Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Pastinfo.am-Նոր Նորք վարչական շրջանի թվով երեք մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած թռչնամիս մատակարարելու դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Փաստինֆոն» տեղեկացավ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ օգոստոսի 11-ին Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակել է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս: Ավելին` քիմիական մշակման ենթարկված թռչնամիսն առաքվել է նաեւ Նոր Նորքի 101, 116 և 118 մանկապարտեզներին:

Սննդի անվտանգության պետական ծառայությունը շտապեց հայտարարել, որ անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանն օրենքով նման գործունեություն իրականացնելու իրավունք չի ունեցել, քանի որ չի ունեցել համապատասխան գրանցում:

«Սննդի մատակարար, արտադրող, իրացնող կամ սպասարկման օբյեկտ հանդիսացող կազմակերպությունը ՍԱ մասին օրենքով պետք է գրանցված լինի Սննդի անվտանգության պետական ծառայությունում, որպեսզի համարվի օրինական դաշտում գործող ընկերություն»,- «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր Արմինե Սուքիասյանը:

Իսկ Երեւանի քաղաքապետարանն էլ հայտարարեց, թե ապրանքն անմիջապես կապարակնքվել է սառցախցերում եւ որ այն որեւէ մանկապարտեզում չի օգտագործվել` չմոռանալով նշել, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել՝ նշված մատակարարի հետ պայմանագրի լուծարման, պայմանագրով նախատեսված պատժամիջոցների կիրառման, ինչպես նաեւ՝ վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (սեւ ցուցակ) ներառելու ուղղությամբ:

Իսկ թե ինչպես է ստացվել, որ մատակարարելու իրավասություն չունեցող ձեռներեցը ոչ միայն մասնակցել է, այլ նաեւ՝ հաղթել մրցույթում, քաղաքապետարանը համեստորեն լռում է` թերեւս ասելիքի բացակայության պաճառով, թեեւ թվում էր, որ պետք է շտապեին հայտարարել ծառայողական քննություն նշանակելու, մրցույթի կազմակերպման համար պատասխանատու անձին իր լիազորությունները կատարելուց գոնե ժամանակավորապես կասեցնելու մասին:

Քննչական կոմիետից տեղեկացանք, որ սույն անհատ ձեռներեցը 2014թ. հուլիսին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Մանկապարտեզներին հավի միս մատակարարելու» մրցույթին և ճանաչվել հաղթող, իսկ քիմիական մշակման ենթարկված հավը Նոր–Նորք վարչական շրջանի թիվ 101,116 և 118 մանկապարտեզներին մատակարարվել է օգոստոսի 11-ին:

Հետաքրքիր է` Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած բոլոր մրցույթներու՞մ են հաղթում նման ծառայություն մատուցելու իրավասություն չունեցող ընկերությունները:

«Փաստինֆո»