ՀՀ ՀՔԾ-ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին չի տրամադրում Հայկ Մովսիսյանի գործով բոլոր նյութերը

ՀՀ ՀՔԾ-ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին չի տրամադրում Հայկ Մովսիսյանի գործով բոլոր նյութերը
ՀՀ ՀՔԾ-ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին չի տրամադրում Հայկ Մովսիսյանի գործով բոլոր նյութերը

2014 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Մ. Պետրոսյանի, շարունակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկվել հիշյալ դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հարց: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր կարճված քրեական գործի բոլոր նյութերը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստանալու նպատակով:

Դատական նիստին ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ. Բադալյանը և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Ա. Բաբայանը կրկին չէին ներկայացել: Վերջինս գրությամբ դատարանին հայտնել էր, որ առարկում է վերաքննիչ բողոքի դեմ, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին, ուստի խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի: Բացի այդ, Ա. Բաբայանը դատարան էր ներկայացրել կարճված քրեական գործի այն նյութերը, որոնք արդեն իսկ ներկայացվել էին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նախագահող դատավոր Մ. Պետրոսյանը հայտնեց, որ դրանք վերադարձվել են վարույթն իրականացնող մարմնին:

Բողոքաբեր Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Ա. Զալյանը չառարկեց նիստը վարույթն իրականացնող մարմնի և դատախազության ներկայացուցիչների բացակայությամբ անցկացնելու դեմ, և դատարանը, հաշվի առնելով այդ հանգամանքը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջներով, անցավ բողոքի քննությանը: Դատարանը հրապարակեց ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի ներածական և եզրափակիչ մասերը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի եզրափակիչ մասը: Բողոքաբերի ներկայացուցիչը հակիրճ ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմնավորումները, այն հիմնական կետերը, որոնք կարող էին կարևոր նշանակություն ունենալ ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մահվան հանգամանքների բացահայտման համար, սակայն քննության առարկա չէին դարձել վարույթն իրականացնող մարմնի և դատարանի կողմից:

Նախագահող դատավոր Մ. Պետրոսյանը հայտնեց, որ կրկին դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կարճված քրեական գործի ամբողջական նյութերը ստանալու խնդրանքով, այդ պատճառով անհրաժեշտ համարեց հետաձգել դատական նիստը: Բողոքաբեր Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Զալյանի և Ա. Սաքունցի բողոքի քննությունը կշարունակվի 2014 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ