Մեզ համար պատերազմը չի ավարտվել. Բուժծառայության գնդապետը մանրամասնում է զինվորների բուժման գործընթացը

Հայաստանի բուժհաստատություններում պատերազմի հետևանքվով վիրավորված զինվորների բուժման գործընթացում դրական դինամիկա է նկատվում: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Վահան Գևորգյանը նշեց, որ հանրապետության բուժհաստատությունները դեռ ծանրաբեռնված են, մանավանդ զինվորական հոսպիտալը, բայց, ընդհանուր առմամբ, դրական միտում է նկատվում: 

«Ապաքինումներ, դուրս գրումներ, մեծ մասը վերականգնողական փուլում է: Ունենք դեպքեր, երբ արդեն զինվորները վերադառնում են ծառայության: Ասեմ, որ դրանք եզակի դեպքեր չեն, աշխատանքները սովորական ընթացքով առաջ են գնում: Ովքեր առողջանում են, իսկ նրանք փոքր թիվ չեն, վերադառնում են ծառայության»,-ասաց Վահան Գևորգյանը: 

Զինվորական հոսպիտալը շարունակում է գերծանրաբեռնված աշխատել, որովհետև այստեղ բազմապրոֆիլ բուժում է իրականացվում, բոլոր զինծառայողները փորձաքննվում են հոսպիտալում: Իրենց հետագա վերականգնողական բուժման, ինչպես նաև ծառայության պիտանելիության խնդիրները վերջնական լուծվում են այդտեղ:

Վահան Գևորգյանը վստահեցրեց՝ մասնագիտական խնդիր չունեն, ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, սարքավորումներով: Բոլոր հնարավոր պայմանները ստեղծված են զինվորների բուժումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

«Մեր զինվորները ոչ մի բանի կարիք չունեն, բոլոր կարիքները հոգում ենք: Բուժում, վերականգնում, հաշմանդամության կարգի տրամադրում, զինհաշմանդամների պրոթեզավորում և այլն, հնարավորինս արագ և օպտիմալ ձևով աշխատում ենք: Վստահեցնում եմ՝ մասնագիտական անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում»,-ասաց Վահան Գևորգյանը:

Մանրամասները՝ այստեղ