Ապարանի շրջանի համայնքների բնակիչները գյուղապետերից պահանջում են հանդես չգալ վարչապետի հրաժարականի կոչով

Ապարան քաղաքի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով համայնքի ղեկավարներից իրենց անունից հանդես չգալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բնակիչներից մեկն ասաց, որ իրենք պայքարում են պետության և պետականության համար, որի հիմքերը փորձում են համայնքապետները խաթարել:

«Համայնքապետերն իրենց կարծիքն են հայտնել, ժողովրդի անունից ոչինչ չկա: Որևէ մեկին չեն հարցրել, թե արդյոք ցանկանում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից: Մենք մեր վարչապետի հետ ենք և վարչապետին էլ խորհուրդ ենք տալիս, որպեսզի մեկ քայլ հետ չգնա»,- ասաց Ապարանի բնակիչներից մեկը:
Բնակչերին մոտեցավ Շենավան համայնքի ղեկավարը և ասաց, որ իր կողմից թյուրիմացություն է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելը, որի համար զղջում է և ներողություն խնդրում:

«Մեր գյուղը միշտ եղել է Նիկոլի հետ և Նիկոլի կողքին, որտեղ ժողովուրդը, այնտեղ ես»,- ընդգծեց Շենավան համայնքի ղեկավարը:

Մի քանի մարզերի համայնքների ղեկավարներ վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես եկել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո: