Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում քննարկման ներկայացվեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Վերջինում տեղ գտած այն դրույթը, ըստ որի՝ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից մինչև 5 տարի ժամկետով, մամուլում շահարկումների տեղիք տվեց։
Ըստ տարածվող լուրերի՝ օրենքի այս փոփոխությունը հատուկ արվել է ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու համար, քանի որ «այլ տարբերակով նա երբեք չէր ընտրվի»։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Արայիկ Հարությունյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ տարածվող լուրը չի համապատասխանում իրականությանը։
«Ես հերքում եմ այդ լուրերը։ Մինչ այժմ ոչ մի նման խոսակցություն կամ քննարկում տեղի չի ունեցել», – ասաց Հարությունյանը։