տարի անգործությունից հետո իշխանությունը նոր է խոսում խնդիրների մասին, չեմ կիսում: Այստեղ ոչ թե անգործության, այլ հետևողականության խնդիրն է: Կարծում եմ` մեր իշխանություններին պակասում է հետևողականությունը»,- «Մեդիալաբին» ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Փորձագետը նաև տրամաբանական է համարում ընդդիմությունը պայմանական մասերի բաժանելու նախագահի փորձը: Իր ելույթում նախագահն ընդդիմությանը բաժանել է երեք մասի` առաջին մասին որակելով որպես ժողովրդի բախտով անկեղծ մտահոգվածների, երկրորդին` միայն իշխանափոխության ձգտողների, իսկ երրորդը, ըստ նրա, իրականացնում է հայ ժողովրդին վարկաբեկելու հստակ ծրագիր:

«Այստեղ սակայն մի նկատառում ունեմ: Իմ տպավորությամբ` Սերժ Սարգսյանի խոսքում հիմնականում ասվում էր անհատ ընդդիմադիրների, այլ ոչ առանձին ուժերի մասին: Մինչդեռ ՀԱԿ-ն անմիջապես փորձեց օգտվել Սերժ Սարգսյանի ելույթից` իր համար տեղ բացելով քաղաքական դաշտում»,- ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Իսկ ահա «Կովկաս» լրատվամիջոցների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի այս ելույթը ոչ այնքան կապված էր գալիք ընտրությունների, որքան քաղաքական իրավիճակը կարգավորելու ցանկության հետ:

«Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա իհարկե, այն ցանկանում է նվազագույնի հասցնել լարվածությունը հասարակության մեջ, առաջին հերթին նրա համար, որպեսզի նվազեցնի իր հանդեպ ընդդիմադիր տրամադրվածությունը: Իշխանության ներքաղաքական շատ քայլեր պայմանավորված են հենց այս խնդրով»,- «Մեդիալաբին» ասում է Հրանտ Միքայելյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա վերլուծաբանի կարծիքով, այն ուզում է ցանկալին ներկայացնել որպես իրական և ասել, որ իրենք վաղուց էին ասում այն, ինչ այժմ ասում է Սերժ Սարգսյանը:

«Այստեղ սակայն կա ևս մեկ գործոն` ճգնաժամը: Քանի որ այժմ տնտեսական աճ ապահովելու համար մեծ ջանքեր են հարկավոր, իշխանությունները ստիպված են կա´մ լրջորեն փոխել իրավիճակը, կա´մ էլ ամեն ինչի վերջը կգա: Եվ այստեղ մեծ նշանակություն ունի հասարակական կարգավորումը»,- «Մեդիալաբին» ասում է Հրանտ Միքայելյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am